Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաունթերփարթ ինթերնեշնլի» ծրագիրը՝ Սյունիքի մարզում

Նոյեմբեր 09,2011 16:24

Սյունիքի մարզի 10 համայնքում «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպությունն առաջիկա 4 տարիներին կիրականացնի «Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցություն» ծրագիրը: Գյուղերում ծրագիրը մեկնարկել է դեռեւս անցած հոկտեմբերին: Սա դրամաշնորհների ծրագիր է, համայնքներում ակտիվ բնակիչները նախագծեր են առաջարկում:

Գյուղերում հիմնականում ներկայացվել են վերանորոգման- շինարարական, քաղաքացիական հասարակության ակտիվացման, կրթական եւ այլ ծրագրեր: Գյուղերում պահանջվող գումարի 20 տոկոսը պետք է տա համայնքը, քաղաքներում՝ համայնքը պետք է տա 40 տոկոսը: Գյուղում դրամաշնորհի առավելագույն չափը՝ 1,7 միլիոն դրամ, քաղաքում՝ 3,5 միլիոն դրամ:

«Ծրագիրը գործում է Հայաստանի 43 համայնքներում, որից 10-ը՝ Սյունիքից: Քաղաքային համայնքներից ընդգրկվել են Կապանը, Սիսիանը եւ Մեղրին: Գյուղերից՝ Գորիսի տարածաշրջանից Խնձորեսկ, Հալիձոր, Շինուհայր, Քարահունջ, Կապանի տարածաշրջանից՝ Արծվանիկ, Սիսիանից՝ Սպանդարյան ու Աշոտավան համայնքները: Ընտրությունը կատարել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը` հանդիպելով համայնքի ղեկավարների հետ հաշվի են առնվել, թե ժողովրդավարական ինչ սկզբունքներով է ղեկավարվում համայնքը»,- ասում է ծրագրի մարզային համակարգող Լուսինե Շեգունցը:

Կապանում, օրինակ, առաջնային է համարվել բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգումն ու դռների տեղադրումը, աղբահանության վիճակի բարելավումը, դպրոցների հարակից տարածքների, մայթերի բարեկարգումը, փողոցների ջրահեռացման խնդրի կարգավորումը, բացօթյա շուկաների համախմբման ու անհրաժեշտ տարածքի տրամադրման հարցը եւ այլն: «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության հետ Կապանի քաղաքապետը համագործակցության հուշագիր ստորագրել է հունիսին: Քաղաքապետ Արտուր Աթայանի խոսքով ՝մինչ օրս միջազգային կառույցների հետ սերտ համագործակցություն չի եղել, օրախնդիր շատ հարցեր լուծվել են տեղական բյուջեով եւ հանքարդյունաբերական ձեռնարկությունների աջակցությամբ:

Ըստ քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժի պետ Ա. Համբարձումյանի` համայնքի զարգացման 2009-2012թթ.-ի քառամյա ծրագրում նախատեսված մի շարք հիմնախնդիրների հնարավոր է եղել լուծում տալ, սակայն ֆինանսական սղության պատճառով այդպես էլ լուծում չի ստացել բազմաբնակարան շենքերի անհապաղ վերանորոգման կարիք ունեցող 114 տանիքների ու 35 վերելակների խնդիրն :

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930