Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքական հերթական կեղծարարությունը

Նոյեմբեր 09,2011 14:21

Եվ ՀՀ ազգային արխիվի «հակահարվածը»

Վերջերս Մոսկվայում լույս է տեսել թուրք երիտասարդ պատմաբան Մեհմեդ Փերենչեկի «Հայկական հարցը ռուսական պետական արխիվների 120 փաստաթղթերում» գիրքը: Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Փերենչեկը նոր եւ ոչ ճիշտ մոտեցում է ցուցաբերել Հայոց ցեղասպանությանը: Գրքում մասնավորապես ասվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին եւ դրանից հետո կռվող պետություններում տեղի է ունեցել ժողովուրդների բախում, եւ տուժել է ինչպես Թուրքիայի հայ, այնպես էլ՝ թուրք եւ քուրդ բնակչությունը: «Կոտորածներն ու բռնությունները եղել են փոխադարձ: Հայ կամավորական ջոկատները Թուրքիայում իրականացրել են մահմեդական բնակչության էթնիկական զտում, ինչի պատճառով թուրքական կառավարությունը ձեռնարկել է համապատասխան միջոցներ՝ հայ կամավորների շարժումները ճնշելու համար: Հայ, ինչպես նաեւ՝ թուրք եւ քուրդ մահմեդական բնակչության կոտորածի պատճառն առաջին հերթին Ցարական Ռուսաստանն է»,- նշված է գրքում: Թուրք պատմաբանը Ռուսաստանի արխիվներից հայտնաբերել է 120՝ իր հայեցակարգերը հաստատող փաստաթղթեր, սակայն, ինչպես փաստեց Ա. Վիրաբյանը, դրանցից ընդամենը 63-ն են պատկանում ռուսական արխիվին: Բացի դա՝ ռուսական պետական արխիվներում Հայոց ցեղասպանության մասին շատ քիչ փաստաթղթեր կան, քանի որ արդեն իսկ 1914թ.-ին ռուս դիվանագետները հեռացել էին Թուրքիայից:
Գիրքը սկսվում է 1926թ. Սովետական մեծ հանրագիտարանում լույս տեսած «Հայկական հարցը» հոդվածով: Բազմակետերը փաստում են այն մասին, որ պատմաբանը կրճատումներ է կատարել: Ա. Վիրաբյանի խոսքով. «Թուրք պատմաբանը չի տպագրել այն հատվածը, ըստ որի՝ կոտորածից հետո Թուրքահայաստանը մնացել է առանց հայերի: Սա փոքր հնարամտություն է, որն օգտագործում են ցանկացած պատմության կեղծարարները»:
Հրապարակմանն ի պատասխան՝ Հայաստանի ազգային արխիվը պատրաստում է «Մշտապատում»՝ Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի մոտ 700 գյուղերի մասին պատմող եռհատորյակը, որում տպագրվելու են ցեղասպանությունը վերապրած մարդկանց՝ մինչ այդ չհրապարակված փաստաթղթերում առկա հիշողությունները՝ կոտորածի եւ կոտորողների մասին: Նշվելու է ականատեսների բնակության վայրը, սեռը, կրթությունը, թուրք ջարդարարների տվյալները եւ համապատասխան լուսանկարներ: Ինչպես հավելեց Ա. Վիրաբյանը, «Մշտապատումը» կնպաստի ցեղասպանության ճանաչմանը: Լույս է տեսնելու նաեւ մինչ այդ չհրապարակված 1200 փաստաթուղթ՝ Կարսի հայ բնակչության կոտորածի մասին:
Մեհմեդ Փերենչեկի գիրքն առավել մեծ արձագանք է գտել Ադրբեջանում. լրատվական կայքերը ողողված են նրա տված հարցազրույցներով:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930