Իշխանական դաշտի զարգացումների տրամաբանությունը՝ ըստ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի
«ԱԻՄ-ը չի կասեցնում իր գործունեությունը՝ հանուն ՀՀԿ-ի»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Քաղաքական եւ լրատվական դաշտում բավականին արագ տարածում գտած այդ հայտարարությունն, ըստ Հայրիկյանի, իր մտքերի միտումնավոր խեղաթյուրումն է: Նա պարզաբանում է, որ ինքն իրականում ասել է, որ ԱԻՄ-ը պատրաստ է համագործակցության ցանկացած կուսակցության, այդ թվում՝ նաեւ ՀՀԿ-ի հետ, եթե այնտեղ ընդունվի իրենց կողմից ներկայացված կատարյալ ժողովրդավարության մոդելը: ԱԻՄ առաջնորդը պատկերացնում է, թե ովքեր եւ ինչ նպատակով են խեղաթյուրել իր ասածը, սակայն դա մանր ու դատարկ բան է համարում, որպեսզի ինքն անդրադառնա դրանց: Իսկ ԱՄԿ-ն վերականգնել Հայրիկյանը պատրաստվում է, եւ եթե հայրենի կուսակցությունները շարունակեն զուտ քաղաքական բիզնեսով զբաղվել, ապա Հայրիկյանի նախաձեռնությամբ մենք կունենանք Ազգային միացյալ կուսակցություն քաղաքացիական շարժում: Ի դեպ, օրերս ԱԻՄ-ի ղեկավարությունը՝ Հայրիկյանի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել ՀԱԿ-ի գրասենյակում, որին ներկա են եղել ՀԱԿ-ի տարբեր կառույցների ներկայացուցիչներ: ԱԻՄ-ականներին «շատ խանդավառ ու ջերմ» դիմավորել եւ ընդունել է Լեւոն Զուրաբյանը: ԱԻՄ-ի պատվիրակները ներկայացրել են իրենց պատկերացումները կատարյալ ժողովրդավարության իրենց առաջարկած մոդելի շրջանակներում: Հայրիկյանը ողջունում է ՀԱԿ-ի ընդառաջ քայլը, թեեւ հանդիպման մասնակիցներից ոչ բոլորն են պատշաճ վերաբերմունքով հանդես եկել, իր բնորոշմամբ, ազգային առաջնորդի, այսինքն՝ իր նոր նախաձեռնության նկատմամբ: Ամեն դեպքում, այդ հանդիպման արդյունքում Հայրիկյանն իր համար ճշտել է. «Գործ ունեմ մարդկանց հետ, ովքեր հետաքրքրված են ժողովրդավարության մեր ներկայացրած պատկերացումներով: Մեր ծրագիրը մի քայլ է, որը կարող է հիմք դառնալ հետագա առաջընթացի համար, հայ մարդն իրեն այդ համակարգով երկրի տեր է զգալու»: Ու եթե ՀԱԿ-ում դա կընդունեն եւ կգնան ընդառաջ՝ Հայրիկյանը պատրաստ է համագործակցության՝ առանց որեւէ քաղաքական հավակնությունների: Ավելին, գտնում է, որ կոնգրեսականներին էլ է այդ մտքով վարակել, քանի որ վերջիններս առաջ հաճախ էին խոսում իշխանափոխության մասին, իսկ հիմա, ըստ Հայրիկյանի, ավելի հաճախ են խոսում, որ իրենց իշխանություն պետք չէ. «Բայց համոզված եմ, որ պիտի կռիվ տան իրար հետ, թե պատգամավորական ցուցակում ով որերորդը պետք է լինի: Ես հենց սկզբից ասում եմ՝ ես այդ հարցը չեմ դնում: Ինձ համար շատ փոքր բան է պատգամավոր լինելը: Բայց 51 տոկոս ես ուզում եմ ունենալ՝ իմ թիմով, որպեսզի կարողանանք մաքրել համակարգը, իսկապես բարեփոխել ազգային կյանքը»:
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի, այսպես ասած, դեպի հերթական ընտրություններ նոր լոզունգին՝ Հայրիկյանն ասաց. «Մենք երբեք խանդավառությամբ չենք ընդունել այդ բանակի հայտարարությունները, առաջարկել ենք լուրջ ու գործնական պատրաստվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ նպատակների մասին վերեւում ասացի: Ես չեմ կարծում, որ ՀԱԿ-ը փոխել է շեշտադրումը, բայց գտնում եմ, որ որեւէ պայքարողի պատիվ չի բերում, երբ հանգամանքներն են թելադրում որոշումները: Դա էլ է ձեւ, բայց այլ է, երբ դու ունես քո հստակ ուղղությունը: Այդ դեպքում դու դրության տերն ես: Երբ դառնում ես իրավիճակին ենթարկվող՝ հեռու չես նաեւ պատեհապաշտ դառնալուց»: Իսկ իշխանության դաշտում տեղի ունեցող կուլիսային զարգացումները, որպես դրանց արտաքին դրսեւորում՝ պաշտոնափոխությունները, Հայրիկյանը կարճ է բնութագրում. «Պապան ուզում է հիշեցնել բոլորին, որ պապան ինքն է: Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ նշանակելու համար ժամանակին Սերժ Սարգսյանը հակադրվեց հասարակական կարծիքին: Իր իրավունքն էր, իմ կողմից էլ ողջունելի է որեւէ մեկի նպատակասլացությունը, բայց այդպես պայքարել ԱԺ նախագահ նշանակելու համար, հետո այդպես հեշտ ու հանգիստ հանել, ուրեմն մի բան կա: Ուրեմն ասում է՝ ես եմ տերը, տղերք, այս խաղում. իմացեք՝ մի ղեկավար կա՝ ես»: Իսկ որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ոչ թե ընտրություններ են լինելու բառի եվրոպական իմաստով, այլ ընդամենը ընտրություն կոչվող միջոցառում, մեր զրուցակիցը չի կասկածում: Ավելին՝ ասում է, որ ֆինանսական եւ վարչական ռեսուրսի օգտագործման գործընթացը սկսված է՝ պետական ֆինանսների ներգրավմամբ երիտասարդական միջոցառումների կազմակերպում, որտեղ շոշափվում է նաեւ քաղաքական կուսակցության անուն: Այդ պատճառով էլ գտնում է, որ իր փափագած 51 տոկոսն ունենալու եւ պահպանելու համար այնպիսի թիմ պետք է ձեւավորի, որ առնվազն 80 տոկոս կարողանա հավաքել: «Այսօր իշխանական լծակները տալիս են 25-30 տոկոս՝ հենց այնպես, առանց լուրջ ճիգերի: Մի 5 տոկոս էլ ունի ՀՀԿ-ն: Մնացածը պետք է ձեռք բերեն Հայաստանում ընդունված գործելաոճով, մանավանդ, եթե ներիշխանական հակասություններ էլ լինեն: Դեռ անցած ընտրություններից երեւաց, որ Հայաստանում իշխանության ձգտողները՝ բոլորը ցանկանում են ունենալ 50 տոկոս ու ավելի, մինչդեռ բազմակուսակցական ընտրություններում բացառվում է, որ որեւէ կուսակցություն 35 տոկոսից ավելի ձայն ստանա: Ծիածանի յոթ գույներից որեւէ մեկը չի կարող մի քիչ ավելի շատ լինել: 50 եւ ավելի տոկոս կարող է լինել միայն մեծ դաշինքի դեպքում»,- ասում է Հայրիկյանը՝ վստահ, որ ինքը շատ բարձր արժեք է ասպարեզ իջեցնում եւ հուսով է, որ ակամայից շահեկան թվացող բոլոր երեւույթները դրա առջեւ կդառնան մարող, ինչն էլ հաղթանակի հնարավորություն կտա:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ