Սյունիքի մարզի «Շիկահող» պետարգելոցում թռչունների, նապաստակների եւ մկների շրջանում արձանագրվել են անկման դեպքեր: Ըստ պետարգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանի՝ անտառի վայրի բնակիչների անկման պատճառը աշնանը բնորոշ ժանտախտ հիվանդությունն է, իսկ այդ ուղղությամբ կենդանիների շրջանում հնարավոր չէ պայքարել: Չափսերով փոքր ու անտառի այս ու այն թփերի տակ թաքնվող կենդանիների անկման մասին իմանում են, երբ արգելոցի աշխատակիցներն անտառի բնակիչների մարմինները գտնում են անտառի երեւացող հատվածներում ընկած կամ գնում են ձյան վրա թողնված նրանց քայլերի հետքերով:
Բացի նշված հիվանդությունից, կենդանիների նվազման պատճառը նաեւ շնագայլերն են, որոնք անխնա հոշոտում են նապաստակներին: «Կապանի տարածաշրջանում շատացել են շնագայլերը, հոշոտում են ոչ միայն վայրի, այլ նաեւ գյուղերի ընտանի կենդանիներին` գառներին, հավերին, հնդկահավերին եւ այլն: Շնագայլերի դեմ պետք է պայքարի միջոցներ ձեռնարկվեն անպայման»,- նշում է «Շիկահող» պետարգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանը: Իսկ ահա վայրի խոզերի շրջանում աճ է նկատվում: 2008թ.-ին այստեղ բռնկված աֆրիկյան ժանտախտից բավականին նվազել էր վայրի խոզերի թիվը, մասնագետները մտածում էին, որ կա այս կենդանատեսակի վերացման վտանգ: Վերջին շրջանում, բարեբախտաբար, «Զանգեզուր» արգելավայրում նկատելի է վայրի խոզերի քանակի աճ, համեմատաբար քիչ, բայց էլի աճ կա նաեւ «Շիկահողում»: Այստեղ նաեւ «Կարմիր գրքում» գրանցված թռչնատեսակների աճ է արձանագրվել, հատկապես ավելացել է «Կովկասյան մայրահավ» եւ «Ձնեհավ» թռչնատեսակների թիվը:
Այս տարի անտառխախտման դեպքեր պետարգելոցի տնօրինությունը չի արձանագրել, եղել են ձկնագողության, որսագողության եւ արգելոցի ռեժիմի խախտման մեկական դեպքեր:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ