Հարսանեկան զգեստներն անցյալում եւ հիմա
Գեղեցիկ եւ յուրօրինակ հարսանեկան զգեստ հագնելու մասին, գուցե, շատ աղջիկներ են երազում: Բայց պետք է ընդունել, որ այդ գեղեցիկը եւ յուրօրինակը հարաբերական է, քանի որ յուրաքանչյուր աղջիկ այն յուրովի է պատկերացնում:
Ինչ գույնի հարսանեկան զգեստ են գերադասում հայուհիները: Այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել հարսանեկան զգեստներ տրամադրող սրահներից մեկի աշխատակցուհի Սյուզիից. «Ես արդեն 12 տարի աշխատում եմ այս ոլորտում, չեմ նկատել, որ կոնկրետ գույն առանձնացված լինի հայուհիների համար: Հավասարապես վերցնում են եւ՛ սպիտակ, եւ՛ կաթնագույն զգեստներ»: Ավելացնեմ նաեւ, որ Սյուզիի հետ համակարծիք էին տարբեր հարսանեկան զգեստներ տրամադրող սրահների աշխատակիցները:
Իսկ թե դարեր առաջ հայուհիները ի՞նչ գույնի հարսանեկան զգեստներ են հագել, պարզեցինք Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սվետլանա Պողոսյանից, որի փոխանցմամբ էլ՝ «Անցյալում հարսանեկան հագուստը շատ գունեղ է եղել. կանաչ, կարմիր, կապույտ երանգների մեջ: Գտնում էին, որ մարդը մի կենաց ծառ է, որը ամբողջ կյանքում ծաղկում է մի անգամ՝ ամուսնանում է: Իմաստն այն էր, որ գունեղ հարսանեկան հագուստը այն կրողին պետք է լավ ճակատագրի արժանացներ»: Ս. Պողոսյանի խոսքով՝ սպիտակը եվրոպական փոխառություն է: Մի տեսակետի համաձայն՝ այն եղել է Մարի Ստյուարտի նորարարությունը, իսկ մեկ այլ տեսակետի համաձայն՝ Վիկտորիա թագուհու:
Հայ աղջիկները խստապահանջ են ոչ միայն հարսանեկան զգեստի գույնի ընտրության հարցում, այլեւ՝ ձեւի: «Ուղիղ զգեստները ավելի շատ հարցնում են, փորձում, իսկ վերջում ընտրում են փոռիկներով, ուռուցիկ զգեստները: Պատճառն այն է, որ ուղիղ շորերի մեծ մասը եվրոպական են, նախատեսված բարձրահասակ աղջիկների համար, իսկ մեր աղջիկների մեծամասնությունը ցածրահասակ է եւ ոչ բոլորին է նման զգեստ սազում»,- ասաց Սյուզին:
Թե նախկինում հայուհիների հարսանեկան զգեստներում ի՞նչ տարրեր են եղել՝ մեզ հետ զրույցում մանրամասնեց տիկին Պողոսյանը. «Հարսանեկան զգեստները ամբողջովին զարդարված են եղել խորհրդանշական զարդանախշերով. կենաց ծառով, կիսալուսնաձեւ շրջանակներով, սուր անկյունով դեպի ներքեւ եռանկյունիներով, որոնք էլ եղել է կնոջ արգասաբերության եւ հաջողության խորհրդանիշը: Պարտադիր կրել են 2 քող՝ կանաչ եւ կարմիր, կամ կանաչ եւ սպիտակ, որն էլ ներկայացրել է հարսնության խորհուրդը»:
Անցկացնելով փոքրիկ հարցախույզ մի խումբ աղջիկների շրջանում՝ պարզվեց, որ նրանցից շատերը ընդհանրապես տեղեկություն չունեն նախկինում օգտագործված զարդանախշերի եւ դրանց նշանակության մասին:
Որպես հետաքրքիր փաստ՝ հարսանեկան զգեստների մասին նշեմ, որ Գինեսի ռեկորդների գիրքը համալրվել է եւս մեկով՝ «Հարսանյաց զգեստի ամենաերկար փեշ անվանակարգում»: Ռումինացի մոդելավորող Իոանա Կոմանեսկու կարած զգեստը գրանցվել է Գինեսի գրքում, քանի որ այն ունի մոտավորապես 1 կմ երկարություն եւ զարդարված է 7000 «Swarovski» քարերով:
ԱՆԻ ԵՆՈՔՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ