Արմավիրի մարզի Ծիածան գյուղում վագոն-տնակում ապրող Հակոբյանները հույս ունեն, որ մի օր իրենց ձայնը լսելի կդառնա:
ՄԱԿ-ի եվրոպական հարցերով տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ Հայաստանում ապրող մոտավորապես 800 000 ընտանիքից 400 000-ը չունի մշտական կացարան: Նրանց մոտ 40 տոկոսն ապրում է ժամանակավոր կացարաններում, տնակներում, մյուս մասը՝ հանրակացարաններում ու վթարային շենքերում, երրորդները՝ նկուղներում, անավարտ կամ կիսաքանդ տներում:
Արմավիրի մարզի Ծիածան համայնքի վերջնամասում, կարմիր մի տնակում է գոյատեւում ՄԱԿ-ի հաշվարկած ընտանիքներից մեկը՝ Հակոբյանները: Հինգ հոգի են. տատը՝ 64-ամյա Էմմա Հակոբյանն ու նրա միակ տղան՝ կնոջ եւ երկու երեխաների հետ:
1988 թվականին Էմմայի ամուսնու վաղաժամ մահվանից հետո, տիկինն ու որդին ժառանգում են Երեւանում գտնվող նրա մեկ սենյականոց բնակարանը: Իսկ 1993 թվականին, երբ Էմմա Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատանում է, բուժման նպատակով ստիպված վաճառում են բնակարանն ու որոշ ժամանակ ապրում վարձակալությամբ:
Չնայած մեծ ծախսերին՝ տիկինն այդպես էլ չի բուժվում. մնում է հաշմանդամ: Իսկ տան վաճառքից մնացած 1500 դոլարով մայր ու որդի կարողանում են Ծիածան գյուղում հող գնել, բարեկամների օգնությամբ մետաղե տնակ ձեռք բերել եւ տեղափոխվել այդտեղ՝ մշտական բնակության: Կացարանը, ուր ապրում է ընտանիքը, պատերազմյան շրջանի թաքստոց է հիշեցնում. սառը, անհրապույր, մութ ու մռայլ. այստեղ ամեն ինչ մեկտեղված է, ամեն ինչ ձեռքի տակ: «Մետաղե այս պատերի մեջ ամռանը շատ շոգ է լինում, ձմռանը՝ ցուրտ: Հատկապես էդ երկու սեզոններին աշխատում ենք տուն մտնել միայն գիշերելիս: Ներսի ջերմաստիճանն այնքան անկայուն է, որ մեկ ժամից ավելի մնալու դեպքում հաստատ կհիվանդանաս»,- ասաց երկրորդ կարգի հաշմանդամ Էմմա Հակոբյանը:
Մեր այցելության պահին էլ էին տատն ու թոռը դրսում՝ իրենց բակի ծառերն էին կտրում՝ անշունչ տնակի ցուրտ պատերը տաքացնելու համար: Թեեւ տաքացնելն այս դեպքում հարաբերական է ասված: Պատերի վրա տեղ-տեղ գոյացած անցքերից ցուրտն անարգել սողոսկում է ներս՝ իրենով լցնելով վագոն-տնակի առանց այն էլ խոնավ կացարանի ամեն մի անկյունը: «Սա դեռ ոչինչ, անձրեւների ժամանակ էլ տունը ջրով է լցվում, իսկ ձմռանն ուղղակի դիմակայում ենք ցրտին»,- ներկայացրեց տիկին Էմման:
Առողջության համար վտանգավոր այս պայմաններում են ապրում նաեւ երեխաները: Թեեւ՝ ոչ միայն ապրելու, այլեւ սովորելու համար նորմալ պայմաններ չունեն, բայց դպրոցում աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ: Տղան՝ զինվորական, իսկ աղջնակը դատավոր է ուզում դառնալ: «Կարեւոր մարդ եմ դառնալու, որ օգնեմ ընտանիքիս»,- դատավոր դառնալու իր նպատակն այսկերպ հիմնավորեց փոքրիկ Էմման: Իսկ աղջնակի տատը՝ երկրորդ կարգի հաշմանդամ ավագ Էմման, ում կյանքն այլեւս դեղերից է կախված, իր առողջության մասին էլ չի մտածում. նրան մտահոգողը 30-ամյա հարսի առողջությունն է, որը կորցրել է տնակի սառը պատերի մեջ: «Բժիշկները հարսիս կտրականապես արգելել են տնակում ապրել: Ասում են՝ նրա առաջին թշնամին տնակի անկայուն ջերմաստիճանն է: Երիտասարդ կին է, բայց ամենակարեւորն արդեն կորցրել է: Մի տեսակ ինձ մեղավոր եմ զգում նրա առաջ, որ չեմ կարողացել իրեն ու թոռներիս համար մարդկային պայմաններ ապահովել»,- արցունքն աչքերին պատմում էր հիվանդությունից կծկված ու փոքրացած հաշմանդամ կինը:
Հարսը տանը չէր: Գնացել էր աշխատանքի: Ծանոթներից ու հարեւաններից գյուղմթերք է գնում եւ վերավաճառում մեծածախ շուկաներում: Տղան էլ օգնում է կնոջը բերքը շուկա հասցնելու գործում:
Մի օր կուշտ, մի օր սոված, մի օր ցուրտ, մի օր տաք՝ ապրում են հույսով, որ երկրի ղեկավարներին ուղղված բազմաթիվ նամակների հետքերով մի օր բարի մարդիկ իրենց դուռը կթակեն ու կասեն՝ ինչո՞վ կարող ենք օգնել:
Բարեխիղճ մոլորության մեջ հայտնված կինը դեռ հավատում է նախագահի՝ սոցիալապես խոցելի ընտանիքներին սատարելու նախընտրական խոստմանը, որը, իր ասելով, անձամբ է լսել տարիներ առաջ՝ նախընտրական քարոզչության ընթացքում: «Ոչ միայն երկրի ղեկավարին, այլեւ մի քանի կուսակցությունների ու կազմակերպությունների եմ նամակ գրել, որ օգնեն՝ տուն ձեռք բերեմ: Թե չէ՝ եթե մի քանի տարի էլ այս պայմաններում ապրենք՝ թոռնիկներս էլ կհիվանդանան»:
ՀՀ նախագահին ուղղված տիկին Էմմայի նամակները վերահասցեագրվել են Արմավիրի մարզպետին: «Ոչ մարզպետարանը, ոչ էլ գյուղապետարանը մեզ օգնել չեն կարող: Բայց կան միջազգային կազմակերպություններ, որոնք մեր նման ընտանիքների համար տուն են կառուցում կամ աջակցում են, որ կառուցեն»,- ասաց տիկին Էմման:
Հայաստանի «Ֆուլլեր» տնաշինական կենտրոնը Արմավիրի մարզում նման ծրագիր արդեն իրականացրել է: Կայուն հիմքերի վրա տան կարիքը Հակոբյանները շատ են զգում. լուսավոր ու տաքուկ տնից է կախված երկու անչափահաս երեխաների կյանքն ու առողջությունը:
ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ