Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղի բլիթ ուտելն էլ մի բան չի… »

Նոյեմբեր 10,2011 16:04

«Տիգրանին գիտեի առաջին կուրսից` մեկ-երկու անգամ հանդիպել էինք. Մենք նույն բուհ-ի տարբեր ֆակուլտետներում էինք սովորում, բայց միևնույն ուսանողական կառույցի անդամներ էինք»,- «Առավոտ երիտասարդականին» պատմում է 19-ամյա Մարին: «Հենց առաջին անգամ, երբ նրան տեսա ամբիոնի մոտ` նիստերի դահլիճում, մի տեսակ անհանգստություն զգացի, ուշադրությունս լարեցի` փորձելով «որսալ» նրա արտաբերած յուրաքանչյուր բառը, հնչյունը: Հետո սկսվեց ամառային արձակուրդը, նրանից ոչ մի «հետք» չկար հիշողությանս մեջ: Բայց սեպտեմբերին կրկին հանդիպեցինք համալսարանական շրջապատում, բայց ոչ համալսարանում` իմ ֆակուլտետի ուսանողադասախոսական կազմով Դիլիջան էինք գնացել, Տիգրանը և մեր երկու ընդհանուր ընկերներ հյուրընկալվել էին մեզ: Այնտեղ առանձնապես ջերմ շփում չեղավ, սակայն էքսկուրսիայից հետո սկսվեց ջերմ շփում համացանցում. գրեթե ամեն օր գրում էինք միմյանց, ամեն ինչ լավ–ընկերական էր: Հետո սկսվեցին նաև ռեալ հանդիպումները տարբեր միջոցառումների շրջանակներում, երբեմն էլ` հենց այնպես: Ինձ միշտ տեղեկացնում էր ցանկացած միջոցառման մասին և երբ իմանում էր, որ ես էլ եմ ներկա լինելու, առանձնահատուկ ոգևորություն էր նկատվում խոսքում: Հաճախ հենց ինքն էր հրավիում այս կամ այն նախաձեռնությանը մասնակցելու: Իրական ու համացանցային հաճախակի շփումներն ավելի մտերմացրին մեզ»,- պատմում է Մարին :  Մի օր էլ նա հասկացավ, որ սոցիալական ցանցերից օգտվում է միայն Տիգրանի  հետ խոսելու համար, իսկ հանդիպումների ժամանակ մի տեսակ շփոթվում և լարվում էր: «Չէի հասկանում, թե ինչ է ինձ հետ կատարվում, կարծում էի, թե ամեն ինչ ուղղակի ջերմ–ընկերական է, բայց նրա` չափից շատ ուշադրությունը… Մի օր էլ զգացի, որ մենակ եմ ու չկա մեկը, ով կարող է ինձ օգնել: Այդ մեկը դարձավ հենց Տիգրանը: Շա՜տ էր օգնում ինձ իր խորհուրդներով, հորդորներով. նրա շնորհիվ կարողացա ձերբազատվել վատ մտքերից ու դարձյալ սկսեցի ապրել իմ սովորական կյանքով: Բայց արդեն կար արտասովոր մի բան. ես սիրահարվել էի»,- ժպտում է Մարին : Նա խոստովանուևմ է, որ Տիգրանը շատ է տարբերվում իր հասկակակից մյուս տղաներից թե´ իր ընկերասիրությամբ, թե´ օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությամբ, թե´ խելացիությամբասում է` նրա  հետ կարելի է ժամերով խոսել և չձանձրանալ: Մարին պատմեց նաև, որ իր զգացմունքների մասին Տիգրանին ասել չհամարձակվեց` չնայած, որ շատ լավ ընկերներ էին (վախենում էր, որ ոչինչ չի ստացվի, դեռ մի բան էլ ավելին` կկորցնի լավագույն ընկերոջը), բայց ընկերուհիներից մեկ-երկուսին ասել էր (դա իր ամենամեծ սխալն էր): Մի օր էլ որոշեց, որ անպայման պիտի աղի բլիթ ուտի: «Մոտենում էր սբ. Սարգսի տոնը: Ես երբեք չեմ հետաքրքրվել այդ տոնին հատուկ ծիսակարգերով ու ժողովրդական սովորույթներով, բայց այս տարի անընդհատ ասում էի, որ պետք է անպայման աղի բլիթ: Երբեք չեմ հավատացել նման բաների, բայց հանկարծ… Փետրվարի 18-ն էր, ինքս ինձ համար պատրաստեցի բլիթներ, կերա ու գնացի իմ «ասպետին» տեսնելու: Գիշերվա մի ժամի արթնացա` ինքնագոհ ժպիտը դեմքիս. ջուր  չառաջարկեց, բայց ժպտաց իրեն հատուկ հոգատար ժպիտով: Տիգրանն էր… Այդ օրը մի կերպ անցավ, վառվում էի ընկերուհիներիս երազս պատմելու ցանկությունից: Հաջորդ օրը համալսարանում հանդիպեցինք: Սարսռում էի` դեմքիս նրա շնչառությունը զգալով : Նրա գնալուց հետո ընկերուհիս ասաց, որ մենք ստեղծված ենք մեկս մյուսի համար, շատ գեղեցիկ զույգ ենք ու էլի նման բաներ»:  Մարին համոզված է, որ ամեն բան երբեք այդչափ չէր լրջանա, եթե չլինեին երազն ու ընկերուհու ոգևորված խոսքերը: Ինքն էլ սկսել էր հավատալ, հույսեր փայփայել, սիրել…

 


«Ես արդեն սիրում էի, սարսափելի խանդում էի: Դարձա ագրեսիվ ու կոպիտ, անընդհատ վիճում էի հետը, երբեմն նաև վիրավորում: Ու որոշեցի այլևս չշփվել հետը. խուսափում էի այն ամենից, ինչը կարող էր շփման ու հանդիպման առիթ դառնալ: Մենք օտարացանք»:

«Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում Մարին ասաց, որ որոշ ժամանակ անց զղջացել էր Տիգրանին իրենից վանելու համար, փորձել էր վերականգնել նախկին ընկերական հարաբերությունները, բայց ապարդյուն. «Տիգրանն էլ առաջվանը չէր, սառն էր, անտարբեր: Բայց, միևնույնն է, ամեն ինչի պատրաստ էի, միայն թե ետ բերեի լավ ընկերոջս: Մի օր էլ, երբ թվում էր, թե ամեն ինչ տեղն է ընկնում, իմացա, որ բանակ են տանելու… Չգիտեմ` երբ է գնացել. գնաց առանց հրաժեշտի, շատ անսպասելի: Բայց անհայտ հեռավորությունը, ոչինչ չի փոխել, ամեն ինչ նույնն է, միայն թե ես արդեն հասկացել եմ` աղի բլիթ ուտելը մի բան չէ…»:

Հռիփսիմե Գալաստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930