«Հրապարակ» թերթի դեմ հարուցված վերջին դատական հայցը, որով փաստաբան Արթուր Գրիգորյանը 18 մլն դրամ էր պահանջում ոչ թե թերթի հոդվածի, այլ հոդվածին՝ ընթերցողների արած մեկնաբանությունների համար, դարձել է լուրջ քննարկման եւ մտահոգությունների առարկա լրագրողական աշխարհում: Անկախ քաղաքական եւ այլ նախասիրություններից՝ բոլորը, ովքեր առնչվում են ոչ միայն լրագրության, այլեւ բլոգոսֆերայի, անգամ սոցցանցերի հետ, համարում են, որ դատարանի որեւէ որոշում կարող է նախադեպ լինել, եւ այսուհետեւ ցանկացած տեղ արտահայտած կարծիքն ու մեկնաբանությունը կարող են դառնալ դատական հետապնդման առարկա: Այս հարցը քննարկվում էր նաեւ Ծաղկաձորում Եվրամիության աջակցությամբ անցկացվող «Լրատվամիջոցներն այսօր» սեմինարի ընթացքում, եւ տեսակետները բաժանվում էին: Ոմանք գտնում էին, որ հրապարակելով որեւէ վիրավորանք, որեւէ կարծիք, որեւէ մեկնաբանություն՝ լրատվամիջոցը պատասխանատվություն է ստանձնում դրա համար, քանի որ տարածում է այդ կարծիքը կամ վիրավորանքը: Հակառակ տեսակետ ունեցողներն էլ, ինչ-որ տեղ համամիտ լինելով դրա հետ, նշում էին, որ եթե նախադեպ ստեղծվի, եւ թերթը պատասխանատվություն կրի ոչ թե իր հոդվածի, այլ ընթերցողների մեկնաբանությունների համար, դա կբերի նրան, որ անգամ սոցցանցերում արտահայտված կարծիքների համար կարելի կլինի հայցով մտնել դատարան, ինչը, նրանց պատկերացմամբ, ազատ խոսքի եւ ազատ արտահայտման վերջը կարող է լինել: «Ինտերնյուս» կազմակերպության ղեկավար Նունե Սարգսյանը կոչ արեց ընդամենը համբերել եւ չփորձել որեւէ լուծում տալ դրան՝ դատական որոշմամբ, քանի որ աշխարհում դեռ ամբողջական ձեւավորված դիրքորոշում չկա այս հարցով, ինտերնետի հետ կապված օրենսդրական կարգավորումները թերի են, եւ հարկ չկա առաջ ընկնել եւ փորձել Հայաստանում օրենքի կամ դատական իշխանության ուժերով լուծել այս հարցը՝ մինչեւ կլինի գլոբալ լուծումը: Իր հերթին Այլընտրանքային լրատվամիջոցների ծրագրի ղեկավար, հետխորհրդային տարածքի լրագրողական աշխարհում մեծ ճանաչում ունեցող Մանանա Ասլամազյանը ներկայացրեց այս ոլորտում Ռուսաստանի փորձը՝ այնտեղ համապատասխան պետական կազմակերպությունը՝ «Ռոսնադզորը», ուղղակի նամակով դիմում է կայքին՝ հանել վիրավորանք պարունակող մեկնաբանությունը, եւ եթե դրան քսանչորս ժամվա ընթացքում չի հետեւում դրական արձագանք, տվյալ լրատվամիջոցին նախազգուշացում են տալիս, մի քանի նախազգուշացումից հետո լրատվամիջոցն ուղղակի փակվում է:
«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանն էլ իր փորձից ասաց, որ շատ ուշադիր հետեւում են ոչ միայն «Ա1+»-ի կայքում եւ բլոգում տեղադրվող մեկնաբանություններին, այլեւ «Յութուբի»՝ «Ա1+»-ին «պատկանող» տարածքում դրվող մեկնաբանություններին եւ աշխատում են հնարավորինս արագ մաքրել վիրավորանքներից: «Իմ համոզմամբ՝ անձնական վիրավորանքը թուլության նշան է, եւ ես սկզբունքորեն կտրականապես դեմ եմ որեւէ մեկի հասցեին անձնական վիրավորանքներին»,- ասաց Մ. Մովսիսյանը:
Մեր կողմից նշենք, որ դեռեւս 2009-ին էստոնական delfi.ee կայքը հայցով մտել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով էստոնական դատարանների որոշումը, որով կայքին պարտավորեցնում էին տուգանք վճարել իրենց կայքում տեղադրված վիրավորական մեկնաբանությունների համար: Ցավոք, առայսօր ՄԻԵԴ-ը դեռ այս հարցով վճիռ չի կայացրել, այլապես դա կլիներ իսկապես նախադեպ, եւ եթե ՄԻԵԴ-ը վճռեր, որ լրատվամիջոցը պատասխանատու չէ իր կայքում ընթերցողների թողած գրառումների համար՝ հայաստանյան որեւէ դատարան չէր համարձակվի վարույթ ընդունել այդ կարգի հայցերը, եւ հակառակը՝ եթե ՄԻԵԴ-ը որոշեր, որ լրատվամիջոցն, այնուամենայնիվ, պատասխանատու է այն ամենի համար, ինչ գրվում է իր տարածքում, ապա ավելի ուշադիր եւ զգույշ կլիներ՝ որեւէ բան հրապարակելուց առաջ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ