Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոսելու վրա է

Նոյեմբեր 09,2011 12:54

Նախորդ գիշեր մեր տանը լույս չկար: Ինչպես որ դա սովորաբար լինում է, ցանկացած թեթեւ քամուց, անձրեւից կամ կայծակից էլեկտրականությունն անջատվում է: Տվյալ դեպքում դա տեւեց ոչ պակաս, քան 12 ժամ՝ երեկոյան 22.00-ից մինչեւ հաջորդ առավոտ: Բնականաբար, առանց էլեկտրականության չի աշխատում նաեւ ջեռուցումը: Ես այդ ամենը գրում եմ, բայց եթե էլցանցը որոշի «պատասխանել հրապարակմանը», ապա երկարաշունչ եւ սրտաճմլիկ նամակ կուղարկի, թե ինչպես էին իր աշխատակիցները ամբողջ գիշեր տառապում եւ մաքառում, եւ հենց նրանց անձնազոհ աշխատանքի շնորհիվ է, որ վթարը տեւել է ոչ թե 24, այլ ընդամենը 12 ժամ: Չգիտեմ՝ գուցեեւ տառապել են՝ մոմ չեմ պահել: Բայց ինձ դա, ի վերջո, չի հետաքրքրում, որովհետեւ ես վճարում եմ ոչ փոքր գումարներ՝ շուրջօրյա էլեկտրականություն ունենալու համար: Եթե ես չվճարեմ ամսվա որոշակի օրը, իմ էլեկտրաէներգիան կանջատեն, բայց եթե ՀԷՑ-ը օրվա կեսը ինձ լույս չտա, նա միշտ արդարացման տեղ ունի՝ վթարներ, հնացած լարեր, ինչպես նաեւ մաքառումներ ու տառապանքներ: Այսինքն՝ չկա մեխանիզմ, որով ծառայություն մատուցողը նույնքան պատասխանատու լինի սպառողի առաջ, որքան սպառողը նրա առջեւ: Իսկ դա, կոպիտ ասած, «լազվացնում» է ծառայություն մատուցողներին այն աստիճանի, որ նրանք, մեղմ ասած, թքած ունեն մեր բողոքների վրա:
Մեզանում չկա այն մշակույթը, համաձայն որի՝ ցանկացած արհեստավոր՝ լինի նա «գաջ քաշող», թե ծրագրավորող, պատասխան տա անորակ գործի կամ աշխատանքը ուշացնելու համար: Նրանք կարող են ոչ միայն իրենց գործը ձգձգել շաբաթներով եւ ամիսներով, այլեւ «մուննաթով» արձագանքել ձեր ցանկացած դիտողությանը՝ իբր, դու ինչ ես հասկանում իմ գործից, որ խոսում ես՝ իմ աշխատանքը չկատարելու համար ես ունեմ բազում տեխնիկական արդարացումներ: Խնդիրը, հավանաբար, այն է, որ այդ մասնագետները քիչ են, իսկ աշխատանքի ծավալը՝ շատ, եւ նրանք չեն վախենում փողոցում հայտնվելուց, եթե դու հրաժարվես նրանց ծառայություններից: Հենց այդ պատճառով էլ հիշյալ «վարպետներն» իրենց իրավունք են վերապահում օրերով չգալ աշխատանքի եւ գնալ հորեղբոր որդու կնունքին եւ հորաքրոջ տատու թաղմանը, ինչպես նաեւ միաժամանակ վերցնել մի քանի աշխատանք: Արդյունքում դու ստիպված ես նրանց հետ խոսել «խաթրով», խնդրելով, ինչն անձամբ ինձ մոտ չի ստացվում՝ չէ՞ որ ես նրանց փող եմ վճարում:
Ես երազում եմ այն ժամանակվա մասին, երբ բոլոր աշխատանքային հարաբերությունները կարգավորվելու են գրավոր պայմանագրով, եւ որեւէ կողմի՝ այդ պայմանագրից թեկուզ մեկ միլիմետրով շեղվելը կհանգեցնի նյութական պատժամիջոցների՝ անկախ քամիներից, ցունամիներից եւ «անսպասելիորեն» ծագող տեխնիկական խնդիրներից: Նույնը, իհարկե, պիտի լինի պետության մասշտաբներում: Այս դեպքում մեր գլխավոր «պայմանագիրը» Սահմանադրությունն է: Կառավարությունը, որն այսօր 100 դոլարից պակաս նվազագույն աշխատավարձ է տալիս, չպիտի արդարանա ոչ մի տնտեսական ճգնաժամով:
Թե չէ՝ ստացվում է, որ այստեղ էլ է ամեն ինչ «խոսելու վրա»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930