Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շաբոյանը, Ենոքյանը, ձվերը եւ շաքարավազը

Նոյեմբեր 09,2011 13:11

Պատգամավորները քննարկում են եկող  տարվա բյուջեն

Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական զարգացման հարցերի մշտական հանձնաժողովներում երեկ շարունակվեցին 2012-ի բյուջեի քննարկումները: ՏՄՊՊՀ-ի ղեկավար Ա. Շաբոյանի ներկայացրած թվերը ունկնդրելուց հետո ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Գոհար Ենոքյանը մի քանի հարցեր ուղղեց պարոն Շաբոյանին: Երկխոսություն ծավալվեց, որը հարմար գտանք ներկայացնել առանց միջամտության, թեթեւակի կրճատմամբ:
– Ինձ հետաքրքրում է, որպես քաղաքացի, որպես գնորդ, որը գնում է խանութ, մի բան է առնում, հետո դուք դրա համար տույժ եք տալիս տվյալ ներկրողին կամ վաճառողին: Բայց հետո՞, ես առել եմ, ես նեղվել եմ արդեն:
– Իհարկե, տուգանքների նշանակումը ինքնանպատակ չէ մեր հանձնաժողովի համար, մեր հիմնական նպատակը նախ եւ առաջ խախտումների վերացումն է, եւ այն բոլոր որոշումները, որ մենք կայացնում ենք, անպայման հաշվի ենք առնում խախտման փաստի վերացումը եւ հետամուտ ենք լինում, խիստ հետեւողական ենք լինում, որ անպայման խախտումները լինեն վերացված, եւ մեր կայացրած որոշումների երկրորդ կետով անպայման նշում ենք՝ հանձնարարել կարճ ժամանակահատվածում վերացնել խախտումները: Չարաշահումները, որ մենք բացահայտել ենք, մեծ մասի գծով, շատերի գծով խախտումները վերացված են: Տուգանքներն էլ ամբողջությամբ մենք գանձում ենք պետական բյուջե, պետական բյուջեն էլ սոցիալական տարբեր ծրագրերի իրականացման միջոցով վերջին հաշվով վերաբաշխում է այդ գումարները սպառողին, բնակչությանը:
– Պատասխանը ես գիտեի, որ չէի ստանա, որովհետեւ դե, հիմա ծախսել է, գնացել է, ում գտնես, թե ով է տուժել, իսկ գլխանց հնարավոր չի՞ իմանալ՝ էդ ով է այդպես բարձրացնում՝ թույլ չտալ: Ինչո՞ւ պեսոկը 230-ից դարձավ 500. այ, կոնկրետ հարց, ինչի՞ համար, ու ըտենց էլ տպվեց ու մնաց, շաքարավազը, ինչի՞ համար, ի՞նչ պատահեց, տրանզիտները վերացա՞ն, սվյոկլա՞ն վերացավ, ի՞նչ եղավ վերջապես: Մարդիկ որ առնում են, էսօրվա վիճակով ինչի՞ են տուժում, կարո՞ղ եք շաքարավազի պատմությունը մի հատ պատմել, բոլորին դա հետաքրքրում է:
– Շատ լավ, պատասխանը բաժանեմ երկու մասի. իհարկե, եթե մենք նախապես տեղեկատվություն ունենանք, որ պատրաստվում են չարաշահում իրականացնել, մենք անպայման համապատասխան միջոցառումներ իրականացնում ենք, կարող եմ մի քանի օրինակներ բերել. այս տարվա ընթացքում ձվի շուկայում հայտարարություններ էին լինում, որ ձվի արտադրության ծավալները չեն բավարարում մեր երկրում աճող պահանջարկը, քանի որ Զատկի նախօրեին… (ամբողջությամբ չենք մեջբերում, որովհետեւ այս մասին պարոն Շաբոյանը շատ հանգամանալից խոսեց-Մ. Ե.):
– Վայ, Աստված ջան, պարոն Շաբոյան, ներողություն, ես հարց տվեցի մի տեսակի մասին, դուք իմացաք, «շտրաֆ» արեցիք էդ մարդկանց, ինչո՞ւ նույն գինը մնաց եւ շարունակվեց: Էս ձվի պատմությունը արդեն էս երկու տարի է՝ լսում ենք: Հարցս շաքարավազի մասին է, տեսաք, հայտնաբերեցիք, իմացաք, ինչո՞ւ թողեցիք, իջեցնեիք:
– Շաքարավազի մասին, ես գալիս էի արդեն էդ հարցին…
– Վայ, դե կներեք, էլի, եկեք հասեք, խնդրում եմ:
– Դա Ձեր հարցի պատասխանի երկրորդ մասն է, շաքարավազի գների բարձրացումը տեղի է ունեցել ինվոյսային արժեքների բարձրացման հետեւանքով:
Կարծում ենք՝ այլեւս չարժե շարունակել, քանի որ պետական բյուջեն խորհրդարանում քննարկվում է հենց այսպես՝ «մեղրից անուշ, լավ խոսքերով»:
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930