Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն դպրոցը վատ է ջեռուցվում

Նոյեմբեր 10,2011 13:06

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում մեկ շաբաթ խաթարված է եղել ուսումնական գործընթացը, քանի որ ջեռուցման  սեզոնին զրկված լինելով ջեռուցման հնարավորությունից՝
կրթօջախը ստիպված է եղել էլեկտրական սալիկներ հայթայթել:

Ամեն տարի Երեւանի քաղաքապետարանը երաժշտական մրցույթ-փառատոն է կազմակերպում, որին մասնակցում են մայրաքաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցների մի քանի հազար աշակերտներ: Այս տարի մասնագիտական ժյուրին առաջին պատվավոր տեղը շնորհեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցին, որը միշտ էլ աչքի է ընկել իր սաների բացառիկ հաջողություններով: Բայց արի ու տես, որ լավագույնը ճանաչված երաժշտական դպրոցը ամենավատն է ջեռուցվում քաղաքում:
Հիշեցնենք, որ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցն ու Երեւանի պարարվեստի պետական քոլեջը տեղակայված են նույն շենքում, որը երկու կրթօջախներից ոչ մեկի սեփականությունը չէ, եւ տնօրինվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից: Նախկինում ե՛ւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երաժշտական դպրոցը, ե՛ւ ՀՀ մշակույթի նախարարությանը պատկանող պարարվեստի քոլեջը ջեռուցվել են նույն համակարգից: Այժմ, պարարվեստի քոլեջի հիմնանորոգումից հետո, 6-7 տարի առաջ թարմացված ջեռուցման համակարգը ապամոնտաժվել է, անցկացվել նոր համակարգ, որից դուրս է թողնված երաժշտական դպրոցը: Վերջինս ստիպված է եղել 1 շաբաթ ընդհատել դասերը ու շենքի իրենց հատվածը տաքացնելու համար էլեկտրական սալիկներ տեղադրել: Ինչպես տեղեկացանք դպրոցից, սալիկներով տաքացվելու դեպքում էլ պղնձե հոսանքալարերն են տաքանում, որոնք, տնօրեն Տիգրան Հեքեքյանի մտավախությամբ, հնարավոր է՝ հրդեհի պատճառ լինեն:
Նոյեմբերի 4-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը նամակ է ստացել ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ԾԻԳ»-ի տնօրեն Ս. Բաղինյանից, որտեղ գրված է. «ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ԾԻԳ» է դիմել Երեւանի պարարվեստի քոլեջի շենքի հիմնանորոգման աշխատանքները կատարող «Արտյոմ Մինասյան» ՍՊԸ-ն՝ ջեռուցման հետ կապված խնդրով: Հայտնում եմ Ձեզ, որ նախագծով նախատեսված ջեռուցման համակարգի կանգնակները անցնում եմ Ձեր դպրոցի տարածքով: Նախագծային կազմակերպության կողմից ներկայացված նախագծանախահաշվային փաստաթղթերում նախատեսված է ապամոնտաժել հին մարտկոցները եւ կանգնակները, տեղադրել նոր կանգնակներ: Պետական ծրագրի կատարմանը չխոչընդոտելու նպատակով առաջարկում եմ աշխատանքների կատարման համար տրամադրել անհրաժեշտ տարածքները»: Ինչ վերաբերում է Սայաթ-Նովայի անվան դպրոցի տարածքներին, ապա այդ առումով այստեղ նեղվածք է. ոչ նկուղն է իրենցը, ոչ տանիքը: 1959թ., երբ ամբողջ շենքը հանձնվել է շահագործման, երկու տարի անց այն 1,5-ական հարկով կիսվել է երաժշտական դպրոցի եւ պարարվեստի քոլեջի միջեւ: Հետագայում տարածքների սահմանները վերաձեւել են, դպրոցը կորցրել է իր տնօրինած տարածքների զգալի մասը, նաեւ՝ պետական չափորոշիչներով սահմանված բացահանման ելքերը: Սա արդեն ուրիշ պատմություն է, որին կանդրադառնանք առաջիկայում: Նշենք միայն, որ դեռ 2003-ին կառավարության որոշում է եղել՝ հարցը լուծել պետական չափորոշիչների սահմաններում. այդ օրվանից բազմաթիվ պաշտոնյաներ են փոխվել, հարցն էլ մնացել է առկախ:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930