Լրահոս
Օրվա լրահոսը

20-րդ առաջնությունն ավարտվեց

Նոյեմբեր 09,2011 00:44

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հոբելյանական՝ 20-րդ առաջնությունը հատեց եզրագիծն ու պաշտոնապես ձեւակերպեց 2011-ի հաղթողների ու անհաջողակների անունները:
Անգամ հայկական ֆուտբոլից հեռու գտնվողներին էլ պարզ է, որ տարվա գլխավոր հաջողակը Երեւանի «Ուլիսն» է: Այս թիմն իր գոյության հինգերորդ տարում արեց այն, ինչը վերջին տասը տարիներին չէր հաջողվել որեւէ այլ թիմի: Սեւադա Արզումանյանի «Ուլիսն» առաջ անցավ «Փյունիկից» ու նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: «Փյունիկի» 10-ամյա հեգեմոնիան ընդհատվեց: Սակայն, անգամ այդ համատեքստում, Վարդան Մինասյանի թիմը մրցաշրջանի անհաջողակների թվին դասել չի կարելի: Ինքներդ դատեք՝ մրցաշրջանի ամենասկզբում ակումբից հեռացավ նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը: Ավելի ուշ թիմը լքեցին նաեւ մյուս երկու առաջատարները՝ Գեւորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելին, աշնանն էլ՝ Էդգար Մանուչարյանը… «Փյունիկում» մնացին պատանի, շատ դեպքերում՝ անփորձ ֆուտբոլիստները, որոնց մինչեւ հանդիպումներն առաջնորդում էր Վարդան Մինասյանը, իսկ արդեն խաղադաշտում՝ փորձառու Սարգիս Հովսեփյանը… Ու այսքանից հետո էլ պատանի ու անփորձ «Փյունիկը» մրցաշարային աղյուսակում երկրորդն է, ինչը խոսում է թիմի ներսում հստակ աշխատող կապերով համակարգի գոյության, ինչպես նաեւ՝ մյուս ակումբների անմրցունակ լինելու մասին: Հենց դա էլ հայկական ակումբային ֆուտբոլի ողբերգությունն է:
Թերեւս այսքանը կարելի է ասել հաջողակների ու հաղթանակների մասին: Եվս երկու թիմի էլ մրցաշրջանի արդյունքում հանգիստ սրտով կարող ենք դասել գլխավոր անհաջողակների թվում: Եթե մեխանիկական հաշվարկների վրա հիմնենք մեր դասակարգումը, ապա այդ թիմերին պիտի փնտրենք մրցաշարային աղյուսակի հատակում: Սակայն ֆուտբոլը պարզ ու մեխանիկական հաշվարկներից վեր է:
Շատերին, գուցե, տարօրինակ թվա, սակայն մրցաշրջանի գլխավոր անհաջողակ կարելի է համարել Կապանի «Գանձասարին»: Աբրահամ Խաշմանյանի սաները պայքարի շատ լուրջ հայտ ներկայացրին մրցաշրջանի սկզբում, անգամ ամառային չեմպիոն հռչակվեցին ու էական միավորային առավելություն ունեին մոտակա մրցակիցների նկատմամբ: Սակայն դադարը կապանցիների օգտին չէր: «Գանձասարն» ամբողջությամբ տապալեց առաջնության երրորդ շրջանը, չորրորդ շրջանում էլ փորձում էր ետ բերել կորցրածը: Արդյունքում՝ թիմն իրեն հետապնդող «Փյունիկի» հետ հավասար միավորներ վաստակեց, բայց լրացուցիչ չափանիշներով երրորդը ճանաչվեց. մինչդեռ բոլոր հնարավորություններն ուներ ավելի բարձր հորիզոնականները չկորցնելու: Իհարկե, առաջնության ավարտից հետո Խաշմանյանը հիշեցրեց, որ մրցաշրջանից առաջ էլ նշել է, որ «Գանձասարը» չեմպիոն դառնալու ներուժ չունի, ու որ երրորդ հորիզոնականն էլ իր համար չեմպիոնություն է: Սակայն դրանք, թերեւս, միայն խոսքեր են, մանավանդ որ՝ այսօրվա հայկական ֆուտբոլում ոչ մի ակումբ իրական չեմպիոնական ներուժ չունի…
Երկրորդ անհաջողակը «Շիրակն» է: Ճիշտ է, գյումրեցիները միայն ՀՖՖ նախագահի ու գործկոմի որոշմամբ է, որ իրավունք ստացան առաջին խմբի փոխարեն ելույթ ունենալ ուժեղագույնների շարքում, սակայն տարեսկզբին ակումբի ղեկավարության ձեւակերպած նպատակները, ակնկալիքներն ու ներդրումները այդպես էլ համապատասխան արդյունքը չտվեցին: Իհարկե, կարելի է մոռանալ «Շիրակի» 7-րդ հորիզոնականի մասին ու հիշել, որ թիմը, այնուամենայնիվ, Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղի մասնակից էր: Սակայն դա էլ սփոփանք չէ, քանի որ այդ մենամարտն էլ տանուլ տրվեց:
Առաջնությանը մասնակից մյուս չորս թիմերի դեպքում ամեն ինչ ճիշտ այնպես էր, ինչպես ակնկալվում էր. միջակ ու անդեմ «Իմպուլս», խոսքերում ամբիցիոզ, բայց անատամ «Միկա» ու «Բանանց», եւ վերջապես՝ չձեւակերպված նպատակներով ու ակնկալիքներով «Արարատ»… Այս քառյակից էլ, մեծ ցանկության դեպքում, կարող ենք առանձնացնել նախորդ առաջնության փոխչեմպիոն «Բանանցին», որն առաջնության երկու՝ կատարելապես տարբեր կեսեր անցկացրեց… Բայց դա էապես ոչինչ չի փոխի ոչ «Բանանցի», ոչ էլ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 20-րդ առաջնության համար, որն արդեն պատմություն է… Իսկ պատմությունից, լավագույն դեպքում, դասեր են քաղում…

ԳԱՅԱՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930