Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերոսներիս հետ պայքարում եմ աղավաղումների դեմ»

Նոյեմբեր 10,2011 13:09

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնի ֆիլմերը քարոզում են ազգային նվագարանները, հուշարձաններն ու մեր մեծերին:

Ավանդական նվագարանները հազարամյակների պատմություն ունեն: Դա են վկայում պեղումներից հայտնաբերված բազմաբնույթ նյութերը: Ամենահինը աղմկային եւ ղողանջող գործիքներն են (բոժոժներ, չխչխկաններ, զանգակներ, ծնծղաներ եւ այլն), որոնք թվագրվում են մ.թ.ա. II-I հազարամյակներին: Հին ժամանակներից միջնադար եւ նոր ժամանակներ հայերս ունեցել ենք փողային նվագարաններ՝ մինչեւ մեր օրերը պահպանված ծիրանափող, բլուլ, պկու, պարկապզուկ, սրինգ եւ այլն, լարային գործիքներ՝ քամանչա, քանոն, քամանի, սազ, թառ, ուդ եւ այլն, հարվածային՝ նաղարա, դափ, դհոլ եւ այլն: Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի երեք ֆիլմերը՝ «Ծիրանի փող», «Քամանչա» եւ «Քանոն», հայտնի են արվեստասեր հասարակությանը: Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքերով՝ «դրանք կարծես փոքրիկ հուշարձաններ լինեն»: Նոյեմբերի 11-ին էլ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Ժողովրդական նվագարաններ» ֆիլմաշարի հերթական՝ «Պարկապզուկ» ֆիլմի շնորհանդեսը, ինչի առիթով «Առավոտը» հանդիպեց տիկին Շառոյանի հետ:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ այս ֆիլմը, ինչպես եւ նախորդներն ու հաջորդները, ոչ միայն գեղարվեստական ստեղծագործություններ են, այլեւ պայքարի միջոց՝ մեր օրերում տարածված մշակութային աղավաղումների դեմ: «Պայքարում եմ հերոսներիս՝ ժողովրդական նվագարանների հետ, որոնք երկար պատմական ընթացք են ունեցել, միեւնույն ժամանակ՝ տոկուն են եղել, ինչու չէ՝ համեստ: Ծիսապաշտական, ազգագրական տոների, ավանդական ու ընտանեկան միջոցառումների, ինչպես նաեւ ռազմական գործողությունների ժամանակ նվագարանները մշտապես անպակաս են եղել հայ մարդուց: Ֆիլմաշարով ներկայացնում եմ դրանց պատմությունը, վարպետներին, կատարողներին»,- հայտնեց տիկին Շառոյանը: Հետաքրքրությանը, թե նման նախագիծը արտերկրում կարող էր շահավետ բիզնես դառնալ, մինչդեռ նրա նախորդ ֆիլմերը մեծ արձագանք չեն ունեցել, մեր զրուցակիցն ասաց հետեւյալը. «Ֆիլմերը քանիցս ցուցադրվել են միայն «Երկիր մեդիա» TV-ով: Ինչ վերաբերում է բիզնեսին, ես ստեղծագործող եմ, այլ ոչ, ասենք, մենեջեր, ով պետք է զբաղվի այդ գործունեությամբ»:
Հիշյալ ֆիլմաշարին զուգահեռ, 2005թ.-ից Ռ. Շառոյանը իրականացնում է «Անցյալ կատարյալ» եւ «Խոսիր ինձ հետ» նկարները: Առաջինը նվիրված է հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը: «Անցյալ կատարյալ» շարքից առանձնացնելով «Ախթալա» ֆիլմը՝ մեր զրուցակիցն ասաց. «Սա ինձ համար ամենանշանակալին է, քանի որ այդ վանական համալիրը, չգիտես ինչու, ուշադրության էպիկենտրոնում չէ, ինչպես, օրինակ, Տաթեւը, Օձունը, Սանահինը եւ մյուսները: Եվ սա այն դեպքում, երբ Ախթալայում են ամենալավ պահպանված որմնանկարները»: «Խոսիր ինձ հետ» շարքն էլ նվիրված է անհատականություններին՝ իրենց ներաշխարհի հայտնի ու անհայտ էջերով: Արվեստագետների ու արվեստասերների շրջանում հատկապես մեծ արձագանք են ունեցել այս ֆիլմաշարից Հրանտ Մաթեւոսյանին, Հովհաննես Չեքիջյանին, Ջիմ Թորոսյանին, Արմեն Ջիգարխանյանին, Գալյա Նովենցին, Գրիգոր Գուրզադյանին եւ մյուս անվանիներին նվիրվածները: Փաստորեն, Ռ. Շառոյանի երեք խոշոր նախագծերը հիանալի նյութ են ոչ միայն գաղթօջախներում, այլեւ աշխարհին արժանապատիվ ներկայանալու համար, միայն թե այդ ուղղությամբ մտածող է պետք:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930