Աշոտ Չիթիրյանն անցյալ տարվանից չի կարողանում իր հայրական գերեզմանից հանել օտար հանգուցյալին
Անցյալ տարվա հունիսի 12-ին Էրեբունու ոստիկանության բաժին դիմեց Աշոտ Չիթիրյանը, հայտնելով, որ իր հոր գերեզմանում բարձրացվել է օտարի հուշաքար, այսինքն՝ հոր շիրիմի կողքին կա այլ հանգուցյալ:
Էրեբունու ոստիկանությունը սկսեց հետաքննություն: Այդ ընթացքում անծանոթ սգակիրները կանչվեցին ոստիկանություն, որտեղ նրանք փորձեցին հակառակն ապացուցել: Նրանք հայտնել էին, որ 1 տարի է, ինչ իրենք այնտեղ են եւ դա իրենց գերեզմանն է: Աշոտ Չիթիրյանը փորձում էր ապացուցել, որ դա իր հոր՝ Հայրենական պատերազմի վետերան Հովհաննես Չիթիրյանի գերեզմանն է: Ոստիկանության որոշմամբ բացվեց գերեզմանը: Ողջ այդ ընթացքում հետեւելով գերեզմանափորների գործողություններին, տեսանք, որ, իրոք, այնտեղ կա այլ հանգուցյալ:
Էրեբունու ոստիկանությունում թաղման բյուրոյի դեմ հարուցված քրեական գործը ուղարկվեց ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին: Մինչ օրս ոչինչ չի արվել: Ոստիկանությունը Չիթիրյանին հայտնել էր, որ կհանվի օտարի շիրիմը:
Կարդացեք նաև
Ուղիղ մեկ տարուց ավելի ոչինչ չի ձեռնարկվում: Թե հոգեկան առումով ինչ ծանր վիճակում է հայտնվել Ա.Չիթիրյանը, ոչ մեկին չի հուզում: Դրա համար պետք է պատկերացնել այն մարդու հոգեվիճակը, որն իր հարազատի շիրիմին այցելելով՝ ամեն անգամ տեսնում է մեկ այլ հանգուցյալի շիրմաքար, մեկ այլ սգակիրների իրենց գերեզմանում:
Անշուշտ, գերեզմանի վրա բառի ուղիղ իմաստով պետք է «արգելանք» դրվի:
Այլապես, այս պատմությունը մարսելով, մյուսների շիրիմներին էլ է նույնը սպառնալու:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի