Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրուն աչքերով փողոցայինը

Նոյեմբեր 10,2011 13:10

Էն օրը Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում տեսա փողոցային մի տղայի: Փողոցային այսինքն փողոցում ապրող, առանց մշտական եւ կոնկրետ բնակության վայրի, էն որ ռուսները бомж են ասում: Այս բառը մտել է մեր բառապաշար, բայց իմ լեզվին ու ականջին չի նստում:

 

Դառնամ իմ փողոցայինին: Սովորական օր էր, փողոցում փողոցային տղայի, տարեցի տեսնելը, ցավոք սովորական է դարձել: Անսովորն այլ բան էր: Տղան մի 25 կլիներ, փոշոտ ու կեղտոտ շորերով էր, կեղտի մեջ կորած մազերով, չսափրված: Չգիտեմ որտեղից գտած, վերցրած կամ գուցե նվեր ստացած խնձորն էր կրծում ու «ոչ ոքդ ինձ հետաքրքիր չեք» արտահայտությունը դեմքին, քիչ խոնարհված, գլխիկոր քայլում էր: Ու երբ մի պահ բարձրացրեց գլուխը երեւացին նրա կապույտ ու շատ գեղեցիկ աչքերը: Այդ աչքերի տեղը փողոցն ու փողոցայինը չպետք է լինեին, ասացի ինքս ինձ: Հետո մտքումս բարկացա փողոցայինի վրա. տո ծույլ անբան, մի տեղ մի գործ գտնեիր, թեկուզ պահակ, ֆիզիկական ծանր աշխատանք, չնայած սիրուն աչքերդ ասում են, որ կարող էին որեւէ սուպերմարկետում հաճախորդի գնումները դասավորող, նրա տոպրակը բռնող լինել, սրճարանում՝ մատուցող եւ այլն եւ այլն:

 

Հետո ինքս իմ վրա բարկացա. տո ինչ ես փողոցային մեկի համար նեղվում, երեխա չի, աղջիկ էլ չի, որ արուական բնազդներդ առաջ ընկնեն, չափահաս մարդ է, թող փողոցում ապրի, կամուրջների տակ քնի, աղբ քջջելով սնունդ ման գա, ինքն ու իր գլուխը, դու քո խնդիրները որ լուծես՝ արդեն կարգին տղա կլինես: Հետո խորը հիասթափություն ապրեցի՝ Հայաստանում միայն սիրուն աչքերը չէ, որ իրենց արժանի տեղում չեն: Հայաստանում մարդիկ ու ամբողջ կուսակցություններ, քաղաքական ուժեր ու հասարակություն իրենց տեղում չեն: Իսկ ես նստել դարդ եմ անում մեկ զույգ գեղեցիկ աչքերի մասին: Բայց ով գիտե, միգուցե սա է ճիշտը: Հռոմեական կայսրությունը հզոր էր այնքան, քանի դեռ այնտեղ վստահ էին, որ մեկ լավ մարդու կյանքը ավելի թանկ է, քան ողջ Հռոմը: Հենց դադարեցին այսպես մտածել՝ կայսրությունը մեռավ: Միթե՞ Հայաստանում չկան լավ մարդիկ, թեկուզ տգեղ աչքերով, ում կյանքը ավելի թանկ է, քան ողջ Հայաստանը: Կան, բայց իրենց արժանի տեղում չեն, նրանց կյանքը բարձր գնահատելու կոչվածների տեղում մարդիկ են, որ իրենց տեղում չեն: Ու ստացվում է ինչպես կործանվող Հռոմում: Ոչ ոք տեղում չէ: Շատերը հանիրավի անտեսված են, քչերը՝ անվաստակ ու անարժանորեն մեծարված:

 

Տեղ եմ ուզում, չեմ ուզում փողոցում սիրուն աչքերով փողոցայիններ տեսնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930