ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ վեցերորդ
ԻՍԿԱԿԱՆ ԳՐՈՂԸ
Եվ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Սիրավին ասաց՝ «էդ պատմությունն Արմենչոն ծայրեծայր հնարել ա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե Արմենչոն էդ տեսակ պատմություն կարա հնարի, ուրեմն՝ ինքը կարա քեզնից ու Սարոյանից ուժեղ արձակ գրի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դեմ չեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ինչքան ուժեղ ես փչում, էնքան ուժեղ արձակ ա ստացվում», եւ Սիրավը ժպտալով ինձ հարցրեց՝ «ինչի՞ արձակ չես գրում, այ Արմեն», եւ ես ժպտալով ասացի՝ «մի քանի հատ պատմվածք գրել եմ» եւ ժպտալով ավելացրի՝ «դրանցից մեկը Հրանտը շատ ա գովել», եւ Սիրավը ժպտալով ասաց՝ «գովել ա, բայց չի հիշում», եւ ես ժպտալով ասացի՝ «ինքը նույնիսկ Սարոյանի էդ պատմությունը չի հիշում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կամաց-կամաց սկսում եմ հիշել», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ես սկսում հիշել», եւ Հրանտը մեղավոր ժպտալով ասաց՝ «էս նկարի նվիրատվության պատմությունը», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «այսինքն, Սարոյանն ա՞ էս նկարը քեզ նվիրել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «շատ հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր ա», եւ Վերժինեն նեղսրտելով ասաց՝ «ես էլ գիտեմ՝ Սեյրանն ա նվիրել» եւ մի քիչ մտածեց ու դժգոհ ավելացրեց՝ «ամեն անգամ փողոցում որ տեսնում եմ, ջիգյարով բարեւում եմ», եւ Սիրավը ժպտալով ասաց՝ «էդ մեկն արդեն հնարավոր բան չի, Վերժուկ» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «դու նույնիսկ ինձ չես ջիգյարով բարեւում», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ժպտալով Սիրավին ասաց՝ «որ էկող շաբաթ ինձ ու Կատյային հետներդ Ահնիձոր տանեք, քեզ էլ ջիգյարով կբարեւեմ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Վերժինեին ասաց՝ «դու կմնաս, գրազիդ հարցերով կզբաղվես» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «վայ թե՝ էդ գրազը կրվեցիր, Վերժուկ», եւ Վերժինեն թարս նայեց Հրանտին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «քո պատճառով», եւ Հրանտը զարմացած ասաց՝ «ինչի՞ իմ պատճառով», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սարոյանի պես մարդը քեզ նկար ա նվիրել, բայց էսքան վախտ էդ մասին բան չես ասել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «պիտի հիշեի, որ ասեի», եւ Վերժինեն զարմացած նայեց Հրանտին ու ասաց՝ «էդ տեսակ բանը մոռանա՞լ կըլնի, տնաշեն», եւ Հրանտը մեղավոր ժպտալով ասաց՝ «փաստորեն, էղել ա», եւ Վերժինեն բավական երկար մտածեց ու ասաց՝ «ինձ թվում ա՝ ոչ մի բան էլ չի էղել», եւ Հրանտը հարցրեց՝ «այսինքն», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «այսինքն, էս ամբողջ պատմությունը հնարեցիք, որ էդ գրազը շահեք» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ թարս նայելով ավելացրեց՝ «չեք էլ ամաչում» եւ մի քիչ էլ մտածեց ու արհամարհանքով ինձ ասաց՝ «ամեն օր մեր տանը որ վիսկի ես խմում, կարող ա՞ գրազով ես խմում», եւ ես շիվարած ասացի՝ «վերջին անգամ նոր տարուն եմ ձեր տանն էղել», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն անգամ մեր վիսկիի քոքը տալիս ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Հրանտի հետ միասին», եւ Հրանտը ժպտալով Վերժինեին ասաց՝ «ուրիշ ժամանակ ասում ես, որ Արմենը մեր տոլմայի քոքն ա տալիս», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ո՞ր տոլմայի», եւ Հրանտը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «խաղողի թփով», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու կարմրելով գոռաց՝ «էս որոշել եք վրաս շառեր անե՞ք», եւ Հրանտը ժպտալով Վերժինեին ասաց՝ «դու ես ասում, որ Արմենը խաղողի թփով տոլմա շատ ա սիրում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ՝ քո էփածը», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «Արմենն ինքն ա հազար անգամ ասել, որ իմ էփած տոլման շատ ա հավանում», եւ Հրանտը փռթկացնելով ասաց՝ «մանավանդ՝ խաղողի թփովը», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «իսկապես՝ Վերժինեի էփած տոլման շատ եմ հավանում», եւ Հրանտը փռթկացրեց՝ «մանավանդ՝ խաղողի թփովը», եւ ես ժպտալով կրկնեցի՝ «մանավանդ՝ խաղողի թփովը», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «դրա համար էլ ամեն անգամ մեր թփով տոլմայի քոքը տալիս ես», եւ ես շիվարած ասացի՝ «նոր տարուն իսկապես ձեր թփով տոլմայի քոքը տվի», եւ Հրանտը ժպտալով ավելացրեց՝ «վիսկին չհաշված», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «փաստորեն, դու ես Արմենի կերածն ու խմածը հաշվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու հաշվում ես՝ գցում ես իմ վրա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց Արմենն էս գալիք վիսկին հալալ քրտինքով վաստակեց», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ո՞ր գալիք վիսկին», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «էս՝ որ գրազով շահեց», եւ Վերժինեն հարցրեց՝ «ումի՞ց ա գրազով շահել», եւ Հրանտը ժպտալով կնոջն ասաց՝ «պիտի ընդունես, որ գրազը տանուլ ես տվել, Վերժուկ», եւ Վերժինեն ասաց՝ «ոչ մի գրազ էլ տանուլ չեմ տվել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը չի ապացուցել, որ էս նկարը Սեյրանը չի քեզ նվիրել», եւ Սիրավը միջամտելով ասաց՝ «Արմենը ոչ միայն ապացուցել ա, որ էս նկարը Սեյրանը չի Հրանտոյին նվիրել, այլեւ ապացուցել ա, որ Սարոյանն ա նվիրել», եւ Վերժինեն թարս նայեց Սիրավին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «ի՛նձ պիտի ապացուցի, ոչ թե՝ ձեզ», եւ Սիրավը խղճահարությամբ նայեց ինձ ու ասաց՝ «խեղճ տղեն դրանից լավ ո՞նց ապացուցի», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «Արմենն էդ պատմությունն էնքան պատկերավոր պատմեց, որ պատկեր առ պատկեր հիշեցի», եւ Վերժինեն թարս նայեց Հրանտին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «զարմանալին ոչ թե հիշելդ ա, այլ՝ չհիշելդ», եւ Հրանտը մտքում հաշվելով ասաց՝ «տասնչորս տարի ա անցել», եւ Սիրավն ասաց՝ «էս ընթացքում ահագին դեպքեր են տեղի ունեցել», եւ Վերժինեն հարցրեց՝ «ի՞նչ դեպքեր», եւ Սիրավը բավական երկար մտածեց ու ասաց՝ «անկախացել ենք», եւ Վերժինեն Սիրավին հարցրեց՝ «բա Արմենը ո՞նց ա հիշում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Արմենը կհիշի. իրա ուղեղը մերինից ահագին ջահել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «էդքան տոլմա ո՞վ ուտի, որ չհիշի», եւ Հրանտը փռթկացնելով ավելացրեց՝ «խաղողի թփով» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «Արմենն էդ պատմությունը ո՞նց կմոռանա, եթե ծայրեծայր ինքն ա բստրել», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու վրդովված ասաց՝ «չեմ հասկանում՝ ինձ ե՞ք ձեռ առնում, թե՝ Արմենին», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «երկուսիդ համահավասար», եւ Սիրավը ժպտալով ավելացրեց՝ «կողմնապաշտություն չենք անում, Վերժուկ ջան», եւ Վերժինեն թարս նայեց Հրանտին ու վրդովված ասաց՝ «մի քիչ առաջ ասում էիր, որ Սարոյանի էդ պատմությունը հիշում ես, հիմի էլ ասում ես, որ Արմենն ա էդ պատմությունը բստրել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ հիմի շատ ավելի կարեւոր բան հիշեցի», եւ Վերժինեն հարցրեց՝ «ի՞նչ հիշեցիր», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հանկարծ հիշեցի, որ կնիկս էդ թեմայով գրազ ա էկել» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «հանկարծ հասկացա, որ էդ պատմությունն ազնվորեն հիշելս մեր ընտանեկան բյուջեին ահագին վնաս ա», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ինչո՞վ ա վնաս», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ վիսկին, փաստորեն, մեր ընտանեկան բյուջեից ա դուրս հանվում», եւ Վերժինեն հարցրեց՝ «ո՞ր վիսկին», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որ գրազով Արմենին կրվեցիր», եւ Վերժինեն վրդովված ասաց՝ «ես Արմենին ոչ մի գրազ չեմ կրվել», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «ամուսնուդ հիշողության կորստի շնորհիվ», եւ Սիրավը ժպտալով Հրանտին ասաց՝ «բայց մի մոմենտ հիշողությունդ ոնց որ վերականգնվեց», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Սիրավին ասաց՝ «հենց հասկացա, որ ընտանյոք Արմենին գրազ ենք կրվում, մեկից էլի հիշողությունս մթագնեց», եւ Վերժինեն վրդովված ասաց՝ «ես Արմենին ոչ մի գրազ չեմ կրվել», եւ ես ժպտալով Վերժինեին ասացի՝ «ոչ էլ կրել ես», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բան չունեմ ասելու», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, քվիտ ենք», եւ Սիրավը ժպտալով ասաց՝ «ես չգիտեի, որ Արմենն էսքան շուստրի ա», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչո՞վ եմ շուստրի», եւ Սիրավը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «մեկից սաղ կերածդ տոլմեքն ու խմածդ վիսկիները քվիտ արիր» եւ մի քիչ մտածեց ու պատից կախված իր բնանկարը ցույց տալով ասաց՝ «ես էս գյոզալական նկարը Վերժուկին եմ նվիրել, բայց էլի իրան պարտք եմ», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ես պարտք», եւ Սիրավը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մի հատ Ահնիձոր», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ժպտալով Սիրավին ասաց՝ «էդ պարտքդ էկող շաբաթ հեշտուհանգիստ կարաս փակես», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «Սիրավն էլ պակաս շուստրի չի», եւ Սիրավը զարմացած հարցրեց՝ «ե՞ս ինչով եմ շուստրի», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «եթե Արմենը Վերժուկի տոլմեքն ընդամենը մի քանի տարի ա ըմբոշխնել, դու արդեն քսանհինգ տարի կըլնի՝ խժռում ես», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով Հրանտին ասաց՝ «մենք մեղավոր չենք, որ քո կնիկը մեր կնանիքից լավ ա տոլմա էփում», եւ ես ժպտալով ասացի՝ «մանավանդ՝ խաղողի թփով», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու մեզ ասաց՝ «իզուր եք արդարանում. ես, ի տարբերություն Հրանտի, ձեր կերածները չեմ հաշվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ոչ էլ խմածներդ եմ հաշվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հալալ լինի» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «ես մենակ էն մարդկանց առաջ եմ սեղան դնում, ում շատ թե քիչ հարգում եմ», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով Վերժինեին հարցրեց՝ «հիմի ինձ ու Արմենին շատ ե՞ս հարգում, թե՝ քիչ», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «Վերժուկը նույնիսկ իր կողակցին շատ չի հարգում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գիտեմ», եւ Վերժինեն զարմացած նայեց Սիրավին ու հարցրեց՝ «ի՞նչը գիտես», եւ Սիրավը ժպտալով ասաց՝ «գիտեմ, որ կողակցիդ չես հարգում», եւ մինչ Վերժինեն ապշահար կնայեր Սիրավին, Սիրավը ժպտալով ասաց՝ «դու Հրանտոյին չես հարգում. դու Հրանտոյին պաշտում ես, Վերժուկ ջան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ո՞նց կարաս համ Հրանտոյին հարգես, համ՝ էլօղլիներին», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «էլօղլիներն ովքե՞ր են», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «զորօրինակ՝ Արմենչոն ու ես», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլօղլիների առաջ սեղան չեմ գցում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ էլ տանս դռներն եմ դեմները բաց անում», եւ Սիրավը ժպտալով Վերժինեին ասաց՝ «գիտեմ, որ հազարից մեկին ես թողում, որ գան՝ ըսենց Հրանտոյին գործից կտրեն», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ինչ Սովետը քանդվել ա, մի տող չի գրել», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Սովետը որ կար, Հրանտոն Սովետի դեմ էր գրում. հիմի որ Սովետը չկա, ո՞ւմ դեմ գրի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ոչ մեկի դեմ չեմ գրել», եւ Վերժինեն ասաց՝ «Սովետի քանդվելուց հետո ոչ մի բան չի գրել», եւ Հրանտը ժպտալով Վերժինեին հարցրեց՝ «հիմի դու Սովետի քանդվելո՞ւ դարդն ես, թե՝ իմ չգրելու», եւ Սիրավը Հրանտին հարցրեց՝ «չես էլ փորձո՞ւմ», եւ Վերժինեն Հրանտի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «ամեն առավոտ վեր ա կենում, ժամերով նստում ա թղթի առաջ ու մի քանի բառ գրելուց հետո սկսում ա անիմաստ շվշվացնել», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հրանտոն միշտ էլ դժվար ա գրել», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դժվար գրելն ու անիմաստ շվշվացնելը տարբեր բաներ են», եւ Հրանտն ասաց՝ «եթե սուտ բաներ գրես, շատ հեշտ կգրվի», եւ Սիրավը Հրանտին ասաց՝ «դու չես կարա սուտ բաներ գրես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սովորելու վրա ա», եւ Սիրավն ասաց՝ «դու չես կարա, Հրանտո», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Սիրավին ասաց՝ «եթե կարծում ես թե՝ դա իմ առավելությունն ա, չարաչար սխալվում ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իսկական գրողն ամեն ինչ էլ պիտի գրի» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «սուտն ու ճիշտը ո՞րն ա», եւ Սիրավն ասաց՝ «դու ինձնից լավ գիտես՝ սուտն ու ճիշտը որն ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ոչ մի բան էլ չգիտեմ», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սուտը հորինովին ու բստրածն ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Մարկեսի բստրածն ավելի ճշմարիտ ու իրական ա, քան՝ իրական կյանքը», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց Մարկեսը «Հարյուր տարվա մենությունից» բացի՝ ուրիշ գործեր էլ ունի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց ամենից ճշմարտացին ու ամենից իրականը հենց «Հարյուր տարվա մենությունն» ա», եւ Վերժինեն ժպտալով ասաց՝ «պարզվում ա՝ Սիրավն ահագին գրականություն գիտի», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «Սիրավի հետ Ահնիձոր գնալը շատ վտանգավոր ա», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ինչի՞ ա վտանգավոր», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «կարող ա ռույլի վրա գրականագիտական մտքերով տարվի՝ մեզ գլորի ձորը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Սիրավին ասաց՝ «քանի ռույլի չես, մի քանի գրականագիտական իմաստություն էլ ասա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու Հրանտին հարցրեց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ Հրանտը փռթկացնելով ասաց՝ «լրիվ լուրջ եմ ասում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես կարամ իմ բնագավառից ասեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նկարիչների մեջ էլ բստրողները քիչ չեն», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նկարիչները բոլորն են բստրող» եւ մի քիչ էլ մտածեց ու Սիրավին հարցրեց՝ «կարա՞ս մի հատ նկարիչ ասես, որ բստրող չի», եւ Սիրավն առանց երկար մտածելու պատասխանեց ու ասաց՝ «Սարյանը», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «Սարյանն ամենամեծ բստրողն ու հորինողն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Սարյանի Հայաստանն ամենամեծ սուտն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Սարյանի Հայաստանն ամենամեծ ու ամենագեղեցիկ սուտն ա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նայած թե՝ ինչ տեսանկյունից ես նայում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչ տեսանկյունից էլ նայես, իսկական արվեստը մեծ սուտն ա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «առաջ էդպես չէիր մտածում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «առաջ չէի հասկանում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հիմա որ հասկանում ես, ինչի՞ չես գրում», եւ Հրանտը հարցրեց՝ «ի՞նչ չեմ գրում», եւ Սիրավը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մեծ սուտ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կարողանում եմ՝ չե՞մ գրում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու սուտ չես կարա գրես, Հրանտո» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ցավոք սրտի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Սիրավին ասաց՝ «քեզ մոտ էլ սուտն առանձնապես չի ստացվում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես առանձնապես չեմ էլ ձգտում», եւ Հրանտը ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ն չես ձգտում», եւ Սիրավը պատասխանեց ու ասաց՝ «քո ասած էդ մեծ ստին», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սուտը սուտ ա. մեկի մոտ մեծ ա ստացվում, մյուսի մոտ՝ փոքր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեծի մոտ մեծ ա ստացվում, փոքրի մոտ՝ փոքր», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես առանձնապես չեմ ձգտում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ձգտելով կամ չձգտելով չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ցավոք սրտի» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «Արմենչոն էլ չի ձգտում, բայց լավ էլ ստացվում ա», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչն ա ստացվում», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «սուտը», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «ի՞նչ սուտ», եւ Հրանտը քմծիծաղով ասաց՝ «Սարոյանի մասին էդ պատմածդ ծայրեծայր սուտ էր», եւ ես շիվարած ասացի՝ «Սեյրանի էս նկարը Սարոյանն ա քեզ նվիրել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ հեչ կարեւոր չի», եւ Սիրավը ժպտալով ասաց՝ «Հրանտոն վայ թե ճիշտ ա ասում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Սիրավը ժպտալով ասաց՝ «բանաստեղծների մոտ սուտն ավելի շատ ա, քան՝ սովորական մարդկանց մոտ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «իրանք կոպիտ ու բռի հարբեցողներ են, բայց մի գլուխ նուրբ ու քնքուշ բաներ են գրում», եւ ես արդարանալով ասացի՝ «ես հարբեցող չեմ», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «հարբեցող չես, բայց մեր վիսկիները շատ ես չարաշահում», եւ Սիրավն ասաց՝ «Չարենցն ամենանուրբ ու ամենաքնքուշ բաներն ա գրել, բայց, ասում են, ատրճանակով կրակել ա մի հատ տասնվեց տարեկան աղջկա քամակին» եւ մի քիչ մտածեց ու Հրանտին հարցրեց՝ «ճիշտ ե՞ն ասում», եւ Հրանտը փռթկացրեց՝ «կրակած կըլնի» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով Սիրավին ասաց՝ «գրականագետը դու ես. դո՛ւ պիտի իմանաս», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես մենակ էն գիտեմ, որ պոետների մեծ մասը ներքուստ շատ նուրբ ու քնքուշ են, բայց արտաքուստ շատ բռի ու անտաշ են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, իրանք իրանց կեղծում են» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «չես կարա իմանաս՝ իրանց իսկական դեմքը որն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «պոետներից երեւի մենակ Թումանյանը սուտ բաներ չի բստրել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Սիրավին հարցրեց՝ «կարող ա՞ «Կիկոսի մահը» դու ես բստրել», եւ Սիրավը մի քիչ մտածեց, զարմացած նայեց ինձ ու շիվարած ասաց՝ «էս Հրանտոն ամեն ինչի պատասխանն ունի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բոլոր հարցերի պատասխանները ջեբը դրած են», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե «Կիկոսի մահն» անգլերեն գրված լիներ, ամբողջ աշխարհը թնդացնելու էր», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ թարգմանեն, ըսենց էլ կթնդացնի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վայ թե թարգմանել են», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա ինչի՞ չի թնդացրել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի վատ են թարգմանել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի շատ վատ են թարգմանել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հնարավոր չի «Կիկոսի մահը» թարգմանել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հնարավոր չի «Կիկոսի մահը» լավ թարգմանել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հնարավոր չի «Անուշը» լավ թարգմանել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հնարավոր չի Թումանյան լավ թարգմանել», եւ ես խոսակցությանը խառնվելով ասացի՝ «ընդհանրապես՝ բանաստեղծությունը հնարավոր չի թարգմանել» եւ մի քիչ մտածեցի ու ճշտեցի՝ «բանաստեղծությունը հնարավոր չի լավ թարգմանել» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «մանավանդ՝ լա՛վ բանաստեղծությունը», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «ինչպես միշտ՝ ճիշտ ես», եւ Սիրավը ժպտալով Հրանտին ասաց՝ «բա նոր ասում էիր՝ պոետները սուտասան են», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Սիրավին ասաց՝ «նախ՝ դու էիր էդ ասում, եւ երկրորդ՝ Արմենչոն պոետ չի», եւ Սիրավը զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ա», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «արձակագիր», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս տղեն ընդամենը մի քանի հատ պատմվածք ա գրել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դժվարն էդ մի քանի հատն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Թումանյանն էլ ա ընդամենը մի քանի հատ պատմվածք գրել», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրա համար էլ Թումանյանը բանաստեղծ ա, ոչ թե՝ արձակագիր», եւ Հրանտը ժպտալով Սիրավին ասաց՝ «աչքիդ ա էրեւում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Թումանյանը մեր ամենամեծ արձակագիրն ա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա մեր ամենամեծ պոետն ո՞վ ա», եւ Հրանտը բավական երկար մտածեց ու ասաց՝ «Թումանյանը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հուսով եմ՝ Չարենցն ինձ կների», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «ուրիշ վախտ ասում ես՝ մեր ամենամեծ պոետը Չարենցն ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի էլ եմ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեկը մյուսին չեն խանգարում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Նարեկացուն էլ չեն խանգարում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ եմ քո պես մտածում», եւ Հրանտը ժպտալով հարցրեց՝ «այսինքն», եւ Սիրավն ասաց՝ «ես էլ եմ կարծում, որ Թումանյանը համ մեր ամենամեծ պոետն ա, համ էլ՝ ամենամեծ արձակագիրը», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «միգուցե Թումանյանը մեր ամենամեծ պոետն ա, բայց՝ ո՛չ արձակագիրը», եւ Սիրավը զարմացած հարցրեց՝ «բա մեր ամենամեծ արձակագիրն ո՞վ ա», եւ Հրանտն անմիջապես պատասխանեց ու ասաց՝ «Չարենցը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեր ամենահզոր վեպը «Երկիր Նաիրին» ա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոտի վրա խոսքդ փոխում ես, Հրանտո», եւ Հրանտը հարցրեց՝ «ե՞րբ եմ խոսքս փոխել», եւ Սիրավն ասաց՝ «մի քիչ առաջ ասում էիր՝ մեր ամենամեծ արձակագիրը Թումանյանն ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հիմի էլ եմ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «մեր ամենամեծ արձակագիրը Թումանյանն ա, բայց մեր ամենահզոր վեպը «Երկիր Նաիրին» ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Սիրավին հարցրեց՝ «հասկանալի չեմ ասո՞ւմ», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի արդեն հասկացա», եւ Հրանտը հարցրեց՝ «ի՞նչ հասկացար», եւ Սիրավը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մեր ամենահզոր վեպը «Երկիր Նաիրին» ա, որովհետեւ Թումանյանը վեպ չի գրել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «մեր ոչ մի գրականագետ չէր կարող էդքան ճշգրիտ եզրակացության հանգել»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ