Սա եվրոպացի փորձագետների բանաձեւն է, այնինչ նրանց հայաստանյան գործընկերները կարծում են, որ ընտրության հարցում վճռորոշը քարոզարշավը չէ
«Ազատ լրատվամիջոցները բարեփոխումների եւ ազատ ընտրությունների գրավական են, իսկ ձեր նախագահը արդեն խոստացել է, որ ունենալու ենք ազատ եւ արդար ընտրություններ»,- երեկ «Լրատվամիջոցներն այսօր» խորագիրը կրող սեմինարում հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Օննո Սիմոնսը: Ծաղկաձորում երեկ սկսված եւ այսօր ավարտվող սեմինարի ընթացքում արծարծվեց ոչ միայն առաջիկա համապետական ընտրություններում լրատվամիջոցների անելիքների հարցը եւ ընդհանրապես՝ որեւէ ընտրությունում լրատվամիջոցների դերը, այլեւ բազմաթիվ այլ՝ ԶԼՄ-ների հետ որեւէ առնչություն չունեցող թեմաներ: Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, ներկայացնելով իրենց կազմակերպության կատարած ԶԼՄ-ների մոնիտորինգները՝ նախընտրական եւ հետընտրական շրջաններում, արձանագրեց, որ նույնիսկ ամենածայրահեղ դիրքորոշում ունեցող հեռուստաընկերություններն ու մամուլի մյուս միջոցները ընտրություններից հետո հանկարծ դառնում են խիստ հանդուրժող եւ բազմակարծություն ապահովող՝ հրավիրում են ամենաընդդիմադիրներին եւ տրամադրում ցանկացած եթերային ժամանակահատված ու թերթային տարածք: Նա նկատեց նաեւ, որ ի տարբերություն համապետական ընտրությունների՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չեն առաջացնում ոչ միայն լրատվամիջոցների, այլեւ դրանց սպառողների հետաքրքրությունը:
Ընտրական համակարգերի միջազգային հաստատության՝ IFES-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Մայքլ Գետոն իր խոսքում անդրադարձավ այս ամռանն ուժի մեջ մտած նոր «Ընտրական օրենսգրքին», եւ շեշտելով, որ այն՝ ինչպես IFES-ի, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների կարծիքով՝ բավականաչափ բարելավված է, չմոռացավ ասել, որ «օրենքը լավն է, եթե լավ է ի կատար ածվում»: Այս տեսանկյունից Հայաստանում երեւի թե որեւէ լավ օրենք չկա, որովհետեւ դրանք բոլորն էլ միայն թղթի վրա են լավը, իրագործման առումով թերի են: Պարոն Գետոյի կարծիքով՝ մեր ընտրությունների կայացման առջեւ կանգնած մարտահրավերներից մեկը ընտրացուցակներն են, քանի որ հազարավոր են գրանցված ընտրական իրավունք ունեցող, սակայն փաստացի Հայաստանում չբնակվող քաղաքացիները: Սակայն այս հարցի վերջնական լուծման որեւէ մեխանիզմ դեռ չի գտնվել: Պարոն Գետոն բարելավված էր համարում նաեւ նոր ձեւավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի անդամներից մեկը՝ Տաթեւ Օհանյանը, ներկայացրեց ԸՕ-ի որոշ փոփոխություններ: Այսպես, եթե նախկինում հեռուստատեսությունները ընտրարշավի ժամանակ քաղաքական գովազդի համար չհիմնավորված բարձր գին էին սահմանում՝ դրանով իսկ ստեղծելով անհավասար պայմաններ, ապա այժմ նոր ԸՕ-ն սահմանում է, որ մեկ րոպեի գինը չպետք է գերազանցի տվյալ հեռուստաընկերության վեց ամսվա կտրվածքով առեւտրային գովազդի միջին գինը:
Այս նորամուծության դեմ ընդվզեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Գեղամ Մանուկյանը, նկատելով, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունները՝ ՀԱԿ-ից մինչեւ ՀՀԿ, ծախսում են ահռելի գումարներ՝ շատ ավելին, քան սահմանված է օրենքով, եւ այդ գումարները որեւէ տեղ չեն ներկայացնում, սակայն բողոքում են հեռուստագովազդների գներից. «Ընտրությունների ժամանակ գովազդի պահանջարկը մեծանում է, եւ բնական է, որ ընտրարշավի ժամանակ մենք ավելի ենք բարձրացնում գինը»:
Այս կապակցությամբ «Ռեգիոն» կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը նկատեց, որ Հայաստանում, ի տարբերություն զարգացած եվրոպական երկրների, քարոզարշավները մեծ ազդեցություն չեն թողնում ընտրությունների վրա, շատ ավելի որոշիչ է ընտրակաշառքը կամ պարզապես մարդկանց նախատրամադրվածությունը՝ նրանք կամ իշխանամետ են, կամ բողոքավոր, եւ անկախ նրանից, թե ինչ քարոզարշավ կլինի՝ նրանց համոզմունքը չի փոխվի:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ