Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Շարժենք անշարժը»

Նոյեմբեր 09,2011 15:29

Քաղաքը սեքս  էր լսում, ունկնդրում էր բոլոր անկյուններում, բոլոր ծակուծուկերում, ամեն ծառի ու թփի տակ, սրճարանների պարապ աթոռներին, տների պատերի տակ, մեքենաների մեջ, ավտոբուսներից իջնելիս, քնած թե արթուն: Քաղաքին մի նոր ՙխաղալիք՚ էին նետել ու ասել էին ՙզբաղվիր՚:

Ու քաղաքը զբաղվում էր: Քաղաքը զբաղված էր:

…Գիշերային փողոցներում մարդիկ այլեւս գրեթե չէին երեւում: Ինչ-որ անորոշ ստվերներ էին, մումիաների ստվերներ: Շարժումներն անորոշ էին, խարխափում էին ու դա կոչում էին շարժում: Քաղաքի բոլոր մայթերին զիբիլ էր, կեղտ, զիբիլ, կեղտ: Մայթերը չէին երեւում: Այդպես որ շարունակվեր, շուտով մայթով քայլել չէր լինի, քայլելը կդառնար անհնարին:

Երեկ հեռուստացույցով միայն մի քանի վայրկյան հյուրերից մեկը խոսեց քայլելու իրավունքի մասին, ասաց, թե այդ իրավունքն աստվածային է եւ չի կարելի մարդուն զրկել քայլելու իրավունքից: Հետո՝ խշշոց, աղմուկ, էկրանի գույնը գնաց, էկրանն ինքը կորավ ու մեկ էլ հայտնվեց նախկինում ավելի հաստլիկ  մի մարդ ու դինջ-դինջ սկսեց խոսել քաղաքային աղմուկից: Ասաց, թե աղմուկը խանգարում է ուրիշների հանգիստ ապրելու իրավունքին, պարզապես ոտնահարում է: Ասել կուզի՝ քացով տալիս է:

Իսկ դրանից երկու օր առաջ, երբ դեռ անձրեւները չէին սկսվել, կինը սեքս էր ուզում: Դե, մարդ է, ուզում էր: Դա էլ նրա իրավունքն էր: Տվող չկար, բոլոր տղամարդիկ զբաղված էին հեղափոխության որոնումներով: Տղամարդկանց մի մասը հեղափոխություն էր որոնում, մյուս մասը իր բնում արմատախիլ էր անում  հեղափոխությունը, մյուս մասն էլ որոնում ու բռնում էր հեղափոխություն անողներին: Այս տղամարդիկ շա՛տ էին զբաղված ու կատաղած, գրգռված էին ու ձեռքներին գործ կար: Դե, էդ, էլի՝ մեկն ուզում էր հեղափոխություն անել, մյուսը՝ բռնում էր, երրորդները  <բազար՚> էին անում այլ հեղափոխության շուրջ: Արդյունքում բոլորը դառնում էին անկարող: Ոչ անելն էր ստացվում, ոչ չ-անելը: Բայց սրանք դեռ ոչինչ: Սրանց պահվածքում դեռ Շարժման նշույլներ էին նշմարվում: Կային նաեւ այլ կարգի տղամարդիկ՝ սրանք օր ու գիշեր, քնած թե արթուն, խոսում էին հեղափոխություն անողների եւ նրանց բռնողների մասին: Խոսում էին ամենուրեք, ու դժգոհ էին: Դա արտահայտվում էր այսպես.<ՙՏո, դրանք ի՞նչ տղամարդ են՚>: Սրանով  ամեն ինչ ասված էր:

Իսկ կինը սեքս էր ուզում ու դրա համար մտքով հասել էր հարեւան Վրաստան: գնացել էր, գտել էր մեկին ու հետը փորձել էր… չէր ստացվել, քանի որ այստեղ էլ տղամարդիկ զբաղված էին բրենդային բաներով, օրինակ՝ խաչապուրին հայտարարել էին վրացական բրենդ: Ու փոխանակ գործով զբաղվելու, սկսել էին իրենց շուրջը եղած ամեն ինչ՝ աղից ու ջրից սկսած, հայտարարել  վրացական բրենդ: Ու կինը ետ էր եկել: Մտովի: Զզված ու ձանձրացած այդ ամբողջ տարածաշրջանային բազարներից, Կինը որոշել էր մի հսկայական պատ շարել: Պատը պետք է լիներ առաձգական, ֆրանսիական ձգվող առաստաղների պես: Այդ պատին Կինը պատրաստվում էր  գամել  բոլորին՝ հեղափոխություն  -չանել  կարողացողներին, հեղափոխություն անել չ-կարողացողներին, բռնել չ-կարողացողներին, պատերի տակ ու սրճարաններում էս երկուսից խոսողներին եւ մնացած բոլոր չ-տղամարդկանց: Կինը դրանց գամելու էր էդ առաձգական պատին: Կողք-կողքի: Հատիկ-հատիկ: Մեկ առ մեկ: Գամելու էր ու պատը բաց թողներ: Պատը դառնալու էր գոֆրե, ակորդեոնի նման: Բայց՝ փակ: Այդ ակորդեոնը երբեք չէր բացվելու: Ու մնալու էին իրար վրա դարսված մեկուկես հեղափոխության գաղափարը բռնաբարող անկարողները, 0,5-ական  հեղափոխություն չ-անողներին բռնել չկարողացողները եւ 0,25-ական պատերի տակ խոսողները: Այդպես դարսված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Կինը մի կարգին մաքրություն չի անի: Չի մաքրի էս անտերությունը, դուրս չի թափի ամբողջ խլամը ու չի սրբի փոշին որոշ հնացած, բայց դեռ օգտակար իրերի վրայից:

Սա դեռ հետո…

Իսկ մինչ այդ Կինը սեքս էր ուզում:

Չկար այն տղամարդը, ով դեռ չէր մոռացել իր հողեղեն լինելը: Ամենքն աստղային հիվանդությամբ էին տառապում եւ իրենց մի-մի աստղի տեղ  դրած սավառնում էին սրա-նրա գրպանից, սրա-նրա քսակից ու ականջից ոչ հեռու: Աստղայինը տարել է էս քաղաքի տղա-մարդկանց: Խոսքերով բոլորը  լավն էին, իսկ իրականության մեջ՝ դատարկ դհոլ: Ընդամենը: Լավագույն դեպքում՝  <քամի տատանող՚>

Սուտ:

Ախր վաղուց էս քաղաքից քամին էլ է վերացել: Անգամ անձրեւ չի գալիս: Այնպես որ, տատանելու բան չի էլ մնացել: Տղամարդիկ կամաց-կամաց սովորել են այս անշարժ վիճակին: Իրենք են ստեղծել էս վիճակը:  Իրենց դրել են անշարժ վիճակի մեջ եւ անգամ լոզունգները չեն օգնի, օրինակ՝ <տղամարդը դու ես՚>, <Ո՞վ է իմ տղամարդը՚>, կամ, որ ավելի հուսահատական է՝  <Շարժենք անշարժը՚>: Է՛հ, շարժեք: Կարո՞ղ եք: Իհարկե՝ ոչ: Էդ էլ  հո ձեզ համար եգիպտական բուրգերը չե՞ն: Հա, ի դեպ, իսկ ինչո՞ւ Եգիպտոսում  կատարվեց այն, ինչ Քաղաքում չի կատարվում՝ էդ հեղափոխություն ասվածը: Եթե եղել եք Եգիպտոսում՝ կհասկանաք: Կամ, գուցե դուք վաղուց եք հասկացել: Այդտեղ ի՞նչն է շատ՝ փոշին: Փոշին ու անշարժ տղամարդիկ: Խանութների ու սրճարանների առաջ նստած փոշոտ ու անշարժ տղամարդիկ: Մումիաներ՝ փողոցներում, փոշի՝ փողոցներում:  Մումիաներ՝ սրճարաններում: Փոշի, փոշի, հին, հին, շա՛տ  հին: Ու մայթերին նստոտած փոշոտ տղամարդիկ՝ էդ  ամբողջ հնության հետ ձուլված: Ինքնակամ ձուլված: Իրականության մեջ՝ այդ փոշոտ ու անշարժ  նստած տղամարդիկ էդ հնության հետ ոչ մի կապ չունեն: Դա իրենցը չէ: Այն մշակույթը, որ եղել է Եգիպտոսում եւ այն մարդիկ, որ ապրում են այսօր այդտեղ, ոչ մի կապ չունեն իրար հետ: Մշակույթը հեռո՛ւ-հեռվում է, հեռո՛ւ-հեռվից, իսկ փոշու մեջ նստածները բոլորովին պատահաբար են հայտնվել այդտեղ ու մարդկանց ցույց են տալիս իրենց համար անհայտ եւ անհասանելի մշակույթը: Անգամ չեն կարողանում պատմել այդ մշակույթի մասին: Սխալ են պատմում, կեղծում են. իբր իրենք այդ ամենի հետ կապ ունեն: Չունեն: Առաջին հերթին այն պատճառով, որ սֆինքսն ու բուրգերը անգամ փոշու  մեջ փոշոտ չեն: Իսկ նրանց մասին պատմողները թեկուզ երկու օր առաջ լողացած, բայց փոշոտ են, շա՛տ փոշոտ: Կապ չկար: Չկա: Ու հեղափոխությունն էլ իրենց նման ստացվեց՝ փոշոտ, փոշու ու կեղտի մեջ: Մի տեսակ ուրիշ ոգով: Բայց, դե՝ ստացվեց:

Իսկ Քաղաքին  անգամ փոշին չօգնեց: Չօգնեց փոշին անգամ:

Հարցնում եք՝ ինչո՞ւ չօգնեց:

Ջուրը շատ էր: Շատ ջրալի էր սկիզբը, ընթացքը, վերջը:

Քաղաքում ջուրը շատ է:

Անգամ երբ իտալացիները կտրում են, էլի շատ է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930