ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը որոշել է մայիսի 16-ին նշել երիտասարդության տոնը եւ ոչ թե նոյեմբերի 10-ին, երբ տարիներ առաջ այդ օրը կայացել է Երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի գիտաժողովը՝ նվիրված ֆաշիզմի դեմ պայքարին:
Այսօր երիտասարդների միջազգային օրը չէ: Այդ մասին լրագրողներին «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: «Իրական երիտասարդության օրը, ես խնդրում եմ ֆիքսենք եւ վերջացնենք, օգոստոսի 12-ն է: ՄԱԿ-ի կողմից 1999թ. հռչակվել է օգոստոսի 12-ը, եւ դա տոնվում է բոլոր երկրներում»,- ասաց Արսեն Քարամյանը: Իսկ այսօրվա շփոթությունը կապում է 1945թ. նոյեմբերի 10-ին Լոնդոնում Երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի գիտաժողովի հետ, որը նվիրված էր ֆաշիզմի դեմ պայքարին: Ըստ պարոն Քարամյանի, այդ ֆեդերացիան ՄԱԿ-ի կողմից ոչ պետական է ճանաչվել, հիմա էլ ակտիվ գործունեություն չի իրականացնում: Նա նշում է, որ արդեն տարբեր առաջարկներ են ստանում հայ երիտասարդի տոնի օրվա նշանակման համար: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն առաջարկել է օգոստոսի 12-ը դարձնել պետական տոն, կա նաեւ առաջարկ՝ մայիսի 7-ին նշել երիտասարդության տոնը: «Երկու մասով էլ, ես ձեզ ասեմ, որ մեր նախարարության կարծիքը լինելու է բացասական,- ասում է փոխնախարարը,- Ես ավելի շատ կցանկանայի հայ երիտասարդության տոնը կապել գիտելիքի հետ, մասնավորապես՝ մեր նախարարության կողմից առաջարկելու ենք՝ մայիսի 16-ը նախանշել որպես երիտասարդության օր՝ ելնելով այն ելակետից, որ 1919թ. մայիսի 16-ին Հայաստանի առաջին Հանրապետության կառավարությունը, որ գտնվում էր շատ ծանր աշխարհաքաղաքական վիճակում, իր մեջ ուժ գտավ եւ ստեղծեց պետական համալսարան»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ