Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սկսել կառավարման համակարգի առողջացումը»

Նոյեմբեր 10,2011 12:34

Առաջարկում է ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը

– Ինչո՞ւ ազատ, արդար ընտրություն անցկացնելու մասին ավելի շատ իշխանություններն են խոսում, քան ընդդիմությունը:

– Ընտրություններ են սպասվում, իսկ ՀՀ նաեւ խնդիր ունի արեւմտյան գործընկերներին համոզելու, թե իրենք ցանկություն ունեն ժողովրդավարական փոփոխություններ անելու, իսկ դրա առաջին եւ կարեւոր քայլը նորմալ, ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է: Եվ քանի որ այդ փոփոխությունների դեպքում է միայն, որ Հայաստանին կտրամադրվեն ֆինանսական ռեսուրսներ, նաեւ իշխանություններին՝ բոնուս, շարունակելու իրենց իշխանությունը, դա է պատճառը, որ իշխանություններն այսօր նման խոստումներ են տալիս, որ նորմալ ընտրություններ կանցկացնեն: Սակայն մինչ այժմ ինչ տեղի է ունեցել ինստիտուցիոնալ առումով, ինձ լավատեսության հիմք չի տալիս, առաջին հերթին նկատի ունեմ, որ դեռ չի վերաբացվել «Ա1+»-ը, իսկ արդար ընտրություններ հնարավոր չէ ապահովել առանց արդար քարոզչական միջոցների. «Ա1+»-ը տալիս էր այդ հնարավորությունը: Երկրորդը ԸՕ-ում կատարված կամ, որն ավելի ճիշտ եմ համարում՝ չկատարված փոփոխություններն են, ինչը եւս հիմք է տալիս մտածելու, որ կեղծիքների շտեմարանները կապված են ընտրացուցակների հետ, եւ երրորդը՝ ադմինիստրատիվ ռեսուրսը, ինչպես միշտ, հիմա եւս օգտագործվում է շատ կոպիտ ձեւով: Տեսանք, որ վարչապետը օրենքի կոպիտ խախտմամբ դպրոցում կուսակցական տոմսեր էր բաժանում: Մնացած խախտումների, չակերտավոր բարեգործությունների մասին ավելորդ եմ համարում խոսել:

– Այնուամենայնիվ, ընտրությունները սարերի ետեւում չեն, բոլորը կտեսնեն, թե ինչ որակի կլինեն, սակայն համաձայնեք, որ ոչ մի անգամ իշխանությունն այսքան պարզ եւ այսքան շատ չի խոսել ընտրությունների նորմալ եւ արդար անցկացման մտադրության եւ անհրաժեշտության մասին. ինչո՞ւ, ի՞նչ նպատակով:

– Որովհետեւ խնդիր ունեն, նախ՝ տնտեսական առումով երկիրը մի քիչ նորմալ վիճակի հասցնելու եւ իրենց իշխանությունը շարունակելու, եւ այս ամենը հաշվի առնելով՝ հանգում են նրան, որ պարտավորություններ են ստանձնել, եւ դրանցից մեկը կամ կարեւորներից մեկը նորմալ ընտրությունների անցկացումն է:

– Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գար Շտյորենի հետ հանդիպման ժամանակ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել է, թե Հայաստանի բոլոր ներքաղաքական խնդիրները, այդ թվում՝ կեղծված ընտրությունները, համակարգային կոռուպցիան, ժողովրդավարական ազատությունների, անկախ դատական համակարգի, լրատվամիջոցների ազատությունների բացակայությունն ածանցյալ են մեկ հիմնական խնդրից, որն է՝ Հայաստանում օրենքի իշխանության հաստատումը: Դուք համամի՞տ եք, որ ամեն ինչի պատճառը օրենքի չկատարումն է:

– Այն, որ օրենքները չեն կատարվում եւ չի հաստատվում օրենքի իշխանություն, այս իշխանության արատը չէ. դեռ վաղուց է դա արմատավորվել: Օրենքի շրջանակում է նաեւ նորմալ ընտրությունների անցկացումը, ինչը, ցավոք սրտի, մենք չենք տեսել 1995-ից ի վեր՝ պարոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարումից ի վեր: Բայց ցանկացած պարագայում ինչ-որ մի տեղից պետք է սկսվի կառավարման համակարգի առողջացումը, եւ ես կարծում եմ՝ այդ առողջացման գլխավոր պայմանը իշխանության ձեւավորման ժողովրդավարական աստիճանն է: Այն կարծիքին եմ, որ ընտրությունները եւս մտնում են այդ չկատարվող օրենքների շրջանակի մեջ, եւ շատ անհրաժեշտ է, որ հատկապես այդ հատվածով սկսվի օրինականության ամրապնդումը Հայաստանում:

– Այսօր քաղաքական օրակարգը հաստատում եւ իրականացնում է ոչ թե ընդդիմությունը, ինչպես որ երեւի պիտի լիներ, այլ՝ իշխանությունը. իշխանությունն է հաստատում գործողությունների ծրագիր, իրականացնում է դրանք, իսկ ընդդիմությունը կարծես այս պահին անգործունակ է:

– Մի փոքր հնարավոր է, որ ձեզ հետ համաձայն լինեմ, բայց նաեւ հիմքեր ունեմ ամբողջովին չհամաձայնելու: Մի մոռացեք, որ իշխանությունը ունի ռեսուրսներ, իսկ այնտեղ, որտեղ կան ռեսուրսներ, կլինեն եւ ակտիվ տեղափոխություններ, իրադարձություններ, որոնք մեծ արձագանք են ստանում: Բայց համաձայն չեմ, քանի որ ընդդիմությունն իր աշխատանքը կատարում է: Եվ որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, հենց այս օրերին Բրյուսելում տեղի է ունենում համաժողով, որի ժամանակ խոսել են ոչ միայն ՀՀ վարչապետը, ոչ միայն ԱԱԽ քարտուղարը, այլեւ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ եթե Տիգրան Սարգսյանի այցը, ելույթը ամենայն մանրամասնությամբ լուսաբանվեց եւ մամուլում, եւ հեռուստաընկերություններում, նաեւ՝ Արթուր Բաղդասարյանի պարագայում, ապա ընդդիմության ներկայացուցիչ, «Ժառանգության» նախագահ ՐաֆֆիՀովհաննիսյանի ելույթին ոչ մի լրատվական չանդրադարձավ: Այսինքն՝ խնդիրն այն է, թե ինչպե՞ս են մեկնաբանում, որովհետեւ կարող են չկատարած աշխատանքը լուսաբանել, ուռճացնել եւ կարող են կատարվածին ընդհանրապես չանդրադառնալ: Եվ սա չի նշանակում, թե ընդդիմությունը օրակարգ չունի կամ չի մշակում, հատկապես «Ժառանգությունը» այդպիսի խնդիր չունի:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930