«Առավոտի» նկատմամբ կատարվածը կարելի է որակել անհարգալից վերաբերմունք լրատվամիջոցի դեմ
Հոկտեմբերի 14-ի «Առավոտի» (թ.196) «Ինչը հերքենք» հրապարկմամբ տեղեկացրինք, որ էլեկտրոնային փոստով հոկտեմբերի 2-ին ստացել ենք «Դատարանը պարտավորեցնում է հերքել» խորագրով մի տեքստ:
Այն ստորագրվել էր Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին ուսուցիչներ Լիլիա Մարգարյանի, Մարգարիտա Իսպիրյանի, Լիանա Սիմոնյանի ներկայացուցիչ Մարգար Մախսուդյանի կողմից: Վերջինից էլ տեղեկացել ենք, որ այս տարվա փետրվարին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվել է պատվի ու արժանապատվության, գործարար համբավն արատավորող տեղեկությունների դեմ հայց, որը վիճարկել են վերոհիշյալ դպրոցի տնօրենն ու ուսուցիչները: Թե ինչ է տեղի ունեցել դատարանում, թերթը տեղյակ չի եղել եւ տեղյակ չէ մինչ օրս: Թե ինչու եւ ինչպես է շոշափվել մեր թերթի անունը, հայտնի չէ: Եվ քանի որ դատավարական կողմ էլ չենք, ուստի հնարավորություն չունենք գրավոր պահանջել դատարանում առկա հայցն ու առարկությունները, դատական նիստերի արձանագրությունները:
Շահագրգիռ կողմերը երկուսն են՝ տնօրենն ու ուսուցիչները: Հետեւաբար, նրանք չեն կարող մեզ «լուսավորել», թե ինչու եւ ինչպես են շահարկել «Առավոտի» անունը: Եթե «Առավոտը» կապ է ունեցել ընթացող դատական գործընթացների հետ, ապա ինչո՞ւ չի դատակոչվել գոնե վկայի կարգավիճակով: Կամ որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող անձի: Կամ՝ պատասխանողի: Կամ՝ համահայցվորի:
Կարդացեք նաև
Հետեւաբար, «Առավոտը» պատշաճ կողմ չէ, որպեսզի այս գործով շահագրգիռ անձանց դատական վեճի հետեւանքն իր վրա վերցնի:
Մենք դատարանի կողմից չենք ստացել օրինական ուժի մեջ մտած դատական վճիռը: Դա բնական է: Ինչո՞ւ պիտի մեզ ուղարկեն դատական ակտը, եթե մենք կողմ չենք եւ կամ որպես լրատվամիջոց չենք դիմել դատարանին:
Սակայն այս հարցադրումները կարծես չգոհացրին հանկարծահայտ կողմերին:
Նոյեմբերի 8-ի երեկոյան փոստով ստացել ենք ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող Մալաթիա-Սեբաստիայի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Տ. Թորոսյանի ստորագրությամբ գրություն:
Այս գրությունից էլ տեղեկանում ենք. «ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը որոշել է պարտավորեցնել Լիլիա Մարգարյանին եւ Մարգարիտա Իսպիրյանին՝ «Առավոտ» թերթով հերքելու Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոց ՊՈԱԿ-ի եւ 3-րդ անձ Ռուզաննա Ազիզյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, լրատվության այդ միջոցով մասնակի հրապարակելով դատարանի այդ վճիռը»:
ԴԱՀԿ պետը տեղեկացնում է նաեւ, որ Մարգար Մախսուդյանն ուղարկել է մի քանի լրատվամիջոցների, այդ թվում նաեւ «Առավոտին», «Հերքման տեքստ պարունակող համապատասխան հոդվածներ» տպագրելու խնդրանքով: Ավելորդ չէ հիշեցնել, որ մենք առաջնորդվում ենք «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ գործող օրենքով: Օրենքում հստակ սահմանված է «Հերքում» կամ «Պատասխան խոսքի իրավունք» բաժինները: «Հերքման տեքստ պարունակող համապատասխան հոդվածներ» ենթահոդված կամ ենթակետ չկա: Հետեւաբար, օրենքից դուրս է պահանջը:
ԴԱՀԿ-ն առաջարկում է մեկշաբաթվա ընթացքում ուղարկել «հերքման նախապատրաստական աշխատանքների մասին»: Մեկ շաբաթն արդեն իսկ անցել է: Ինքը գրությունը թվագրել է նոյեմբերի 2-ին, թերթին ուղարկել նոյեմբերի 9-ին: Նոր գյուտ արածի պես ԴԱՀԿ-ն հիշեցնում է, որ հերքումն իրականացվում է համանուն խորագրի ներքո. «Տեղակայման, ձեւավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է»:
Ո՞ր տեղեկատվությանն է վերաբերում ԴԱՀԿ-ի ակնարկածը: Ի՞նչը պիտի հերքենք: «Առավոտի» ո՞ր հոդվածների մասին է խոսքը: Ոչինչ հայտնի չէ:
Մենք չենք կատարի ԴԱՀԿ-ի պահանջածը, քանի որ օրենքից դուրս է: Կսպասենք նրան:
Սպասում ենք, որ նրանք ռետինե մահակներով կգան խմբագրություն, իրենց հետ «տեղափոխելով» «հերքումը»: Մահակը չգիտեմ, բայց ռետինը հաստատ պետք կգա:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ