Այսօր Բժշկական համալսարանում կազմակերպված «Միջազգային դեղագործության մրցունակության համաժողովն» ուղեկցվում էր դեղագործական ցուցահանդես-վաճառքով, որտեղ մեր երկրի դեղարտադրող եւ ներմուծող ընկերությունները ներկայացնում էին իրենց արտադրանքը:
«Նարինե» ապրանքանիշը ներկայացնող «Վիտամաքս E» դեղագործական ընկերության ներկայացուցիչ, բժիշկ Սյուզաննա Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե բիֆիդո կաթնամթերքի արտադրությունն արդյոք չի՞ «խփել» աղեստամոքսային խնդիրները կարգավորելու նպատակով շուկայում հայտնի «Նարինե» ապրանքանիշի գործերին: Ըստ Ս. Մանուկյանի. «Ես համարում եմ, որ մեկը մյուսին չի խանգարում, «Նարինեն» լակտոբակտերիաներ է պարունակում, իսկ բիֆիդո կաթնամթերքը՝ բիֆիդո բակտերիաներ»:
Տիկին Մանուկյանի խոսքերով, օրինակ՝ Ուկրաինայում իրենց «Նարինեն» կեղծել են:
«Արմեն ֆարմը» ներկայացել էր նորամուծությամբ. նա ցուցադրում էր բերանի խոռոչը ողողելու հեղուկներ, մազաթափությունը կանխող եւ մազերը վերականգնող լոսիոններ: Ընկերության ներկայացուցիչը վստահեցրեց, որ մազաթափության լոսիոնը առաջինը փորձարկել են իրենց վարորդի գլխին եւ վստահեցրեց, որ օգնել է՝ մազերն աճել են:
Ինչ վերաբերում է հայկական շուկայում առկա կեղծ դեղերին, ապա Դեղարտադրողների եւ ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանն ասաց. «Կեղծումներն այդքան շատ չեն, ինչքան որ խոսվում է»:
Կարդացեք նաև
Անուշ ԽԵՉՈՅԱՆ