«Լրատվամիջոցներն` այսօր» խորագրով սեմինարի ընթացքում բազմիցս անդրադարձ եղավ լրագրողական էթիկային ու լրագրողների եւ լրատվամիջոցների պատասխանատվության անհրաժեշտությանը: «Եթե մենք լինենք բավականաչափ պրոֆեսիոնալ մեր հոդվածներում եւ հրապարակումներում` բավական կնվազեն մեր դեմ դատական հայցերը»,-այս միտքն էր պարբերաբար հնչում սեմինարի բանախոսների շուրթերից:
Անգամ Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Մանանա Ասլամազյանն անկեղծացավ. «Դատարանում գտնվող երեսուն գործերից չորսն ենք հասցրել դիտարկել, եւ ամեն անգամ մեծ ցանկությամբ ենք մոտեցել` աջակցել լրագրողներին, բայց յուրաքանչյուր անգամ, կարդալով այդ տեքստերը, իմ մեջ ներքին ընդվզում էր լինում, որովհետեւ եթե ես լինեի այդ մարդկանց փոխարեն, ում մասին այդպես գրել են, ես էլ կդիմեի դատարան: Մենք կարող ենք շատ բողոքել, որ չինովնիկները վատն են, բայց եկեք սկսենք մեզնից»: Տիկին Ասլամազյանը նաեւ հիշեց, որ երբ Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակեց իր մի եզրակացությունը` դատարանում գտնվող հայցի մասին ինչ-որ հոդվածի հետ կապված, իրեն է զանգահարել հոդվածի հեղինակ լրագրողուհին եւ հայտարարել` «Դու ո՞վ ես, որ ուզում ես ինձ պաշտպանել, ես ինքս ինձ կարող եմ պաշտպանել, հազար տարի պետքս չէ ձեր խորհրդի պաշտպանությունը…»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ