Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի մարզադահլիճը դառնալու է առեւտրի կենտրոն

Նոյեմբեր 09,2011 15:45

Կապանում գործող մարզական տարբեր խմբերն իրենց պարապմունքներն ու մարզումները անցկացնում են այս կամ այն կրթական հաստատության մարզադահլիճում կամ որեւէ այլ տարածքում: Կապանը մարզադպրոցների կարիք ունի, քաղաքի հիմնական մարզադպրոցը աշխատում է գերհագեցած ու ծանրաբեռնված ռեժիմով: Ու այս պայմաններում քաղաքի հին մարզադահլիճներից մեկը քանդում-վերափոխում են, որ ծառայի ոչ մարզական նպատակների:

Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի նախկին մարզադահլիճը, որտեղ տարիներ շարունակ կազմակերպվել ու անցակացվել են տարաբնույթ մրցաշարեր, մարզական խմբակների մարզումներ, որ նաեւ ավելի քան 100 հանդիսական ընդունելու հնարավորություն ուներ՝ մոտ ապագայում դառնալու է առետրի կենտրոն:

Կապանցիներից շատերն ուրախացան՝ տեսնելով վթարային մարզադահլիճում սկսված շինարարությունը, ենթադրեցին, թե վերջապես նորոգվում է հաստատությունը, կվերականգնվեն մրցաշարերի անցկացման նախկին ավանդույթները: Սակայն, ինչպես պարզվեց, ուրախանալու առիթ չկա, դահլիճը քանդվում է՝ տեղը հիպերմարկետ կառուցելու նպատակով:

Մեր այցելության ժամանակ մարզադահլիճի ներսի հատվածն արդեն քանդված էր, ակտիվ շինարարություն էր ընթանում, շինարարներն էլ հեռվից գոռում էին, որ չլուսանկարենք՝ իրենց ղեկավարն է այդպես ասել:

Փորձեցինք գտնել նախկինում այս դահլիճում կարատեի պարապմունքներ անցկացնող սաներին: Պարզվեց՝ նրանք՝ 40 երեխա, հիմա մարզվում են նույն շենքի նկուղային, խոնավ, ցուրտ ու մութ հարկում:

«Այս նկուղից այլ տեղ չենք էլ կարող տեղափոխվել, որովհետեւ տարածքները թանկ են: Կապան քաղաքի ավագանու որոշմամբ` համայնքի տարածքների վարձակալման համար սահմանված է մեկ քմ՝ 500 դրամ, իսկ ես չէի կարող երեխաներից ավելի գումարներ վերցնել, որ տարածք վարձակալեմ: 200 քմի համար ամսական 100 հազար դրամ միայն տարածքի համար պիտի վճարեինք: 96-ից մինչ օրս մեկ աշակերտի անդամավճարը ամսական 2000 դրամ է: Մենք այդդ գումարներից վճարումներ ենք անում կարատեի համապատասխան ֆեդերացիաներին, որպեսզի երեխաները կարողանան եւ մրցումների մասնակցել, ե՛ւ կարգ ստանան», – մեզ հետ զրույցում տեղեկացրեց խմբի մարզիչ Շահեն Բաբայանը:

Մեր տեղեկություններով, վթարային դահլիճը վաճառվել է Կապանի նախկին քաղաքապետի օրոք: Տարածքի տերն էլ որոշել է այսօր կառուցել հիպերմարկետ:

Մարզադահլիճի խնդրով շահագրգիռ անձինք դիմել են նաեւ Սյունիքի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնին: Բայց Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնին պետ Արմեն Ստեփանյանի խոսքով, տարածքում իրականացվող աշխատանքները կատարվում են շինթույլտվության հիման վրա: «Տարածքը սեփականության իրավունքով պատկանում է գործարար Կարեն Ոսկանյանին, ով կառուցում է հիպերմարկետ, գործունեությունը ծավալում է շինթույլտվության պահանջներին համապատասխան»,- նշել է պարոն Ստեփանյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930