2005 թվականին Նոյեմբերյանի բարեկամ հունական Վիրոնա քաղաքի 10 հազար դոլար նվիրատվությամբ Նոյեմբերյանի Զորավար Անդրանիկի փողոցում 1000 քմ աֆալտապատում արվեց: Քաղաքի խմելու ջրագծի մաշված ներքին ցանցի եւ նոյեմբերյանցի զոհված ոստիկանների հուշաղբյուրից ջրի արտահոսքի պատճառով ասֆալտի այդ շերտը վնասվում է: Անցյալ տարի Նոյեմբերյանի քաղաքապետարանը համայնքի բյուջեի շուրջ 4 միլիոն դրամով Կամոյի փողոցում ասֆալտապատում կատարեց : «Հայջրմուղկոյուղու» Նոյեմբերյանի ենթատեղամասը Կամոյի փողոցի ասֆալտապատ ճանապարհի մի մասը քանդել է, որպեսզի վերացնի ջրմուղ-կոյուղու ներքին ցանցում առաջացած վթարը: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ դիմել է «Հայջրմուղկոյուղու» Նոյեմբերյանի ենթատեղամասի տնօրեն Գառնիկ Մամյանին, որպեսզի նրանք իրենց աշխատանքի ընթացքում ասֆալտի շերտը չվնասեն: Ներկայումս սահմանամերձ քաղաքի փողոցները մեծամասամբ վատթար վիճակում են, փոսառատ: Բացի քաղաքի կենտրոնով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից, Նոյեմբերյանում ընդամենը 2 փոքր հատված է ասֆալտապատ, այն էլ ջրի արտահոսքից աստիճանաբար քանդվում է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև