Լրահոս
Օրվա լրահոսը

Սևան, թե՞ GeoProMining Gold

Նոյեմբեր 09,2011 14:30

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում են «Բնություն, թե փող» ահազանգերի շարքը, որի շրջանակներում մոտակա օրերին իրականացվելու է «Սևան, թե GeoProMining Gold» ցիկլը:

«Մենք Սևանի հանդեպ պարտք ունենք: Սևանին պետք է վերադարձնենք այն, ինչ երկար տարիներ` սկսած Խորհրդային Միության ժամանակներից, լիուլի վերցրել ենք: Սևանին պետք է վերադարձնենք նրա առողջությունը, և սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Մեզ համար, իրոք, պարտականություն է, պարտավորություն է, և այդ պարտքը պետք է վերադարձնենք նաև այն ակնկալիքով, որ Սևանը պետք է շարունակի ծառայել մեր ժողովրդին ու սերունդներին»,հայտարարել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը 2009թ. ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ընթացքում:

Որպես ասվածի ի կատար ածում, 2009թ. կասեցվեց Սևանի ջրահավաք ավազանում` Սոթքում, վերամշակման համալիրի կառուցումը: Այդ նախագիծն ահռելի ռիսկեր էր պարունակում Սևանի համար (միլիոնավոր տոննաներով լցակույտեր, թունավոր միացություններով փոշի, ցիանային պոչամբար և այլն):

Նախագծի լոբինգը կատարվում էր ոսկի արդյունահանող «GeoProMining Gold» ընկերության կողմից և ուներ իր «հովանավորները»` չնայած այն բանին, որ նման գործունեության իրականացումն ուղղակիորեն արգելված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով:

Ընկերությունն այն ժամանակ չանսաց հասարակության կարծիքին, բայց, միևնույն ժամանակ, ռիսկ չարեց գնալ երկրի առաջին դեմքի դեմ: Հասարակությունը նշեց իր հաղթանակը:

Չնայած դրան, երկու տարի անց «GeoProMining Gold»-ը, այնուամենայնիվ, մասնակիորեն իրականացրեց իր մտածածը: Արդեն առանց որևէ նախագծի կառուցվեց «արտադրամաս» բաց երկնքի տակ`ջարդող-տեսակավորող համալիր:

Սակայն այդ ակնհայտ ապօրինի օբյեկտով, որն այս պահին ողջ թափով աշխատում է, որևէ մեկը չզբաղվեց: Երկրի օրենքները խախտած, 34 միլիարդ խմ ծավալով քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարը վտանգի ենթարկած ընկերության գործունեությունը նույնիսկ տեսչական ստուգումներ չանցավ:

Փաստացի, ստացվում է, որ պաշտոնյա այրերը Սևանին պարտքը վերադարձնել չեն պատրաստվում: Պարտքը, որը սահմանված է իրենց պարտականություններով և զբաղեցրած դիրքով:

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում են Բնապահպանության նախարարին` պարոն նախարար, մի՛ զբաղվեք այդ խնդրի ուսումնասիրմամբ, այն վաղուց ուսումնասիրված է: Խնդիրն ունի մեկ լուծում` ջարդող-տեսակավորող համալիրը պետք է ապամոնտաժվի, իսկ «GeoProMining Gold»-ը պատժի ենթարկվի: Հակառակ դեպքում, Սևանի էկոհամակարգի հաշվին իրականացվող այս ապօրինությունների պատասխանատվությունը պետք է կիսեք և դուք:

 

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպություն

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930