Հեռավոր գյուղերում ավելի ավանդական են անցկացվում հարսանքիները, քան քաղաքում: Ամուսնական արարողությունը սկսվում է փեսայի ներքնաշորը հագցնելուց մինչև մգեցված կարմիր խնձորը, որի մգությունը մինչ օրս հետաքրքրում է հարսի, առավել ևս փեսայի տան անդամներին:
Համլետն ու Սիրարփին պատրաստվում են ամուսնության արարողությանը: Ժամերն են հաշվում: Ազատանում, տարեցների վկայությամբ, պահպանվում են բոլոր ծեսերը. «Մեզ մոտ քողից մինչև ափսեներ հիշում են», – ասում է 86-ամյա Մանուշակ տատը: Նախապես հարսի բարեկամները գալիս են փեսային հագցնելու: Բոլորի աչքի առաջ Համլետը փորձում է իր նոր կոստյումը ներքնաշորերից մինչև օծանելիք, հետո երաժիշտներին գումար են տալիս, ուղևորվում հարսնատուն: Առջևից գնում է «աղվեսը», մեքենան, որը ուղղորդում է շարանը: Համլետի հորեղբոր որդու ձեռքին աքլոր է, կամ իր բառերով ասած` խորոզ, որը պետք է մի հավ փախցնի հարսի տնից: Ոչ թանկարժեք մեքենաներից իջնում են գյուղի քեֆ անողները` ջահելներից մինչև թամադաներ: Հարսի հոր հետ երկու թաս գինի են խմում, հարսին փեսայի ձեռքը տալիս ու ուղևորվում մոտակա եկեղեցի: Քահանայի օրհությամբ տեղի է ունենում պսակադրությունը, ներկաներն իրար շնորհավորում են, եկեղեցու բակում աղանվիներ բաց թողնում: Ավանդույթի համաձայն` ազապ բաշին պետք է ունենա թուր, որի վրա շարված կլինեն քաղցրավենիքներ, այս պաշտոնը ստանձնել է փեսայի մորաքրոջ որդին` Վահրամը: Քաղաքից եկած երիտասարդ էր, գյուղի ջահելները միանգամից համոզեցին ու խլեցին ձեռքից թուրը: Այս ամենից շատ ավելի հետաքրքիր է հարսանյաց քեֆը, որը նշվում է գյուղի կենտրոնում գտնվող «կլուբում»: Սա միակ մեծ դահլիճն է, ուր անցկացվում են և’ հարսանիքները, և’ հոգեհանգստի հացը: Անբարեկարգ սրահը այս անգամ գունավոր է, բորբոսնած պատերին գորգեր են, վրան բամբակով պատկերներ, սիրո խոստովանություններ: Րոպեներ անց եռում է ամբողջ սրահը, մարդիկ մտնելուն պես տեղավորվում են, բաժակ բարձրացնում, խմում ու….: Սկսվում է համերգային մասը, երգիչները հիշել են 70-ականների երգերը, մյուսն էլ ոմն «Մրե»-ին է կրկնօրինակում: Գյուղ, հարսանիք, հոծ բազմություն և առանց կռվի, դե իհարկե չի լինի: Չնայած կլինի, ուղղակի պետք է մի կես ժամով դադարեցվի ուրախությունը: Պարելու ընթացքում գյուղացի Գալուստի որդին պատահաբար կանգնել էր հարսի եղբոր ոտքին, հետո էլ շարունակել գժությունները` ալկոհոլի արդյունք: Մի երկու բռունցքի հարված, հետո դուրս: Ժամանակին հասնում է փեսա Համլետը: Համաձայնության են գալիս, գնում, նստում են իրար դիմաց ու շարունակում հարբել: Մեկ ժամ անց հարսն ու փեսան հեռանում են, Սիրարփին դժվարությամբ է պահում իրեն նվիրած մատանիները: Քեֆը տևեց մինչև լուսաբաց:
Սկեսուր Բեթխեմ մայրիկը առավոտյան սինիներ է կապում, մուգ կարմիր խնձոր ու քաղցրեղեն է գնել, մի կոնյակ մտցրել դրանց արանքը, ու սպասում է բոլորն արթնանան: Պիտի գնա տղայի զոքանչին աչքալուսանքի, իբր զոքանչը պիտի զարմանար: ԴԱՎԻԹ ԴԱՎԻԹՅԱՆ