Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին տնօրինուհին՝ ընդդեմ «168 ժամի»

Նոյեմբեր 09,2011 13:13

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում երեկ տեղի ունեցավ Էջմիածնի թիվ 2 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Սուսան Նազարյանին ընդդեմ «168 ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի դատական նիստը: Նույն նիստին հաջորդեց նաեւ նախկին տնօրինուհու անչափահաս որդու՝ Տիգրան Տերտերյանին ընդդեմ նույն թերթի դատական նիստը: Նշենք, որ Ս. Նազարյանը դատի է տվել նաեւ ԿԳՆ-ին:
Խոսքը Էջմիածնի դպրոցում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ ստեղծած, աշակերտներին սեռական բնույթի վիրավորանքներ-հայհոյանքներ տվող տնօրինուհու մասին է: Թերթի հրապարակումից հետո այս խնդրին անդրադարձել էին նաեւ «Առավոտը» եւ էլեկտրոնային այլ լրատվամիջոցներ: Նախկին տնօրինուհին, որի լիազորությունները դադարեցվել էին այս տարվա ապրիլի 30-ին, գտնում է, որ իրեն զրպարտել եւ վիրավորել են, եւ թերթից պահանջում է երկու միլիոն դրամ՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար: Եվս երկու միլիոն էլ թերթից պահանջում է որդին: Նիստի հենց սկզբում հայցվոր կողմի ներկայացուցիչ Գեւորգ Գեւորգյանն առարկեց նիստի լուսանկարահանումը եւ տեսաձայնագրումը նման պատճառաբանությամբ՝ «շոու ստեղծելու եւ անհարկի, լրացուցիչ զրպարտություններ եւ չճշտված տեղեկություններ տարածելու նպատակ է հետապնդում»: Պատասխանող Անահիտ Հակոբյանը դա իրավունքների խախտում համարեց. «Նման մտավախություն չի կարող լինել, քանի որ տեսաձայնագրումը ֆիքսում է այն, ինչ կա իրականում»: Դատավորի որոշմամբ, լրագրողները կարողացան լուսանկարել եւ տեսաձայնագրել:
Պատասխանող կողմը երեկ դատարանին ներկայացրեց իր ապացույցները՝ ծնողների, աշակերտների, ուսուցիչների նամակները, ձայնագրությունները: Լրագրողը նշեց, որ ինքը մի քանի անգամ եղել է Էջմիածնում, որտեղ, նրա խոսքով՝ ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերել, հրել եւ այլն:
«Հայցվորը չի կարող ապացուցել իր վկայակոչած փաստերը, այն, որ լրատվամիջոցի կողմից եղել է զրպարտություն, որովհետեւ կան բազմաթիվ վկաներ, գրավոր ապացույցներ, փաստեր, որոնք հիմնավորում են այն հանգամանքը, որ իրականում տնօրինուհին կատարել է իրավախախտումներ, ավելին՝ հանցանք: Եթե անգամ քրեական գործ հարուցված չլիներ, միայն այն փաստը, որ տնօրենը վերադաս մարմնի կողմից ազատվել է աշխատանքից հենց այդ պատճառով, արդեն բավարար ապացույց է»,- նիստից հետո հայտնեց Ա. Հակոբյանը:
Դատական երկու գործերով նիստերն էլ հետաձգվեցին նոյեմբերի 15-ին: Նշենք, որ նույն օրը Սահմանադրական դատարանում քննվելու է նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայցը՝ կապված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հետ, որը ԶԼՄ-ների նկատմամբ նման դատական հայցերի հիմք դարձավ:
Լ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930