Այսուհետեւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) պարբերաբար կկազմակերպվեն «Պոլիտեխնիկական դասախոսություններ» անվանումով գիտական սեմինարներ: Սեմինարները կվարի համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Ավետիսյանը: Նրա հրավերով գիտահետազոտական խնդիրների տեխնոլոգիական լուծումների շուրջ զեկուցումներով հանդես կգան գիտության տարբեր ճյուղերի հայտնի գիտնականները՝ «Ի՞նչն է հետաքրքիր ու արդիական այսօր» կարգախոսով:
Օրերս ՀՊՃՀ-ում տեղի ունեցավ «Պոլիտեխնիկական դասախոսություններ» գիտական սեմինարների շարքից առաջինը՝ «Տիեզերական վերելակ. ֆանտա՞զիա, թե՞ իրականություն» թեմայով:
Զեկուցողներն էին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը, պրոֆեսոր Մելս Բելուբեկյանը եւ ֆիզմաթ գիտությունների դոկտոր Կարեն Ղազարյանը:
ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանը, ով սեմինարների շարքի անցկացման հիմնական նախաձեռնողն է, նշեց, որ դասախոսությունների ընթացքում իրենց հետազոտությունները, գիտական աշխատանքները կներկայացնեն Հայաստանի գիտնականները, ճարտարագետները եւ տեխնոլոգները, որոնց գիտական գործունեության հաջողությունը նոր խթան կհանդիսանա երիտասարդ սերնդի շրջանում՝ գիտության նկատմամբ հետաքրքրության բորբոքման համար: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի խոսքերով՝ համահամալսարանական նման սեմինարները գիտության նկատմամբ հարգանք են ձեւավորում: Սեմինարները տեղի կունենան յուրաքանչյուր ամսվա առաջին երկուշաբթի օրերին, ժամը 15-ին, ՀՊՃՀ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում:
«Առավոտ» օրաթերթ