Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես տարանջատել

Նոյեմբեր 10,2011 12:31

«Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից»:  Երեկ այս ոչ միայն անվիճելի, այլեւ միանգամայն արդիական գաղափարը արտահայտել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դա ես հասկանում եմ այսպես. պետական պաշտոնի եւ բիզնեսի, ինչպես նաեւ քաղաքականության եւ բիզնեսի համատեղումը պետք է արգելվի օրենքով եւ հասարակական մակարդակով այնքան մերժելի լինի, որ ապագայում, եթե երբեւէ իմացվի, որ պատգամավորի հիմնական աշխատանքը, ենթադրենք, դռներ եւ լուսամուտներ արտադրելն է, այդ փաստի հայտնաբերումը միայն խաչ կքաշի տվյալ պատգամավորի քաղաքական կարիերայի վրա: Կամ՝ եթե որեւէ հարկադիր կատարող մթերք վաճառի «Ֆրեշ» խանութների ցանցում, նա ստիպված կլինի ընտրել՝ որտեղ կիրառել իր տաղանդը՝ առեւտրի՞, թե՞ մարդկանց գույքը հարկադրաբար հօգուտ պետության բռնագանձելու ոլորտում:

Իհարկե, այս պահից սկսած՝ դա անելն իրատեսական չէ: Այսինքն՝ հնարավոր չէ այդ հայտարարությունից անմիջապես հետո Ազգային ժողովի դռան մոտ մի ոստիկան նստեցնել, որը պատգամավորների կեսից ավելիին տուն կուղարկի, ասելով՝ «Դուք այստեղ այլեւս գործ չունեք, որովհետեւ քաղաքականությունն ու իշխանությունը, այդ թվում՝ օրենսդիր, այլեւս տարանջատված են»: Նախ՝ այդ օրենսդիրները կսկսեն ստել, թե իրենք գործարար չեն, բաժնետեր են եւ այլն: Մանավանդ, որ ոստիկան կանգնեցնողն էլ  պիտի Երեւանի ոստիկանապետը լինի, որը նույն «անկեղծությամբ» պնդում է, որ «Մոսկվիչկա» խանութների ցանցն իրենը չի: Ուրեմն նախ պետք է փակել այդ «անկեղծ» պատգամավորների եւ պաշտոնյաների համար օրենսդրական սողանցքները:

Բայց դա էլ բավարար չէ: Պետք է ստեղծել հստակ ու թափանցիկ մեխանիզմներ, թե ով եւ ինչպես է ֆինանսավորելու կուսակցություններին՝ ընդհանրապես եւ նրանց նախընտրական արշավները՝ մասնավորապես: Ավելի լավ է, դա արվի հրապարակայնորեն, որից հետո խիստ նորմեր սահմանվեն, որ նրանք, ովքեր ֆինանսավորում են իշխանամետ կուսակցությունները, արտոնություններ չեն ստանա, իսկ նրանք, ովքեր օգնում են ընդդիմադիրներին, չեն հետապնդվի: Բացի այդ, պաշտոնյաները պետք է ստանան այնպիսի աշխատավարձ, որը կապահովի նրանց նորմալ, արժանապատիվ կյանքը: Այդ դեպքում, զրկելով նրանց բիզնեսից, մենք, գոնե տեսականորեն, չենք դրդի նրանց կաշառակերության:

Իսկ ընդհանրապես ասել, որ աշխարհի որեւէ երկրում պետական եւ իշխանական համակարգերը բացարձակապես տարանջատված են գործարարությունից՝ հնարավոր չէ: Պարզապես նորմալ երկրներում այդ սերտաճումը հասցված է այնպիսի նվազագույն մակարդակի, որ չի առաջացնում հասարակության ցասումը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել