Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերին Լարսը» բացվե՞լ է, թե՞ չի բացվել

Նոյեմբեր 10,2011 15:29


 Նոյեմբերի 8-ից ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի հյուսիսօսական հատվածի գործունեությունը մինչեւ մարտի 1-ը մասամբ դադարեցնելու պատճառով՝ հայաստանյան բեռնափոխադրող ընկերություններն արդեն իսկ ֆինանսական վնասներ են կրում: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այս մասին վստահեցրին մի քանի բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներ:
Բեռնափոխադրող «Ջի Էմ Ջի» ընկերությունից հայտնեցին, որ «Վերին Լարս» անցակետից օգտվելու հարցում դրված սահմանափակումներն իրենց տույժ ու տուգանքների տակ է գցելու. «Պատվիրատուների հանդեպ ստանձնած պայմանագրային պարտավորություններ ունենք, ժամկետները խախտելու դեպքում ստիպված ենք լինելու տուգանքներ վճարել: Բացի այդ, պատվիրատուներն էլ իրենց հերթին պարտավորություններ ունեն այլ տնտեսվարողների նկատմամբ, եւ նրանք նույնպես ֆինանսական վնասներ են կրելու: Անցակետի չաշխատելու վերաբերյալ նամակը երեկ ենք ստացել, մինչդեռ՝ եթե նախապես զգուշացվեինք, մենք էլ մեր պատվիրատուներին կտեղեկացնեինք՝ առաջարկելով բեռնափոխադրումը նավով կատարել, ինչն ավելի թանկ արժե: Սակայն, եթե հիմի առանց նրանց հետ համաձայնեցնելու դա անենք, որպեսզի չընկնենք տույժ-տուգանքների տակ, ոչ մի երաշխիք չկա, որ պատվիրատուները մեզ կփոխհատուցեն»:
Բեռի տեղափոխման պայմանագրով նախատեսված առավելագույն ժամկետը 25 օր է: Այս ժամանակահատվածը խախտելու դեպքում, բեռնափոխադրող ընկերությունը տուգանքների կենթարկվի:
Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն իր կայքում հրապարակեց Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությունը, որը կրկին հաստատում է անցակետի սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը: Չնայած դրան, գրեթե նույն ժամին վրացական «Կավկազսկի ուզել» լրատվամիջոցը հղում անելով Վրաստանի կառավարությանը՝ հայտնել է, որ հանվել են «Վերին Լարս» անցակետից օգտվելու հարցում դրված սահմանափակումները բոլոր տեսակի տրանսպորտի միջոցների համար:
Լուսինե Բուդաղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930