Ճարտարապետները մտահոգված են, որ «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ կառուցվելիք առեւտրի կենտրոնը կխանգարի մարդկանց տարհանմանը մարզադաշտից՝ որեւէ պատահարի կամ վթարի դեպքում:
«Հրազդան» մարզադաշտին մոտ ուզում են կառուցել նոր 20 մետրանոց առեւտրի կենտրոն: Այսօր այդ մասին «Հայելի» ակումբում ահազանգեցին ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մանասյանը, ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանը եւ Ռուբեն Հասրաթյանը: Ըստ ճարտարապետների՝ այդ վայրում մշտական առեւտրի կենտրոն կառուցելն անթույլատրելի է. արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանը տեղահանելը դժվար կլինի: «2011թ.-ի սկզբներին մենք տեղեկություն ստացանք, որ քաղաքային սովետի կողմից (նկատի ունի՝ քաղաքապետարանը-Հ. Հ.) ստացվել է թույլտվություն՝ այնտեղ առեւտրային կենտրոն կառուցելու եւ այդ առեւտրային կենտրոնը կառուցվելու է այնտեղ, որտեղից մարդիկ դուրս են գալու, որտեղ որ հիմա էդ յառմռկա կոչեցյալն է: Այս յառմռկան ժամանակավոր կառույցների կարգավիճակում էր, սակայն որոշ կապիտալ միջոցառումներ կատարելու շնորհիվ՝ սեփականատերը դիմել էր այդ անօրինականությունը օրինականացնելու համար»,- ասում է մարզադաշտի նախագծի համահեղինակներից Գուրգեն Մուշեղյանը՝ նշելով, որ այստեղ մեղավորը սեփականատերը չէ, որն ուզում է շահույթ ստանալ, այլ այն մարդիկ, ովքեր ի պաշտոնե իրավասու են թույլատրել:
Մուշեղյանը նշում է, որ մարզադաշտը կառուցելիս հաշվարկվել է՝ յուրաքանչյուր 1000 մարդու համար պահանջվում է 0.7-0.9 հա տարածություն, այսինքն՝ «Հրազդանի» մարզադաշտի մեջ մտնում է նաեւ հարող տարածքը: Ըստ Գուրգեն Մուշեղյանի՝ տոնավաճառի գործելը խորհրդային միության փլուզումից հետո ժամանակի պահանջ էր՝ գումար էր հարկավոր, ֆուտբոլն էլ անկում էր ապրում: Հիմա արդեն այս մարզաձեւը վերագտնում է իրեն, արտակարգ իրավիճակների դեպքում 70 000-անոց մարզադաշտի մարդկանց անհնար կլինի արագ տարհանելը: Այդ մասին է ասված նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացության մեջ: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ ասում է, որ այս հարցով դիմել են քաղաքապետարան, բայց պատասխան դեռ չեն ստացել, չեն էլ բացառում, որ առեւտրի կենտրոնի կառուցման նախագիծը կընդունվի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ