Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սխալ վարկածներ

Նոյեմբեր 09,2011 00:40

«Ռեժիմը խուճապի մեջ է: Զգալով համաժողովրդական շարժման անբեկանելի ուժը՝ վարչախումբն իր վերջին ճիգերն է գործադրում ոչ լեգիտիմ իշխանությունը պահպանելու համար՝ փոխատեղելով իր թիմի անդամներին»: Այդպիսի մեկնաբանություն ես կտայի, եթե լինեի ընդդիմության կողմնակից: «Անկասելի տնտեսական աճի եւ լայնամասշտաբ համակարգային բարեփոխումների պայմաններում իշխանության առաջ ծառանում են նոր խնդիրներ եւ մարտահրավերներ, եւ այդ պայմաններում ընտրվում է կառավարման առավել արդյունավետ մոդելը»: Կադրային փոփոխությունների թերեւս այդպիսի գնահատական կտար իշխանության՝ որոշակի կրթական ցենզ ունեցող կողմնակիցը:
Երկու բացատրություններն էլ, բնականաբար, կեղծ են իրենց «նպատակաուղղվածությամբ», բայց պարունակում են ռացիոնալ հատիկ: Իրականությունն այն է, որ թե իշխանական եւ թե ընդդիմադիր քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների: Ընդ որում, վերջին՝ ԱԺ նախագահի հրաժարականի պարագայում դրա մասին ասվեց բաց տեքստով: Եթե պաշտոնական բացատրությունը հենց դա է, արժե՞ արդյոք նույն եզրակացության գալ խորը եւ քրտնաջան վերլուծությունների շնորհիվ: Քանի որ իշխանությունների համար ընտրություններին մասնակցելու գլխավոր ռեսուրսը վարչական լծակներն են, պարզ է, որ հենց Հովիկ Աբրահամյանը պետք է համախմբի եւ կազմակերպի այդ ռեսուրսը: Մյուս կողմից՝ երկրի աստիճանակարգում երկրորդ դեմքի ու կուսակցության շտաբի պետի համատեղումը լավ չէր դիտվի, եւ եթե ԱԺ նախագահը հրաժարական չտար, շատ բնական կլինեին դժգոհությունները տվյալ համատեղման կապակցությամբ: Հետեւաբար, այո, այդ կադրային փոխատեղումներն արվում են իշխանությունը պահպանելու համար, եւ, մյուս կողմից, այո՝ նոր խնդիրներն առաջ են բերում նոր անձանց: Այդ առումով ԱԺ նախագահի պաշտոնում ես, իհարկե, կցանկանայի տեսնել Դավիթ Հարությունյանին, բայց խորհրդարանական մեծամասնությունը, ըստ երեւույթին, գուցե թե իր թեկնածուն ունի՝ իրեն ավելի համապատասխան:
Եվս երկու վարկածների մասին, որոնք չեն ենթարկվում տրամաբանական քննության: Իբր կադրային փոփոխություններով կանխվում է Ռոբերտ Քոչարյանի դավադրությունը: Դա անհիմն վարկած է ոչ թե այն պատճառով, որ երկրորդ նախագահն ընդունակ չէ դավադրության. ոչ միայն ընդունակ է, այլեւ դա միակ ճանապարհն է, որով նա եկել էր եւ, զուտ տեսականորեն, կարող է գալ իշխանության: Պարզապես անտրամաբանական է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանը կարող է նման դավադրության մասնակիցը լինել. կասկածելի կամ ոչ լոյալ մարդու չեն նշանակում իշխող կուսակցության նախընտրական շտաբի պետ: Երկրորդ վարկածն այն է, որ ներկայիս ոստիկանապետը ավելի կարծր միջոցներ կկիրառի ժողովրդական հնարավոր ըմբոստության դեպքում, քան իր նախորդը: Բայց ընդդիմության դեմ բռնություններն ամենեւին պայմանավորված չեն ոստիկանապետի անձով: Հայկ Հարությունյանն էլ, օրինակ, երբեք նման քայլի չէր դիմի, եթե չունենար իր վերադասի հրամանը: Ոստիկանության դեպքում, հետեւաբար, ամեն ինչ կախված է հրաման տվողից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930