Հատված Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ հարցազրույցից:
-Վարչապետը Բրյուսելում հայտարարել է, թե Հայաստանը մտադիր է անցկացնել լավագույն ընտրությունները, որ երբեւէ տեղի են ունեցել մեր անկախության 20 տարիների ընթացքում։ Դրա նախադրյալները տեսնո՞ւմ եք։
-Կարեւորը ոչ այնքան ընտրությունների որակն է, այլ այն, թե հասարակությունն ինչպես է վերաբերվում այդ ընտրություններին։ Ընտրություններն ինչքան էլ «լավ» անցնեն, ինչ գնահատականների էլ արժանանան միջազգային դիտորդների կողմից` հանրությունը իր վերաբերմունքն արտահայտում է կա՛մ խուլ անտարբերությամբ, կա՛մ «քվեարկում է ոտքերով». տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց եւ վիճարկում ընտրությունների արդյունքները, կամ, հակառակը, փակվում իրենց պատյանի մեջ։
Սա նշանակում է, որ հասարակությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները, եւ նույնիսկ իդեալական ընտրություն անցկացնելու դեպքում անվստահությամբ է վերաբերվելու դրա արդյունքներին, որովհետեւ օտարված է քաղաքականությունից եւ վերնախավերի միջեւ պայքարն «իրենը» չի համարում։ Այսինքն` ջրբաժան է դնում. մենք եւ նրանք. «նրանք» կենաց-մահու կռիվ են տալիս խորհրդարանական մանդատների, իշխանական լծակների համար, բայց «մենք» այդ ամենի հետ որեւէ կապ չունենք։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց աշխարհ»