«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայց էր ներկայացրել «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի եւ «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ` պահանջելով պարտավորեցնել Նաիրա Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիա» ընկերությանը հրապարակորեն ներողություն խնդրել եւ հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ից Նաիրա Խաչիկյանից եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից համապարտությամբ բռնագանձել երեք միլիոն դրամ փոխհատուցում, եւս 264 հազար դրամ դատական ծախս:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին սկսված եւ ընդմիջումներով մինչ օրս շարունակվող դատավարությանը լրագրող Նաիրա Խաչիկյանը չի մասնակցել, դատարանում նրա շահերը պաշտպանում է փաստաբան Գարիկ Գալիկյանը. «Իջեւան ստուդիան» չունի դատապաշտպան: Այս ընթացքում դատարանում ցուցադրվել են խնդրահարույց տեսանյութերը, կողմերը ներկայացրել են իրենց նկատառումները: (Օգոստոսի 26՝ «Շինարարն ընդդեմ լրագրողի», նոյեմբերի 1՝ «Շինարարն ընդդեմ լրագրողի» գործի վճիռը նոյեմբերի 4-ին ):
«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ հայցադիմումի մեջ նշված է, որ այս տարվա հունիսի 21-ին հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրով, ինչպես նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ մի քանի անգամ հեռարձակվել են տեսանյութեր, որոնց մեջ տեղ են գտել «Իջեւանի ՃՇՇ»-ի գործարար համբավը արատավորող արտահայտություններ:
Դատական վերջին նիստը տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին, սպասվում էր վճռի հրապարակում: Սակայն դատավորը Արշակ Շահոյանն անորոշ ժամանակով հետաձգել է գործի քննությունը: Քանի որ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը լրատվամիջոցներով անձի արժանապատվությունը վիրավորելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդվածի առբչությամբ դիմել է սահմանադրական դատարան: Դատավոր Շահոյանը դատը հետաձգել է մինչեւ սահմանադրական դատարանի վճռի հրապարակումը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ