Ալավերդու ներքաղաքային երթուղիների` ավտոբուսների վճարը 70 դրամից դարձել է 100 դրամ՝ թանկացել մոտ 50 տոկոսով: Վարորդները պնդում են, որ ուղեւորները անտարբերությամբ են արձագանքել թանկացմանը: Բայց ամեն օր երթուղիներից օգտվող ուղեւորների համար օրական 200 դրամը զգալի է, նրանք չեն բողոքում, քանի որ վստահ են, որ իրենց ձայնը տեղ չի հասնելու: «Ինչ ուզում, անում են»,- ասում են ալավերդցիներն ու նաեւ նկատում, որ եթե այդպես շարունակվի, բնակչության մեծ մասը կհիշի անկախացման առաջին տարիները` երբ ալավերդցիները ոտքով էին շրջում:
Ալավերդի քաղաքում ուղեւորափոխադրումներ իրականացնելու մրցույթում շահած «Քարափ-Տրանս» ընկերությունը 11 տրանսպորտային միջոց ունի, որից 4-ը՝ ավտոբուս, 2 «Գազել» և 1 «Ֆորդ», մնացածը սովետական շրջանից ժառանգություն ստացած, ավելի քան մեկ քառորդ դար օգտագործված «Ռաֆ» մակնիշի մեքենաներն են: Այս ռեսուրսով Ալավերդիում գործում է երեք երթուղի: Ընկերության տնօրեն Կամո Բաբայանն ասում է, որ թանկացումը դեռեւս 2 ամիս առաջ էր սպասվում, բայց սպասել են սեպտեմբերին, մտածելով, որ դպրոցականների ու ուսանողների երթեւեկը զգալի աշխուժություն կբերի, ծախսերը կարդարացվեն:
70 դրամ ուղեվարձը 100 դրամ դարձնելու հիմնական հիմնավորում-արդարացումը, ըստ տնօրենի, դիզվառելիքի թանկացումն է. 2005 թվականին, երբ սահմանվեց 70 դրամ սակագինը՝ վառելիքը 4000 դրամ էր, հիմա՝ 9000 դրամ: Մեծ խնդիր է պահեստամասեր ձեռք բերելու հարցը, մեքենաների պահեստամասերը Հայաստանում չեն արտադրվում, ներմուծվում են: «Օր օրի են գները փոխվում, մի ամիս չկա, պահեստամասի համար 1000 դրամ եմ տվել, 2 օր առաջ 1500 էր, ծախողն էլ մեղք չունի, նա էլ է ուզում փող աշխատի, որ իր ընտանիքը պահի»,- նկատում է Կամո Բաբայանը: Այլ հոգս է հին մեքենաների նորոգումը. «Դրանք արտադրությունից դուրս են եկել, և մի մասի համար այնքան ես տեղից-տեղ գնում, որ ծախսդ կրկնապատկվում է»: «Քարափ-Տրանսը» մտադիր է վարկ վերցնել ու նոր մեքենաներ գնել, դրանց պահեստամասերը գտնելը դյուրին է:
Կամո Բաբայանի կարծիքով, Ալավերդու նման փոքր քաղաքի համար, որտեղ 16 հազար մարդ է ապրում՝ տրանսպորտի թանկացումն անխուսափելի է. «10 հազար մարդու հաշվարկով, ամեն տանը 5 մարդ պետք է ապրի, օգտվի տրանսպորտից, որ ծախսերն արդարացվեն, իսկ մեծ քաղաքներում, տնից 1 հոգին էլ բավական է»:
Կարդացեք նաև
Նրան զարմացնում է, որ ժողովուրդը բողոքում է թանկացումից, բայց օգտվում է մեկ կմ-ի դիմաց 100 դրամ ուզող տաքսիներից. «Քաղաքում ավելի շատ են անհատ տաքսիները, որոնք լուրջ մրցակից են»: Կամո Բաբայանը վստահ է, որ եթե անգամ հանրային տրանսպորտի գինը 30 դրամ լինի, ալավերդցիները էլի պիտի դժգոհեն:
Նելլի ԴԱՎԹՅԱՆ
Հ.Գ. Ծախսերի առատության, ուղեվարձի թանկության պատճառով Ալավերդու հարեւան Ախթալայում հանրային տրանսպորտ չկա: Եղել է՝ նստող չի եղել ու հիմա չկա: