Լրահոս
Օրվա լրահոսը

Թռչկանի շուրջ հանգամանքները փոխվել են

Նոյեմբեր 09,2011 13:37

«Ռոբշինը» դատի է տալու բնապահպանության նախարարությանը

Թռչկան ջրվեժը կարելի է փրկված համարել: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց հաղթանակն էին տոնում «Պաշտպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության ակտիվիստներն ու բնապահպանները: Չնայած սրան, բնապահպանները դեռ ունեն որոշակի մտահոգություններ: Նախաձեռնության իրավաբան Մերի Խաչատրյանի խոսքերով, ջրվեժը չունի անձնագիր եւ հստակեցված չեն ջրվեժի պահպանվող տարածքները: Ու ինչքան էլ հողային ու բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքներով արգելվում է ջրվեժի մոտ տնտեսական գործունեություն ծավալել, անձնագիր չունենալու հարցը կարող է հետագայում խնդիրներ առաջացնել: Բացի այդ, բնապահպանները պահանջում են, որ ՀՀ բնապահպանության նախարարը հետ կանչի ջրվեժի մոտ ՀԷԿ-ի կառուցման թույլտվությունը: Մ. Խաչատրյանին ու ջրվեժի պահպանությամբ մտահոգված բոլոր ակտիվիստներին զարմացրել է վարչապետի վերջին հայտարարությունը, թե ջրվեժին կտան հատուկ պահպանության կարգավիճակ. «Ի՞նչ է ստացվում՝ 3-րդ անգամ ենք Թռչկանին կարգավիճակ տալիս, բայց սայլը տեղից չի շարժվում: Ի դեպ, այս կարգավիճակը տալիս են անձնագիրը սահմանելուց հետո»: Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ մտահոգված է ջրվեժի մոտ սողանքավտանգ տարածքներ հայտնաբերելու մտքից: Մ. Խաչատրյանի խոսքերով էլ, բնության հուշարձանների ցանկում սխալ է կազմվել նաեւ Թռչկանի նկարագիրը. «Գրված է, թե այն գտնվում է Չիչխան գետի Թռչկան վտակի վրա, բայց Թռչկանը երբեք վտակ չի ունեցել: Առաջանում է 2-րդ խնդիրը, սա պետք է շտկել եւ անձնագրում այս սխալը չներառել»:
Իրավաբանի խոսքերով, «Ռոբշին»-ը սկզբում պատրաստվում էր նախարարությանը դատի տալ ու կրած վնասների դիմաց փոխհատուցում պահանջել, բայց հասկացավ, որ դրա իրավունքը չունի. «Այն պահին, երբ այդ ընկերությունը փոխհատուցում կուզի կառավարությունից, ես ու մեր նախաձեռնության բոլոր անդամները համապատասխան առաջարկությամբ հանդես կգանք՝ մեր պետությանը պաշտպանելու համար: Այդ ընկերությունը մեծ վնաս է հասցրել էկոհամակարգին ու դեռ պետք է վերականգնի Չիչխան գետին ու հարակից տարածքներին հասցրած վնասն ու փոխհատուցի պետությանը, հլը ինքն է պետությանը պարտք»: «Ռոբշին»-ի սեփականատեր Ռոբերտ Օխանյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե հետո կերեւա՝ ով ում է պարտք. «Միանշանակ փոխհատուցում ենք պահանջելու նախարարությունից, որովհետեւ մեծ չափի վնասներ ենք կրել, դիմելու ենք բարձր ատյաններ, եթե հրաժարվեն մեր պահանջից»: Մեր հարցին, ապա ինչո՞ւ էին ավելի վաղ հերքել իրենց այս հայտարարությունը, պարոն Օխանյանը հավելեց. «Հանգամանքները փոխվել են»:
ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930