Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտոնանկ արվեց նաեւ Էրեբունու ոստիկանապետը

Նոյեմբեր 09,2011 15:32

Էրեբունու ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Էրեբունու նոր ոստիկանապետ է նշանակվել մինչ այժմ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը գլխավորած Գագիկ Գաբրիելյանը: Գրիգոր Գրիգորյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Էրեբունու ոստիկանապետի պաշտոնանկությունը առնչություն ունի նրա ենթակա, Էրեբունու փոխոստիկանապետ Միհրան Քեշիշյանի դեպքի հետ: Կաշառառության մեջ կասկածվող Քեշիշյանը վերջին օրերին փախուստի մեջ է, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

«Տեղակալի հետ կապված դեպքը որ տեղի է ունեցել, միանշանակ պետք է արդյունքում լիներ նաեւ սա: Ամեն մի ղեկավար պատասխանատու է իր անձնակազմի համար», – ասել է Ներսես Նազարյանը:

Հիշեցնենք` Էրեբունու ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Քեշիշյանը կասկածվում է 13 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ` միջնորդների միջոցով մի քաղաքացու քրեական պատասխանատվությունից ազատելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, բայց ինչպես տեղեկացրեց Ներսես Նազարյանը, Էրեբունու փոխոստիկանապետի գտնվելու վայրը դեռ անհայտ է:

«Ինձ թվում է ինքը խելամիտ կլինի եւ կգա, կներկայանա, եթե` ոչ, կգտնեն միանշանակ, չի կարող փախուստի մեջ մնալ», – ասաց Նազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել