Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ ահաբեկիչ Հանրապետության հրապարակի հյուրանոցում ու կկորցնե՞նք 7 նախարար

Նոյեմբեր 09,2011 18:58

Քաղաքի կենտրոնը ներկայումս էկոլոգիական աղետի գոտի է: Այսօր Օրհուս կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ահազանգում էին բնապահպանները: Քննարկման օրակարգում կառավարության՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանին հարակից տարածքում  հյուրանոց կառուցելու որոշումն էր:

Բնապահպան Կարինե Դանիելյանը Երեւանի քաղաքապետարանին առաջարկել է հյուրանոցի համար նախատեսված տարածքը կանաչապատել, բայց մերժել են: Նրա տվյալներով, հյուրանոց կառուցելու համար Կառավարության շենքի մոտ գտնվող  պուրակն էլ են վերացնելու. «Չենք  ուզում, որ մեր կառավարությունն այնտեղ խեղդվի,  մենք անհանգստանում ենք մեր նախարարների կյանքի համար: Հյուրանոցի հենց դիմաց առնվազն 7 նախարարի ու փոխնախարարների կաբինետներ են, մեկ տեռորիստ, որ հայտնվի հյուրանոցում, առնվազն 7 նախարար կորցնելու ենք»:  Ճարտարապետներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ո՞ր նախարարին ենք կորցնելու. «Պատասխանեք՝ ասեմ, հյուրանոցի կառուցումը լա՞վ միտք է, թե՞ ոչ»: Տիկին Դանիելյանն էլ հավելեց՝ հանուն մեր նախարարների բարեկեցության, հյուրանոց  չպետք է կառուցենք:

Քաղաքապետարանի ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանն էլ նախ հրաժարվեց քննարկմանը մասնակցել եւ ասաց, որ ուզում է լսողի դերում մնալ, բայց լրագրողների ու քննարկման մյուս մասնակիցների պնդմամբ միացավ բանավիճողներին՝ հավաստիացնելով, թե հյուրանոց չի կառուցվելու: Ըստ նրա,  ընդամենը առաջարկություն է ներկայացվել, որը  դեռ քննարկման փուլում է: Տիկին Դանիելյանն էլ չհամաձայնելով ասաց, որ կառավարությունից անձամբ է տեղեկացել, որ կառուցապատողի մրցույթ անգամ չի հայտարարվել, կոնկրետ կառուցապատողը միանգամից անցնելու է գործի:

«Կա կառավարության որոշում, որպես կառուցապատման տարածք ճանաչելու մասին, բայց հիշեք՝ նույն այդ տարածքը երկար տարիներ քարուքանդ վիճակում էր: Այսինքն, հյուրանոցի հնարավոր լուծման ճարտարապետությունը, ֆունկցիոնալ լուծումներն ընդհանուր նախագծի համատեքստում կհիմնավորվեն, պետք չէ ժամանակից վաղ ծնկները ծեծել»,- ասաց պարոն Հակոբյանը:  Տիկին Դանիելյանն էլ հավելեց, որ Հայաստանում կանաչ տարածքներում շինարարություն սկսելուց առաջ ընդունված է ՝ տվյալ տարածքը նախ դարձնում են անմխիթար վայր, աղբ լցնում. «Հետո էլ ասում են՝ տեսեք, կռիսանոց է, աղբանոց, մենք բարեկարգում ենք էկոլոգները դեմ են»:

Ա. Պարոնյանն էլ զարմացավ, թե դեռ ութ տարի առաջ, երբ  այդ տարածքում շինարարություն անելու հարցը դրվեց՝ ինչո՞ւ  բնապահպանները նույն  մտահոգությունները չներկայացրին. «Ինչո՞ւ չեք խոսում մետրոյի ընդհանուր տեխնիկական վիճակի մասին, շատ վատ վիճակում է, ամբողջ ջրերը ֆիլտրվում են պատերով»:  Տիկին Դանիելյանն էլ պատասխանեց, թե եթե երկրի նախագահ կամ վարչապետ լիենին , բոլոր հարցերին լուծում կտային:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930