Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միեւնույն է՝ ժողովրդի «ջանից» է դուրս գալու

Նոյեմբեր 09,2011 13:34

Տնտեսագետը համոզված է, որ շքեղության հարկով աչքակապություն են  անում. պետք է շքեղ առանձնատների գույքահարկն էլ բարձրացնել, հանքարդյունաբերությունից ու բանկերից ավել հարկ գանձել:

2012 թվականին շատ քիչ ժամանակ է մնացել, եւ եկող տարվա բյուջեն 101 միլիարդ դրամով ավելի հավաքագրման շուրջ շարունակվում են տարբեր կարծիքներ հնչել: Որոշ մասնագետներ համոզված են, որ այդ ավելի գումարը փոքր ու միջին բիզնեսի հաշվին են հավաքելու: Իսկ մեզ հետ զրուցած որոշ գործարարներ վստահ են, որ այդ գումարները հենց իրենք են վճարելու:
«Վեդի ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը եւ Ռուբեն Հայրապետյանը վստահ են, որ 101 միլիարդը խոշոր բիզնեսից են հավաքագրելու: «Մենք պիտի տանք, բա էլ ո՞վ պիտի տա»,- վստահեցնում էին նրանք:
«Մաքս կոնցեռնի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանի կարծիքով էլ՝ «Դե, որ շատ բան փոքր ու միջին բիզնեսի հաշվին էլ պետք է լինի, դա միանշանակ է: Ազգային ժողովում քննարկումներ են գնում, պարզ կլինի, թե ինչպես կհավաքվի այդ գումարը, գուցեեւ՝ ավելի հավաքվի»: Ըստ Խ. Մանուկյանի, այսպես թե այնպես, ներկայիս խոշոր ձեռնարկությունները պետք է բյուջեն լցնեն. «Հայաստանում 2011 ու 2012 թվականների միջեւ շատ բան չի փոխվելու, միանգամից նոր հիմնարկներ չեն առաջանալու, որ հարկեր վճարեն»:
Նկատենք, որ վերջերս էլ, ՀՀԿ տնտեսական կոնֆերանսից հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարության մշակած հարկային նոր փաթեթը միտված է ՓՄՁ-ի բեռը թեթեւացնելուն եւ այդ բեռը տեղափոխելու այն ոլորտներ, որտեղ կան մեծ եկամուտներ: Կառավարության անդամների վստահեցմամբ՝ 101 միլիարդը կհավաքվի այս նոր փաթեթի եւ կանխատեսվող տնտեսական աճի շնորհիվ:
«Ինձ զարմացնում է վարչապետի ասածը, ակնհայտ է, որ Հայաստանում հարկային եկամուտների ավելի քան 75%-ը անուղղակի հարկեր են: Հետեւաբար ցանկացած հարկերի բարձրացում 75 %-ով ընկնելու է փոքրիկ ժողովրդի վրա: Այսինքն՝ այս պարագայում հայտարարել, որ կընկնի խոշոր բիզնեսի վրա, ինձ ապշեցնում է: Կարճ ասած, մարդը բոլորին հիմարի տեղ է դնում»,- կառավարության հայտարարության վերաբերյալ նման կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով՝ այն, որ շատերի համար 101 միլիարդ հավաքելը բարդ գործ է, իսկ կառավարությունն էլ ներկայացնում է, թե ինչ հերոսական աշխատանքներ են տանում, որ այդ գումարը հավաքվի, անհիմն է. «Եթե ոչինչ էլ չանեն, միայն գնաճի եւ հանքարդյունաբերությունում ավելի շատ հանք արդյունահանելու հաշվին 101 միլիարդի 85%-ը կստանան: 101 միլիարդը քիչ է, նրանք պարտավոր էին բյուջեն բարձրացնել 400 միլիարդով՝ հարկելով հանքարդյունաբերությունը, բարձրացնելով եկամտահարկի բեռը եւ ուժեղացնելով գույքահարկը: Այդ քայլերը չեն արվում, բացառությամբ մի չնչին շքեղության հարկի, որը դրել են մի քանի ավտոմեքենայի վրա. դա չնչին գումար է: Եթե ստվերին կպնեն, ապա բյուջեն 350 միլիարդով պիտի աճեր»:
Մեր այն դիտարկմանը, որ խոշոր բիզնեսն էլ հայտարարում է, թե իր ուսերին է լինելու 101 միլիարդը, բացի այդ, հարկային փոփոխությունների օգնությամբ էլ կհավաքվի այդ գումարը, պարոն Բագրատյանն ասաց. «Ստում են: Անուղղակի հարկերը հաշվի չառնենք, որովհետեւ դա իրականում ժողովուրդն է վճարում: Իսկ ուղղակի հարկերի մեջ ունենալով բիզնեսի 56%-ը՝ օլիգարխները վճարում են հարկերի ընդամենը 31%-ը: Շքեղության հարկը, որը միայն ավտոմեքենաների վրա է տարածվում, ասենք, 90 հազար դոլարանոց մեքենայից են հարկ գանձելու, այն դեպքում, երբ մարդը 10 միլիոն դոլարանոց առանձնատուն ունի: Դա ծիծաղելի է: Իսկ այդ գնի մեքենա Հայաստան տարեկան մոտ մի քանի տասնյակ է մտնում: Դա փող չէ՝ աչքակապություն է: Ոնց որ ասեն՝ մի քանի կոպեկ տվեք, որ գնանք ժողովրդին ասենք՝ շքեղության հարկ ենք վերցնում: Թող բարձրացնեն գույքահարկը: Ասենք՝ 300-500 քմ-ից տասնապատկեք գույքահարկը, որ բյուջեի 5%-ը տա: Սա չեն անում: Հանքերի ուղղակի վաճառքի թեզն էլ չեն կիրառում, որը կտա 300 միլիարդ դրամ: Օրինակ՝ մոլիբդենի հանքաքարի 65%-ի չափով հարկ վճարեն: Այնպես որ՝ ձեւեր են թափում»: Տնտեսագետը վստահ է, որ իր առաջարկած գույքահարկի շնորհիվ էլիտար շենքերի բնակարանների գները կիջնեն. «Մի մարդու անունով կա գրանցված շենք՝ 10 հազար քմ, այ, եթե 500 քմ-ի դեպքում մի հատ շրխկալեն թանկ գույքահարկ գար, էդ դատարկ առանձնատներն ու բնակարանները միանգամից կվերանային, գները կիջնեին ու հասարակ ժողովրդին էլ կվաճառեին: Անիմաստ շինարարությունը կվերանար, գործարարներն այդ կապիտալը կուղղեին արդյունաբերություն, աշխատատեղեր կբացվեին»: Մյուս կարեւոր հանգամանքը ճիշտ տնտեսական քաղաքականության համար, Հ. Բագրատյանի կարծիքով՝ բանկերի լրացուցիչ հարկումն է, ինչը, ըստ մասնագետի, կառավարությունը չի ուզում անել:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Հրանտ Բագրատյանի՝ շաբաթ օրը մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման որոշ հատվածներ կարող եք դիտել «Առավոտի» այս տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930