Նոր` 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Վան քաղաքի մոտ:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության համաձայն` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Վանից 16 կիլոմետր հարավ:
Այս պահին հաղորդվում է 5 զոհերի մասին, Վանում փլուզվել է առնվազն 7 շենք, այդ թվում` 2 հյուրանոց, եւս 14 շենք-շինություններ քանդվել են քաղաքից դուրս: Նախնական տեղեկություններով` փլատակների տակ է մնացել մոտ 100 մարդ:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ` այս վերջին երկրաշարժը Վանի մոտ տեղի է ունեցել երեկ, ժամը 23:23-ին: Ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալլ։
Ըստ նույն աղբյուրի` երկրաշարժը թույլ զգացվել է նաեւ Հայաստանի արեւմտյան հատվածում: Շիրակի մարզում երկրաշարժը զգացվել է 3 բալլ: Երեւանում զգացվել են թույլ ցնցումներ` մոտ 3 բալլ:
Հոկտեմբերի 23-ին Վանի մոտ տեղի ունեցած 7.6 մագնիտուդով երկրաշարժին, որի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է մոտ 600 մարդ, հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ։ Դրանց հետեւանքով, սակայն, մինչ այժմ զոհեր եւ վիրավորներ չէին եղել։
«Ազատություն» ռ/կ