Ծխախոտի հարկային փոփոխությունները հնարավորություն կտան մեր ազգաբնակչության առողջության մասին հոգ տանել եւ մրցակցային հավասարություն սահմանել:
Օրերս հրապարակվել է այս տարվա 9 ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկատուների ցանկը: Ըստ այդ ցանկի, մեր երկրի 11-րդ խոշոր հարկատուն ծխախոտի ներկրմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորիս Արմենիան» է, որը վճարել է մոտ 3 մլրդ 359 մլն դրամ: Տեղական արտադրողը՝ «Գրանդ տոբակոն» զիջում է իր դիրքերը 1 հորիզոնականով, քանի որ 9 ամիսների ընթացքում վճարել է մոտ 3 մլրդ դրամ: Առաջին հայացքից թվում է, որ տեղական արտադրության ծխախոտների գինը ցածր է, դրա համար էլ ավելի քիչ հարկ են վճարել, բայց մյուս կողմից շուկայի 60%-ից ավելին հենց տեղական արտադրության ծխախոտներն են գրավում, իսկ «Ֆիլիպ Մորիս Արմենիայի» մասնաբաժինը, օրինակ՝ Երեւանի շուկայի համար կազմում է 18.4%, ուստի վճարած հարկերի հսկայական տարբերությունն ակնհայտ է:
Մինչեւ 2011-ի հունվարի 1-ը Հայաստանում ծխախոտի արտադրանքը հարկվում էր հաստատագրված վճարով: Այդ ժամանակ մեր երկրում ծխախոտի հարկման մեխանիզմից դժգոհ էին թե՛ ներմուծողները, թե՛ տեղական արտադրողը: Ներկրողները գտնում էին, որ հարկերն արդարացի չեն եւ հակասում են միջազգային մի շարք ակտերի, տեղական արտադրողն էլ վստահեցնում էր, որ իրականում իրենք շուկայում պաշտպանված չեն, անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվում, քանի որ իրենց էժան ծխախոտներից վճարում են գրեթե նույնքան հարկ, որքան ներկրողները՝ իրենց թանկ ծխախոտների համար: Սակայն 2010-ի հոկտեմբերի 21-ին «Ակցիզային հարկի» մասին եւ «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքներում փոփոխություններ եղան, եւ այս տարվանից տեղական արտադրության եւ ներմուծված ծխախոտների հարկային դրույքաչափերի տարբերությունն աստիճանաբար որոշվեց կրճատել՝ 2014-ին արդեն հավասարեցնելով հարկային բեռը, այսինքն՝ կառավարությունն անցավ քառամյա հարկային պլանի: Այդ հարկային փոփոխությունները, բնականաբար, ներկրողների սրտով էին, որովհետեւ վերջին հաշվով Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, Ազատ առեւտրի համաձայնագրերով մի շարք պարտավորություններ է ստանձնել եւ ուշ թե շուտ պիտի կատարեր այդ պարտավորությունները: Բացի այդ, մյուս կողմից ներկրված ու տեղական արտադրության ծխախոտների համար հարկային բեռի հավասարեցումը՝ բյուջե լրացուցիչ մուտքեր կավելացնի, թեթեւացնելով հարկահավաքների՝ 101 մլրդ դրամ հավաքելու հոգսը:
ՌԴ Լենինգրադի մարզում գտնվող «Ֆիլիպ Մորիս Իժորա» գործարան կատարած լրագրողների այցելության ժամանակ «Ֆիլիպ Մորիս Արմենիայի» կորպորատիվ կապերի պատասխանատու Ահարոն Թադեւոսյանը, մեկնաբանելով հարկային այդ փոփոխությունները, նշեց, որ իրենք իսկապես ողջունում են կառավարության այդ նախաձեռնությունը, քանի որ այն կապահովի հավասար մրցակցային պայմաններ եւ չի հակասի միջազգային նորմերին: Ա. Թադեւոսյանը պարզաբանեց, թե իրականում ինչ է տալու այդ փոփոխությունը եւ տարիներ հետո ինչ արդյունք է լինելու: Այսպես. 2010-ին 1000 հատիկ ֆիլտրով ծխախոտի համար ներմուծողը վճարում էր հաստատագրված հարկ՝ 6500 դրամ, որի մեջ ներառված էր ակցիզային հարկը, մաքսատուրքը, ԱԱՀ-ն, 2011-ին նույնքան հատիկ ծխախոտի համար ներմուծողի վճարը կկազմի 7000 դրամ, 2012-ին՝ 7500 դրամ, 2013-ին՝ 8000 դրամ: Տեղական արտադրողը 2010-ին այդքան հատիկ ֆիլտրով ծխախոտի համար վճարում էր 4750 դրամ, 2011-ի համար վճարը կկազմի 5500 դրամ, 2012-ին՝ 6250 դրամ, 2013-ին՝ 7000 դրամ, իսկ 2014-ին արդեն կհավասարվի՝ 8000 դրամ: Հարկերի տաբերությունը եթե 1000 ծխախոտի համար 2010-ին 1750 դրամ էր, 4 տարի հետո կդառնա 0:
Այս մոտեցումը թերեւս միակն էր, որովհետեւ հակառակ դեպքում, հաշվի առնելով, որ երկար տարիներ մեր երկիրը Մաքսերի եւ առեւտրի գլխավոր համաձայնագիրը չէր կիրառել, 2003-ից ԱՀԿ անդամ դառնալով՝ ներմուծվող եւ տեղական արտադրության սիգարեթների հարկերի դրույքաչափերի առավելագույնը 15% տարբերությունը չէր պահպանել, նույն քաղաքականությամբ առաջնորդվելու դեպքում հնարավոր էր միջազգային լուրջ խնդիրներ ունենար:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ