Ինչ վերաբերում է Քոչարյանի թեկնածությանը, նրան խոչընդոտում են մի շարք խանգարիչ հանգամանքներ, որոնցից ամենափոքրը թերեւս այն խոսակցություններն են, որ իր նախագահության տարիներին որդիներից մեկը 6 միլիարդ դոլարի անձնական հարստություն է կուտակել: Եթե նույնիսկ 90 տոկոսով այդ թիվը չափազանցված լինի, դարձյալ մեծ գումար է Հայաստանի նման փոքր երկրի համար:
Պրն Քոչարյանը կարող է գուցե վստահ լինել, որ արմատական փոփոխություններով կբարելավի ժողովրդի կացությունը, բայց քվեարկողներն էլ կարող են հարց առաջ քաշել, թե ինչո՞ւ նա այդ կախարդական հնարավորությունը չօգտագործեց իր պաշտոնավարության 10 տարիների ընթացքում: Կան նաեւ այն ծանր ամպերը, որոնք կուտակված են նրա գլխավերեւում հոկտեմբերի 27-ի խորհրդարանական սպանդի եւ մարտի 1-ի դեպքերի տեսքով: Վերջինը խանգարիչ մի հանգամանք էր, որ նա ժառանգ թողեց այդ ժամանակ ընտրված նախագահ Սերժ Սարգսյանին:
Քոչարյանական վերադարձի ամենամեծ խոչընդոտը, անշուշտ, ներկայիս իշխող նախագահն է, որն իր դիրքերը զիջելու ցանկություն կարծես թե չունի:
Երվանդ ԱԶԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
«Ազգ»