Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք մեր երգերով ենք ինքնատիպ–ANGEL DAYAN(Անժելա Ստեփանյան)

Նոյեմբեր 09,2011 18:53

 

 

«Պետք չէ լինել այդքան անտարբեր, ասելով` մենք չէ, որ պետք է որոշենք: Իսկ ո՞վ պետք է որոշի. թո՞ւրքը, ադրբեջանցի՞ն, ռո՞ւսը: Նա մեր երկիրն է ներկայացնում, մեր մշակույթը…եթե դեռ կարող ենք դրան մշակույթ անվանել». Անժելա Ստեփանյան

 

Այս տարի Վրաստանում կայացած «Ոսկե տաղանդ 2011 Բաթում» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լիլիթ Հովհաննիսյանը: Նրա կատարմամբ հնչեց նաև Կոմիտասի «Ես սարեն կուգայի» երգը: Կատարումից  հետո բուռն քննարկումներ ծավալվեցին: Կատարման ձևին և որակին անդրադաձավ նաև կոմպոզիտոր–երաժշտագետ, բլոգեր, 22-ամյա Անժելա Ստեփանյանը:

Անժելայի բլոգում տեղադրված «Կոմիտաս, կներես…»  հոդվածում հեղինակը փորձել էր վերհանել թերությունները: Ըստ երաժշտագետի` «ամեն մարդ իրավունք չունի երգել Կոմիտաս, այն էլ` մեծ բեմում, այն էլ` հազարավոր հանդիսատեսների առաջ»: Նրա համոզմամբ` ժողովրդական երգ  կատարելուց առաջ պետք է վստահ լինել սեփական ուժերի և ձայնային տվյալների վրա, պետք է անպայման իմանալ  տվյալ երգի պատմությունը: «Մենք մեր երգերով ենք ինքնատիպ, բայց ո՞ւր է այդ ինքնատիպությունը, երբ մեր երգչուհին բեմ է բարձրանում մուսուլմանական ազգերին բնորոշ հագուստով և արդուզարդով ու փորձում ուժերի առավելագույն չափով այլանդակել մեր գոհարներից մեկը, «Ես սարեն կուգայի» երգը»: Ըստ որում, կատարման ժամանակ նշվեց երգի` ոչ թե իրական վերնագիրը, այլ  «Էս գիշեր», այն դեպքում, երբ այդ երգից, ինչպես ասաց երաժշտագետը, երգչուհին կատարել է միայն մի տող:

Առաջին նյութի հրապարակումից օրեր անց Անժելան դարձյալ անդրադաձավ այս թեմային` «ՄԱՔՐԵՆՔ ԱՐՎԵՍՏԸ (Կոմիտա´ս, ների´ր–2)»: Նյութի մասին առանձին զրույցի ընթացքում հեղինակն ասաց, որ իրեն սպառնացել են. Սոցիալական ցանցում եղել են մարդիկ, որոնք փորձել են սպառնալիքի ուժով ստիպել բլոգերին հեռացնել հոդվածը, իսկ ինքը որոշել է ոչ թե լռել,  այլ պայքարել: «Անկեղծ, ես չէի ուզում: Չէի ուզում այն պատճառով, ո ր հարցին անդրադարձել էի միայն մասնագիտական առումով և իմ անձնական կարծիքը, որը ոչ պակաս կարևոր է,  դեռ չէի բարձրաձայնել»: Անժելան հայտնեց, որ ինքն էլ հստակ չգիտի, թե ինչ նպատակ են հետապնդում այն քայլերը, որոնք նկատվեցին նախորդ նյութը տեղադրելուց հետո, բայց վստահաբար նշեց, որ իր բլոգից ոչ մի նյութ չի հեռացվելու, ավելին նա շարունակելու է իր պայքարը:

Զրույցից օրեր անց Facebook.com սոցիալական ցանցում հայտնվեցին «ՄԱՔՐԵՆՔ ԱՐՎԵՍՏԸ» անվամբ խումբը և իրադարձությունը, որոնց նպատակն է հավաքագրել արվեստով մտահոգ մարդկանց, ունենալ որոշակի քանակությամբ ստորագրություններ և խնդրով դիմել ՀՀ  մշակույթի նախարարին` ստեղծելու հանձնախումբ, որը հետևողականորեն կընտրի միջազգային մրցույթներում Հայաստանը ներկայացնող մասնակցին:

Հռիփսիմե Գալստյան

 

 

Հ.Գ. Այս թեմայով «Առավոտ երիտասարդականը»  փորձեց զրուցել նաև Լիլիթ Հովհաննիսյանի հետ, բայց քանի որ վերջինիս հետ զրույցը չստացվեց վատ հեռախոսակապի պատճառով, զրուցեցինք երգչուհու ամուսնու` երգահան Վահրամ Պետրոսյանի հետ, ով հավաստիացրեց, որ Լիլիթը նույնպես հարցի մասին նույն բանն է մտածում:

Կարդացե´ք Վահրամ Պետրոսյանի հետ զրույցը` վաղը «Առավոտ երիտասարդականի»  «Artահերթ» բաժնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930