Լրահոս
Օրվա լրահոսը

Օգնել է համագյուղացիներին, ինքը` զոհվել

Նոյեմբեր 09,2011 17:21

Այսօր Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը, Տավուշի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Միշա Մխիթարյանը, Լճկաձորի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը այցելել են Լճկաձոր գյուղի բնակիչ, հոկտեմբերի 2-ի սողանքից զոհված Նորիկ Միրզոյանի տուն՝ նրան հանձնել կառավարության հատկացրած 1 միլիոն դրամը:

Նորիկ Միրզոյանին պատկանող «ՎԱԶ-2106» մեքենայի վիճակը վատ է, ջարդված մեքենայից կարող է պիտանի լինել միայն շարժիչը: Տավուշի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Միշա Մխիթարյանից էլ տեղեկացանք, որ սողանքից տուժել է Տավուշի մարզի բնակիչներին պատկանող 12 մեքենա:

Բնական աղետից տուժածներին ֆինանսական փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ Տավուշի եւ Լոռու մարզպետներին վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի կատարումն ընթացքի մեջ է: Այդ նպատակով պետբյուջեից գումար է հատկացվել, սակայն դեռ պետք է որոշվի գումարի բաշխման կարգը՝ ով որքան է ստանալու:

Վարչապետի այդ հանձնարարականը կատարելու համար Տավուշի մարզպետարանը դեռ մի շաբաթ ժամանակ ունի: Իսկ Միրզոյանների ընտանիքը հիշում է Նորիկ Միրզոյանին: Նրա այրին` 62-ամյա Բավականն ասաց, որ իր ամուսինը սողանքի վայրում, ճանապարհին մեքենայով հայտնված շատ համագյուղացիների կյանքն է փրկել, մինչ փլուզումը նրանց հորդորելով գյուղ հասնել վերեւով ձգվող խճապատ ճանապարհով:

Հիշեցնենք, որ Նորիկն այդ ժամանակ թոռան հետ վերադառնում էր այգուց: Նա մոտեցել է սողանքի վայրին, փորձել օգտակար լինել: Սողանքն սկսվելուց հետո պապը վազել է իր անվանակից՝ 15-ամա թոռնիկի հետ: Կրտսեր Նորիկը 10-15մ վազելուց հետո պապին այլեւս չի տեսել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930