Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական բարեգործական ընթրիքը

Նոյեմբեր 10,2011 13:01

Հայաստանի մանուկների հիմնադրամում (COAF) վստահ են,  որ հարկ է կենտրոնանալ ոչ թե բարեգործական, այլ մարդասիրական ծրագրերի վրա:

Այսօր երեկոյան 19:30-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կկայանա Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) հերթական բարեգործական ընթրիքը: 2004 թվականից ԱՄՆ-ում նման ընթրիքներ կազմակերպող հիմնադրամը Հայաստանում երկրորդ անգամ է բարեգործական ընթրիք կազմակերպում: Իսկ թե ինչու, փորձեցինք ճշտել Հայաստանի մանուկների հիմնադրամի հիմնադիր եւ խորհրդի ատենապետ Գարո Արմենից:
Մեր զրուցակիցը ասաց, որ որոշվել է Հայաստանում էլ ընթրիքներ կազմակերպել, քանի որ այսօր արդեն Հայաստանում կան մարդիկ, որ կարող են հանուն երեխաների՝ ծրագրերին նպաստ բերել. «Հայաստանի վիճակը մի քիչ լավացել է եւ կարելի է այստեղ էլ հանգանակություն անել»:
Հայաստան այցերի ժամանակ Գարո Արմենը արձանագրել է, որ սփյուռքահայերը հիմնականում Երեւանում են ծրագրեր իրականացնում, «բայց մեր ժողովրդի մի մեծ մասը գյուղերում է ապրում: Նրանց հետ շփումից տեսանք, որ մեր գյուղացիները մտավոր ունակություններով քաղաքին չեն զիջում, իսկ այլ երկրների գյուղացիների համեմատությամբ՝ առաջադեմ են ու ավելի խելացի: Խենթանալու տաղանդ ու շնորհք ունեն մեր գյուղերի երեխաները եւ այդ ամենը կորցնելու իրավունք չունենք պարզապես»:
Հայաստանի մանուկների հիմնադրամի հիմնադիրը տեղեկացրեց, որ անցյալ տարի Նյու Յորքում բարեգործական ընթրիքին հավաքվել է 1,7 միլիոն դոլար, Հայաստանում՝ 30 000 դոլար: «Ահագին ճանապարհ պիտի քայլենք, որ հավասարվեն այս ցուցանիշները: Լուրջ խնդիրները ենթադրում են լուրջ միջամտություն: Հենց մեր ժողովուրդը հասկանա այս գործի կարեւորությունը, գումարները ավելի շատ կլինեն, տարբերությունը այսքան մեծ չի լինի: Այսօր Հայաստանում մարդիկ երկու ելք ունեն. կամ հեռանալ Հայաստանից ու դժվարություններից, երկրորդ՝ նախընտրելի տարբերակը, մնան Հայաստանում եւ օգնել խնդիրները լուծելուն, երկիրը զարգացնելուն: Հայաստանի հարուստների մեջ շատ հայասերներ կան: Վստահ եմ, որ իրենք պիտի նախընտրեն մասնակցել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը: Երեխաների համար մեծ գումարներ հանգանակելը առաջին հերթին հենց այդ երեխաների հաղթանակն է: Մենք չենք ուզում, որ օգնությունից գյուղի բնակիչները վատ զգան, կամ նրանց խնդիրների լուծմանը գումարներ տվողները առաջնորդվեն միայն խղճալու, մեղք գալու մտքով: Մենք ուզում ենք, որ մարդիկ գիտակցաբար ներդրում անեն այլ՝ կարիքավոր մարդկանց հաջողությունների համար, որովհետեւ ամեն կարիքավորի խնդիրների լուծումը, հաջողությունը՝ երկրի հաջողությունն է, իսկ հաջող երկրում նոր բիզնեսմենը շատ ավելի լավ միջավայրում է աշխատելու: Հուսանք՝ սա բոլորը կհասկանան, ու այս տրամաբանությունը կտարածվի ողջ Հայաստանում»,- ասաց Գարո Արմենը:
Հայաստանի մանուկների հիմնադրամի հանգանակությունների գումարների մեծ մասը տալիս են ոչ հայաստանցիները: Այլ պետությունների քաղաքացիների մեջ էլ ոչ հայերն են ավելի ակտիվ, քանի որ, ինչպես նկատել է Գարո Արմենը, կարծում են, որ Հայաստանի կամ հայերի ունեցած դժվարությունները միայն հայերինը չեն, Հայաստանը փոքր կետ է աշխարհում, հայերի խնդիրները մարդասիրության հարց են: «Աշխարհում մարդիկ հավասար չեն, բայց պետք է ունենան հավասար հնարավորություններ՝ իրենց ունակությունները, հնարավորությունները, կարողություններն ու տաղանդները իրականացնելու համար: Իսկ եթե մեկը ինքնադրսեւորվելու հնարավորություն ունի՝ նրա շրջապատն էլ է շահում եւ ուրախանում»,- նկատեց Գարո Արմենը:
Տարին 3-4 անգամ Հայաստան այցելող Գարո Արմենը գիտի, որ Հայաստանում կոռուպցիա կա, բայց դա չի խանգարում ծրագրեր իրականացնելուն: «Ամենուր էլ կոռուպցիա կա: Ամերիկայում էլ կա: Բայց մենք չենք կարող ասել, թե ծրագրեր չենք անելու, քանի որ կոռուպցիա կա: Մենք շատ լուրջ հսկում ենք մեր հավաքած ու հանգանակած գումարները: Օրինակ, մեր շինարարական նախագծերից (ավելի քան 20 ավարտված շինծրագիր ունենք) ոչ մեկը 9 ամսից ավելի չի տեւել: Սրանով հանդերձ, մեր նորոգած-կառուցած դպրոցների որակը շատ բարձր է, իսկ շինարարությունը շատ թանկ չի արժեցել»:
Հայաստանի մանուկների հիմնադրամը նվեր չի տալիս, համագործակցում է. ասենք՝ համայնքին տրակտոր են տրամադրում՝ գինը երկարաժամկետ մարելու եւ տրակտորի բերած եկամտով համայնքում սոցիալական ծրագրեր անելու պայմանով: Գարո Արմենը այս մոտեցումը արդարացված է համարում: «Կա երկու բառ՝ մարդասիրություն եւ բարեգործություն: Ու սրանց մեջ տարբերություն կա: Բարեգործությունը կարեկցանքից դրդված օգնելն է, որ դժվարությունները հեշտ տանեն, իսկ մարդասիրությունը՝ «սովածին ոչ թե ձուկ տուր, այլ կարթ եւ սովորեցրու ձուկ բռնել»: Մարդասիրական ծրագրերից հետո կարիքավորը կախում չի ունենում օգնողից, ստանում է առաջընթացի միջոցներ: Մենք ոչ թե մշտապես ենք օգնում, այլ օգնում, որ ոտքի կանգնեն: Այսօր մեր ծրագրերից օգտված գյուղերում երիտասարդները իրենք են մեզ ծրագրեր առաջարկում, մենք ուժ ենք տալիս, որ իրենք իրենց խնդիրները լուծեն»,- ասաց Գարո Արմենը:
Երիտասարդներից բացի, Հայաստանի մանուկների հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում ակտիվացել են աշակերտներն ու աշակերտական խորհուրդները: «Մեր երեխաների մտածելակերպն է առաջընթաց արձանագրել: Աշակերտական խորհուրդները իրար հետ են համագործակցում եւ գյուղապետերի առաջ խնդիր են դնում մաքրել գյուղի փողոցների աղբը, օգնելու կարիքավորին, գյուղի զարգացման ծրագրեր են առաջարկում: Երեխաների այս մտածելակերպը նշանակում է, որ Հայաստանը կդառնա ավելի բարեկեցիկ: Մեր երեխաների առաջընթացով հպարտ ենք, մեծ հաճույք է տեսնել այսպիսի երեխաներ: 1000-ավոր տարիներ հայը ապրում է: Պետք է հասկանալ ու հարգել սրա պատճառն ու հնարավորինս կարճացնենք դժվար ապրելու ժամանակաշրջանը»,- ամփոփեց Հայաստանի մանուկների հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենը:
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուս.՝ ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930