Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միքայել Վաթինյան. «Ֆիլմս դիտելու համար է, ոչ թե խոսելու»

Նոյեմբեր 09,2011 16:00

Ռեժիսորի «Ժաննան եւ ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն ունենում է  համաշխարհային պրեմիերաներ:

 Ռեժիսոր Միքայել Վաթինյանի   «Ժաննան եւ ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը  2011թ. հոկտեմբերին ունեցավ համաշխարհային պրեմիերա Ասիայի ամենամեծ` Պուսանի կինոփառատոնում: Ֆիլմի արտադրությանն աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ոսկե ծիրանի»  հիմնադիր  Հարություն Խաչատրյանը հայտնեց, որ ֆիլմը միջազգային համատեղ կինոարտադրության լավագույն օրինակն  է. «Հայկական կինոն կարիք ունի նոր մոտեցման ու ձեռագրի, ինչը տեսա այս ֆիլմում»: Գլխավոր դերակատարներն են ռեժիսոր Միքայել Վաթինյանը եւ պրոդյուսեր Արմինե Անդան:  Վերջինիս խոսքերով` ֆիլմի վրա երկար են աշխատել, գործադրելով առավելագույն ջանքերը. «Երջանիկ ենք, որ այն համաշխարհային պրեմիերա ունեցավ: Հմայված եմ փառատոնից եւ ջերմ հանդիսատեսից»: Միքայել Վաթինյանը դժվարացավ ֆիլմից խոսել, քանի որ, նրա ձեւակերպմամբ՝ այն դիտելու համար է, ոչ թե խոսելու: Ռեժիսորը տեղեկացրեց, որ ֆիլմը Ժաննա դ՛Արկի պատմության ժամանակակից տարբերակն է. հերոսուհին ճանապարհորդում է Արցախով եւ Հայաստանի մարզերով` հանդիպելով տարբեր մարդկանց: «Դա մի փորձ էր` գնահատել տարանջատված իրողությունը, որի մեջ ապրում ենք: Ժաննան այն մարդկանց ձայներն է լսում, որոնց հանդիպում է»,-ասաց ռեժիսորը:

Սերբ բեմանկարիչ Իվանա Կրչադինացը, որը ներկայումս  ապրում է Հայաստանում, նշեց. «Ես կհամաձայնեմ կրկին աշխատել այսպիսի թիմի հետ»:

Սիրիացի բեմադրող-օպերատոր Թամամ Համզան աշխատանքային մթնոլորտը դրական գնահատեց. «Ամենեւին չեմ զգում, որ էմիգրանտ եմ»:

«Ժաննան եւ ձայները» պատիվ ունի հրավիրվելու Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի կողմից, որի ընթացքում հունվարի վերջին կունենա իր սկանդինավյան պրեմիերան: Ֆիլմի երեւանյան պրեմիերան, հավանաբար, տեղի կունենա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930