Հայաստան է եկել Մարիա Վլադիմիրովնան՝ ռուսական կայսերական տոհմից, ու ցնծում է հայ ժողովուրդը, որ ազնվական տիկինը հարցազրույցներից մեկում գովել է Արարատը… Հանրային հեռուստատեսությանն էլ հարցազրույց է տվել…Ինչպիսի՜ մեծ պատիվ հայերիս ու մասնավարապես` բիբլիական Արարատի համար: Մարիա Վլադիմիրովնան ասում է՝ տեսել է Արարատը, իսկ այ իր հռչակավոր նախնուն Նիկոլային, այդպես էլ չի հաջողվել Արարատը բացված տեսնել…բա ի՞նչ ենք անելու, լավ է, գոնե մասնակիորեն էդ «սխալն» ուղղվել է` բարեբախտաբար օրն արեւոտ է եղել: Ես ռասիստ չեմ, ռուսների, ամերիկացիների, հրեաների, ուզբեկների, նենեցների, ուդմուրտների եւ մյուսների հանդեպ ոչինչ չունեմ, ուղղակի մտածում եմ, որ բոլորը կարողանում են իրենց ունեցած-չունեցածը գեղեցիկ մատուցել ու քարոզել, իսկ մեզ լրիվ բավարարում է խեղճի կերպարը… Վերցնենք թեկուզ մեր ազգային պարերը ու այն տարազը, որ կրում են պարողներն ու պարուհիները՝ տրեխ, յափունջի, գյուղական-աշխատավորական տարազ, իսկ ուր մնացին մեր արքաները, իշխանները, թագուհիներն ու ազնվազարմ կանայք`իրենց ոսկեկար հանդերձներով: Կամ մի ուրիշ օրինակ, հզոր երկրներից մեկի դեսպանատան պատերին համագործակցության 20-ամյակը խորհրդանշող պաստառներ են փակցված, որտեղ այդ երկրի քաղաքացիները մտավորականներ են, երաժիշտներ, գիտնականներ, բարեգործներ եւ այլն, իսկ հայերը բանվոր տղամարդու, գյուղացի կնոջ կամ օգնություն ստացողի տեսքով…ԶԶՎՈՒՄ եմ արդեն նման բաներից, մեր հանդուրժողականությունից, ազգային արժանապատվության պակասից կամ դրա հակառակից, որ նույնպես տարածված է՝ փոքր ազգերին բնորոշ սնապարծությունից. «Երբ մենք Նարեկացի ունեինք, ուրիշները ծառերի վրա էին…»