ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը փորձելու է ստվերը կրճատել 0.6 %-ով:
2012 թվականի պետբյուջեի ծախսերի 29 %-ն ուղղվելու է սոցիալական խնդիրներին, իսկ մարդկային կապիտալին՝ կրթություն, գիտություն, առողջապահություն եւ այլն, ուղղված հատկացումները կկազմեն բյուջեի ծախսերի 48.3 %-ը. այսօր «Փաստարկ» ակումբում ներկայացնելով եկող տարվա պետական բյուջեն ասաց Գագիկ Մինասյանը: Լրագրողների բնութագրմամբ՝ «բավականին չարչրկված» 101 միլիարդ դրամի հարկերի հավաքագրման մասին էլ պարոն Մինասյանն ասաց. «Իսկապես չարչրկված բառը բնութագրում է այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք: Պետք է ասեմ՝ 2008-2009 թթ.-ին հարկային եկամուտների աճը ավելին է եղել»: Իսկ հարցին ի պատասխան, թե ինչպես են ապահովելու այդ 101 միլիարդը, հանձնաժողովի նախագահը նշեց՝ տնտեսական աճի, օրենսդրական փոփոխությունների ու ստվերի նվազման հաշվին. «Շքեղության հարկը, որը թանկարժեք մեքենաներին է վերաբերում, 2 միլիոնի եկամուտ ունեցողների, ոգելից խմիչքների բնագավառում ակցիզային հարկերի ու հանքահումքային բնագավառում հարկերի բարձրացումը»: Հարցին, թե արդյոք փոքր ու միջին բիզնեսը չի՞ վճարի այդ 101 միլիարդը, պարոն Մինասյանը պատասխանեց, որ դեռ մի բան էլ արտոնյալ պայմաններ են տրամադրում ՓՄՁ-ին. «Վերջին տարիների վիճակագրությունից ակնհայտ է, որ մեր հարկային եկամուտների ճնշող մեծամասնությունը խոշոր բիզնեսն է վճարում, ստվերը հենց խոշոր բիզնեսում է հնարավոր: Ակնհայտ է, որ մեզ մոտ ավելի բարձր է, քան զարգացած արեւմտյան երկրներում, խնդիրն այն է, որ գնալով դա նվազեցվի: Եկող տարվա ընթացքում փորձելու ենք 0.6 %-ով նվազեցնել»: Հարցին, թե ինչո՞ւ շքեղության հարկի շեմը հենց 90 հազար դոլարն է, այլ ոչ ավելի ցածրը, պարոն Մինասյանը պատասխանեց. «Ես երբեք ավտոմեքենա չեմ ունեցել եւ չեմ ունենալու, չեմ կարող ասել, թե որ շեմն է ճիշտ: Ենթադրում եմ, որ մեզ մոտ շքեղ մեքենաներն այնքան էլ քիչ չեն»:
Aravot.am-ի այն հարցին ի պատասխան, թե մտավախություն չկա, որ նոր ստվեր կառաջանա՝ մեքենաների գներն էլ ինվոյսով պակաս կներկայացնեն, որպեսզի շքեղության հարկատեսակի տակ չընկնեն, Գ. Մինասյանը վստահեցրեց. «Մտավախությունը տեղին է. բայց հարկային եւ մաքսային ոլորտում կատարվող բարեփոխումները թույլ են տալիս մտածելու, որ ստվերը կնվազի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ