Արդեն քանի ամիս է՝ դեղոլորտի գործարարները ոչ միայն օտարերկրյա դեղարտադրողից են ապրանք ներմուծում, այլեւ՝ 3-րդ երկրից, ինչի հետեւանքով պատասխանատվություն կրող այլեւս չի լինում: Այսօր Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների (ԴԱՆ) միությունը էկոնոմիկայի եւ առողջապահության նախարարությունների հետ համատեղ Բժշկական համալսարանում կազմակերպել էր միջազգային դեղագործության մրցունակության համաժողով: Մեր եւ օտարերկրյա դեղոլորտի մասնագետները հավաքվել էին դեղարտադրության ոլորտի ձեռքբերումները ներկայացնելու: Aravot.am-ը ԴԱՆ միության տնօրեն Սամվել Զաքարյանից հետաքրքրվեց, թե ներկայումս ինչ բացթողումներ ու թերություններ կան այս ոլորտում: Ի պատասխան մեր հարցի՝ պարոն Զաքարյանն ասաց, որ դեղագործական ոլորտի խնդիրներն ըստ էության չեն տարբերվում մյուս ոլորտների խնդիրներից, սակայն առանձնացրեց մեկ կարեւոր հարց, ինչը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Ըստ նրա, այս տարվա սկզբից դեղագործության ոլորտի ցանկացած ներմուծող կարող է 3-րդ երկրներից դեղեր ներմուծել Հայաստան: Ինչն, ըստ ոլորտի մասնագետի, կարող է մարդու առողջության հետ կապված խնդիրներ առաջացնել. «Ներմուծողը նախկինում գնում էր կոնկրետ արտադրողից, որն իր վրա էր վերցնում պատասխանատվությունը կոնկրետ արտադրանքի որակի եւ մնացած բոլոր խնդիրները, բայց հիմա, երբ նույն դեղը կարելի է ձեռք բերել 3-րդ երկրից, արտադրողը չի կարող իր վրա վերցնել պատասխանատվություն, քանի որ ինքը ուղիղ չի ուղարկել Հայաստան, սա խնդիր է, որին դեղոլորտի հիմնական ներկայացուցիչները դեմ են ու այդ նպատակով կառավարության հետ շատ հանդիպումներ եւ քննարկումներ եղան»: Սամվել Զաքարյանի խոսքերով, դեղերի շուկայի ազատականացումը կառավարությունը պատճառաբանել է դեղերի գների նվազմամբ եւ այս բիզնեսի զարգացմամբ, սակայն. «Բավականին ժամանակ է անցել, բայց դրական արդյունքները չեն երեւում»: Մասնագետը մի մտավախություն էլ ունի: Ըստ նրա, դեղերը նույնիսկ «ռասայական» հատկություն ունեն. «Կա դեղ, որ ամբողջ աշխարհի համար նորմալ է, իսկ ճապոնացիների վրա մահացու ազդեցություն է թողնում: Տարբեր դասակարգումներ ունեն, տարբեր երկրների համար»:
Նշենք, որ համաժողովն ամենամյա է: Սա թվով 4-րդ էր եւ նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ